Ամսագիր.am
Image default
Արժե ճանաչել

«Ես պատ եմ ճեղքել…» Գայանե Առաքելյան

Հարցազրույց հեռուստատեսության բազմափորձ ռեժիսորի հետ

Իմ ընտանիքն ու ես

Հոգով և իմ ամբողջ գիտակից կյանքով, իմ ծնողներից ստացած ժառանգությամբ ընդունում եմ պարկեշտությունն, ազնվությունը, մաքրությունն, իսկական, անեղծ, վեհ զգացմունքներն ու արվեստով ապրելը:

Ծնվել եմ մեծ սիրով  կազմված ընտանիքում. երիտասարդները  ծանոթացել են նորաստեղծ Թատերական ինստիտուտում` ետպատերազմյան շրջանում: Երկուսն էլ գեղեցիկ էին, հայրենասեր, խելացի, կիրթ, ճաշակով, ընկերասեր, բարի, մեծին հարգող և զգացմունքային, ինձ ու քրոջս համար հիանալի ծնողներ էին…

Անչափ  մեծ ու պատվարժան գերդաստանից է մայրս`Ղարաբաղի Շուշիում ուսանած Մեծ մամայով և ռուսահպատակ Մեծ պապայով, իսկ արմատները մի քանի դար վաղեմություն ունեն, շարավիղներն աշխարհով մեկ են, վայելուչ, մասնագիտություն ունեցող. ընտանիք, հայրենիք փայփայող են, կամեցող…

Մայրս հանդուգն քայլ էր արել. որպես առաջին արտասահմանցի ուսանող`  «Ծիծեռնակներ»  կոչված տասնմեկ երիտասարդների հետ /9 տղա և 2 աղջիկ/ 1946 թ. Իրանից եկել էր Հայաստան` ուսանելու : Պիտի վերադառնային, բայց ոչ մեկը չլքեց այլևս  հայրենիքը: Բոլորը յուրահատուկ անձնավորություններ էին,փայլուն մասնագետներ…«Ծիծեռնակներից»  ողջ է  միայն մեկը` Երվանդ Մանարյանը… Չկան արձակագիր Աբիգ Ավագյանը, նրա կինը, ՀՀ ժող.արտիստ  Հովհաննես Բադալյանը, ֆիզիոլոգ Ալբերտ Հայրապետյանը, վիրաբույժ Մանուկ Բարսեղյանը, այլոք…նրբանկատ, հայոց լեզվի ու գրականության փայլուն մասնագետ, սերունդներ դաստիարակած մայրս`Լիզա Հովհաննիսյանը…

Մայրս սովորել է և Թատերական ինստիտուտում և Համալսարանի Արևելյան ֆակուլտետում, բայց  նրան մատնել են և նա `գերադասելով լեզուները`/հինգ լեզու գիտեր/ թատերականից  տարել է  իր սերը, ողջ կյանքի երջանկությունը…

Երևանում մշտական բնակություն են հաստատել և  նրա ծնողները` տատիկս, պապիկս և մորաքույրս` Դոնարա Հովհաննիսյանն` ավելի ուշ ներգաղթելով Թեհրանից:

Իսկ հայրիկիս գերդաստանը ծագումով Ալաշկերտից է `մեծ գերդաստան,որը  դեռ 19 դարի սկզբում բնակություն է հաստատել Սևանի շրջակայքում`

Հայաստանի Մարտունի  շրջանում` Զոլաքար գյուղում:

15 տարեկանում`գերազանցությամբ ավարտելով դպրոցն, ոտքով, մենակ եկել է քաղաք և դիմել մի քանի տեղ սովորելու ցանկությամբ. օրենք կար, ամեն տեղ ընդունվել է: Սակայն երբ 1944 թվին բացվել է Թատերական ինստիտուտը, նա տեղափոխվել է   դերասանական բաժին, ապա` թատերագիտական;      Գերազանցությամբ ավարտել է այն`դառնալով առաջին թատերագիտականի շրջանավարտ:

10 տարի եղել է Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայի գլխավոր խմբագիր, ապա  հրաժարվելով պաշտոնից,  փորձել է իրեն վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայում: Հաջողել է. Արվեստի Վաստակավոր Գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, ժուռնալիստ Սուրեն Առաքելյանը, որը հիսուն տարի ստեղծագործեց հայ կինոյում, հայրենական մամուլում ` հիսուն տարիների ընթացքում ստեղծեց 100-ից ավելի  ֆիլմեր, գրեց բազմաթիվ սցենարներ, բազում հոդվածներ, սերունդներին   թողնելով Հայաստանի պատմությունը, մշակույթը, գիտությունը, տնտեսությունը ,մարդկանց պատկերող փաստավավերագրական ժապավեններ : Անգնահատելի պատումներ…

 

Իմ մասնագիտությունը

Երազում էի սովորել ՎԳԻԿ-ում,դառնալ կինոռեժիսոր…Ուղղորդում էին գրական ֆակուլտետ: Ընտանիքիս ու շրջապատի կարծիքներին հակառակ հանդգնեցի 10 օր անց դպրոցն ավարտելուց հետո քննություն հանձնել Թատերական ինստիտուտում: Գրավոր էքսպլիկացիան եղավ միակն ու ճակատագրականը` նշանակված 2 -ը և ողբերգական և պայթյունավտանգ:    Գրել էի ինքնուրույն,առաջին անգամ կյանքում ու լիարժեք բայց ես 6 հնարավոր ընդունվողների  ցուցակից չէի: Ստիպված էին 1 տարի ազատ ունկնդրի կարգավիճակով ինձ տանջել: Հետո ընդունվեցի, ինձ տեղափոխեցին 2-րդ կուրս և ես տարի չկորցրեցի:Այդ պայքարում մենակ էի, հուսահատ, բայց ճեղքեցի այն պատն, որ կոչվում էր նախախնամություն և …ոչ ազնիվ ընդունելության համակարգ: Հետագայում իմ այդ սկզբունքն ամրագրել են և իմ նախապատրաստած սաներն, որոնց համար ինձ հետ հանդիպումը  շանս է դարձել ողջ կյանքի ու արվեստին ծառայելու ճանապարհին: Նրանք արարում են, Մայր Թատրոնի դերասանական խմբում է նրանցից մեկն, որը մյուսների նման չէր հանդգնի մտածել Թատերականի մասին, եթե նորին գերազանցություն պատահականությունը մեր  հանդիպումը չկայացներ…

Այդպես միայն ես եմ ընդունվել, դիմացել եմ հանուն մասնագետ դառնալու նպատակի, հոգեբանական բոլոր դժվարություններին պատասխանել եմ ինքս ինձ վրա աշխատելով, հետագայում`գործընկերների տվայտանքներն արհամարհելով  ստեղծագործական հետաքրքրությամբ-երբեք ոչ ինտրիգով:      Այդ տարիների արցունքները փարատվեցին անվերապահորեն սիրով հանդեպ ընտրած մասնագիտությունը` արվեստի բերկրանքով: Իսկ կողմնորոշվեցի «Երկնային որոտ» ֆրանսիական ֆիլմի մի դրվագով- մանկական սայլակը ճախրում էր  օդում… այն պարզապես կապված էր սլացող մեքենայի տանիքին: Անսպասելի հնարք էր: Ենթագիտակցորեն ցնցվեցի և կայացրի իմ կյանքի ամենակարևոր  որոշեցումներից մեկը` դառնալ ռեժիսոր, զբաղվել միմիայն ռեժիսուրայով:

Կրեատիվ բառի իմաստն այսօր լուրջ շրջանառությամբ է, հիմա եմ ամփոփում, որ մշտապես էությամբ և ստեղծագործապես ապրել ու գործել եմ կրեատիվ, անսպասելի ու անօրինակ ուղիներով եմ արարել:

Գուցե այդ է պատճառը, որ չեմ ձգտել ճանաչման համընդհանուր ընդունված եղանակներով, քանզի վեր եմ դասել ազատությունը ստեղծագործելիս, միաժամանակ խորամուխ լինելով  ռեժիսուրայի հետ առնչվող բոլոր մասնագիտություններում համահավասար` սցենարիստ, բեմականացնող, խմբագիր, թարգմանիչ, պրոդյուսեր, օպերատոր, մեկնաբան-հաղորդավար, ռեժիսոր-դասախոս: Գործունյա ու պրակտիկորեն եմ կառուցում գործընթացը, միշտ ավարտին հասցնելով մտահղացումները, ուժերի անխնա սպառմամբ;   Նախ բեմականացնելով, բեմադրելով ինստիտուտում.

«Դորոտի Պարկեր», «Երջանիկ արձակուրդ»  Էռնեստ Հեմինգուեյ «Ուղորդող շունը»  Ալեքսանդր Պուշկին «Մոցարտ և Սալյերի»  Լուիջի Պիրանդելլո «Վեց գործող անձ իրենց հեղինակին որոնելիս»   նկարահանելով `պետական կինոստուդիայում`«Սունդուկյանի դրամատուրգիան» 2 մասանոց կինոֆիլմն, որն աննախադեպ էր ինստիտուտի պատմության մեջ:

Արդյունքում`ազնվորեն վաստակած դիպլոմ` գերազանցությամբ և հրավեր ինստիտուտում աշխատելու: Ռուբեն Հախվերդյանը` համակուրսեցիս ինձ տեղավորեց  Հեռուստատեսության մանկապատանեկան Գլխավոր խմբագրությունում`ընդունեցին երկրորդ կարգի ասիստենտ և հետո ամեն իմ կրեատիվից հետո անընդհատ այդ սխալն էին ուղղում…Ուղղեցին, ուղղեցին մինչև Մոսկվան ինձ չշնորհեց  «Բարձրագույն կարգի ռեժիսոր» կարգը:

7 տարի անց միայն Հայկական Հեռուստատեսության հիմնադիրներ`մեծարգո Մարատ Մարինոսյանի , Կիմ  Արզումանյանի հրավերով սկսեցի դասավանդել Թատերական ինստիտուտում`«Հեռուստատեսության, կինոյի, ռադիոյի թեորիայի, դերասանի վարպետության և ռեժիսուրայի հիմունքներ» առարկան բոլոր 3-4 դերասանական և 3-4-5 ռեժիսորական կուրսերում շուրջ 15-20 տարի, ապա և դերասանի վարպետություն «Երաժշտական թատրոնի դերասան» կուրսերում, իսկ ռեժիսուրա «Հեռուստառեժիսուրա» կուրսում;   Հեռուստատեսության, կինոյի, թատրոնի և իմ ստեղծագործական որոնողական հաջողությունների շնորհիվ…

 

Հեռուստատեսություն

Հեռուստատեսություն մտա ասիստենտի կարգավիճակով, բայց առաջին փորձս էր հոգեբանական ֆիլմ իմ սցենարով «Երբ քննություններ են», ապա իմ սցենարով մանկական խաղարկային մի ֆիլմ, որ նկարահանեցի ինքնագլուխ ու ներկայացրեցի ` երեխաների մի խմբի կողմից ամենուր փնտրվող կորած շնիկի մասին: Զարմացած դիտեցին ու պլանավորեցին ցուցադրման:

Ասիստենտի շտատը խոչընդոտ չէր անհատական գործերի համար, ոչ պրակտիկորեն, ոչ հոգեբանորեն`միտք, մղում, անմնացորդ արարում, փորձի ձեռքբերում, հեռուստաառանձնահատկությունների տիրապետում և …..:

Գուցե Խորհրդային իշխանության տարիներին դժվար էր ձշմարիտ մտքի  արարումը, բայց ես հետաքրքիր թեմաներ եմ  միշտ գտել ու եզրեր եմ գտել

Իրագործելու, մատուցելու: Շնիկի որոնումը սկիզբն էր, առ այսօր ես իմ մտահղացումների գերին եմ, ամեն գործ անում եմ, կարծես առաջին անգամ…

Ստեղծել եմ  բազմաթիվ հաղորդաշարեր, որոնք առ այսօր եզակի գործեր են. «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», «Այս զարմանալի,այս հրաշալի տիկնիկները», « Հայ դպրության ժամ»,  «Ի սկզբանե էր բանն», « Գրական մրցույթ- վիկտորինա», Վահե Խաչատրյանի երաժշտությամբ առաջին հեքիաթ-մյուզիքլը մեկ դերասանական կուրսի ուժերով, առաջին «Աստերոիդ» մանկապատանեկան երաժշտական հեռուստամրցույթն,

առաջին հեքիաթ-սերիալը` « Հնարամիտ զինվորի արկածները», չեմ վախեցել իմ  ուսանողներին  առաջին եթերի փորձերով օգնել` Վահրամ Սահակյան, Արթուր Բախտամյան, Տիգրան Ներսիսյան… և այլոք:

Լիարժեք բեմադրություններ էինք  Գրական պանդոկ «Հրեղեն ձի» հաղորդաշարի շրջանակներում`Դանիել Դեֆո, Մարկ Տվեն, Լյուիս Քեռոլ, Ալեքսանդր Դյումա, Միգել Սերվանտես, Քաջ Նազարի թեմայով ժողովրդական հեքիաթ «Թամբալը » «Ուստինովի», «Բյուրեղապակյա սիրտը»: Նոր տարվա լիարժեք շոուներ  «Ուր են տանում ճամփաները», «Սիֆեժ-Մանկական կինոյի պրոբլեմները աշխարհում» «Մուլտիպլիկացիան և ժամանակը», համերգային ծրագրեր «Ծիծեռնակ», «Մարդու ժամանակը»: Տարբեր մատուցմամբ հեքիաթներ` 200-300 ծրագիր, շուրջ 400 թողարկում -«Իմ  էկրանը» հաղորդաշարի ` մանկապատանեկան և երիտասարդական «Աստերոիդ» հեռուստաստուդիա…Այս բոլորը որպես բեմադրող-ռեժիսոր, սցենարիստ, համահեղինակ, ժուռնալիստ /Ժուռնալիստների Միության անդամ եմ`տպագրվում եմ մամուլում/ և  պրոդյուսեր:

Ես երջանիկ  եմ,  որ հնարավորութուն եմ ունեցել ստեղծագործել տարբեր ժանրերում, որեէ մեկում չսահմանափակվելով երբեք: Բայց իմ հոգին ձգտել է արտահայտության գեղարվեստական հեռուստատեսության դժվարին ոլորտում, որի մասնագետները, ցավոք, սակավ են, քանի որ բարդ են նրա  չափանիշները: Հպարտ եմ, որ դժվար խնդիրը դրել ու ինչու չէ լուծել եմ…մատուցելով  իմ արվեստը սերնդե սերունդ` հանուն մեր ազգի գեղագիտական և ինտելեկտուալ դաստիարակության ու նոր օրվա

Միանշանակ. կարելի էր հեշտ  աշխատել ու հանգիստ ապրել, միօրինակությունը նույնպես ընդունելի է ու կլանող հեռուստաոլորտում, բայց ինձ համար չէ այդ սահմանափակումը:

Հպարտ եմ, որ դիմադրել եմ այդպես աշխատելով, ինչպես կարողացել եմ երբեք չլողալով անհայտության մեջ զանգվածաբար:

Գործընթացն ավարտված չէ: Ես  մասնագիտության մեջ եմ, այն դեռ ստիպում է սովորել, կատարելագործվել, զգոն ապրել , որ կարողանալ մնալ ռեժիսուրայում ու ստեղծագործել: Ինչ կա սրանից առավել մասնագիտությանը սիրահարված, նվիրվածի համար: Եվ կյանքի ռիթմի զարկերակը զգում եմ իմ մեջ:

 

Այսօր

Հեռուստաաշխարհում  փոփոխության գործընթացը անընդմեջ է:

Այսօր գերիշխում է անիմացիան, համակարգչային գրաֆիկան:

Երբ էկրանին երևացին հեռուստատեսային գրաֆիկայի առաջին փորձերը, զգացի նոր դարաշրջանի ծնունդն եթերում- գնացի Մոսկվա և բարձրագույն կուրսեր ավարտեցի, բայց երաժշտական ու գեղարվեստական ծրագրերի, ֆիլմերի գծով:  Սակայն  հեռուստաարվեստը  համակարգչային գրաֆիկայով հարուստ հեռուստատեսությունը չէ: Ոչ էլ իբրև թե շոուներով, կամ սերիալներով ու երկար-բարակ  ժամ լրացնող հյուրերով սեթևեթող ժամավաճառությունը :

Մոռացել են նրա ազդեցիկ դերի  մասին: Այն նվիրել են ընտրաշավներին: Մրցակցությունը  մեծացել է, սակայն սեփական էկրանային մթնոլորտ ու մտածողության ձգտում դրսևորելու փոխարեն ուրախանում են, որ նմանակում են միմյանց: Իսկ որ նմանակումն է, որևէ արվեստի տեսակում, որպես արվեստի գործ` համազոր չափանիշով գնահատվել…

 

Ընդմիշտ

Առանց սիրո ինչպե՞ս ապրել, ստեղծագործել, կրեատիվ մոտենալ նոր

ու հին թեմաներին, պահպանել արվեստագետի նկարագիրը:

Սիրել հոգեհարազատին, միակ կեսին…Ապրել  մասնագիտության ներշնչմամբ ,որն առանց սիրո ու անմնացորդ նվիրումի իր շնորհակալությունն երբեք չի  հայտնում

Հարատև սիրով…Ես եմ շնորհակալ  իմ ընտրած մասնագիտությանն. Այն ինձ բարձր է գնահատում… պրոֆեսսիոնալ վարպետության ու համապատասխան կենսակերպի համար: Կապույտ  էկրանի պատմությունը վկա… որտեղ սևով-սպիտակի վրա կնքված է` Հայկական հեռուստապատմության  4 բեմադրող  ռեժիսոր-կանանցից մեկը որպես … Ես և իմ մասնագիտությունը… Մենք միասին ենք պատ ճեղքել …

 

loading...

Կարդացեք նաև

Ջուջոյի ելույթը «Հայաստանի Ձայնը» նախագծում

admin

Ռոբերտ Էլիբեկյան`«Ամենակարևորը մարդկային հարաբերություններն են»

admin

«Նրանց արտահայտություններն ինձ դարձրին «ԱԼՄ -ի Տերյան» Արշակ Սեմիրջյան

admin