Ապրումներս աննկարագրելի են․ վերադարձած գերիները խոսել են ծնողների հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

19

Ֆրանսիայի դրոշով օդանավն այսօր վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում՝ իր հետ բերելով 8 հայ ռազմագերիներին։ Օդանավակայանում Եվրամիության ու Ֆրանսիայի դրոշներն էին ծածանվում, գերիների հերթական խումբը վերադարձվել է հենց նրանց ջանքերի շնորհիվ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 4-ին էր տեսակապով հանդիպում անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թե ինչի շուրջ էին բանակցել կողմերը,այդ օրը մանրամասներ չհրապարակվեցին, պայմանավորվածության էությունը հայտնի դարձավ այսօր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիները՝ Սարգիս Թարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը,Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանն ու Վաղարշակ Մալոյանը հայրենիքում են։ Նրանցից 4-ը գերեվերավել էին նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ 6 զոհ, 32 գերեվարված։ Վերադարձած գերիներից 4-ն էլ Շիրակի մարզից էին, որ գերեվարվել էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հին Թաղերի ու Խծաբերդի հատվածից։ Նրանց ծնողները, լուրն իմանալուն պես, Երևան են շտապել, մեզ հետ զրույցում նրանք դեռ ճանապարհին էին։ Բոլոր տղաներն անմիջապես տեղափոխվել են բուժզննման, նրանց առողջական ու հոգեբանական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում, բայց վերադարձից առաջ դեռ Բաքվում նրանց հանդիպել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ գերիները վերադարձվում են Եվրոպական խորհրդի միջնորդությամբ։ Գերիների նախորդ՝ 10 հոգանոց խմբի վերադարձը հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը։ Գերիների վերադարձի կապակցությամբ գրառումներ են արել նաև Եվրամիության խորհրդի ու Ֆրանսիայի նախագահները։ Մանրամասները՝ տեսանյութում։ Սաթենիկ Հայրապետյան