Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել

18

«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի,  այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում   Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:

«Սա  Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11  կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասաց  նա:

Բադալյանը պատմեց, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում:

«Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և  ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:

Նա նշեց, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը`  ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ: «Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ  ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Մենք հույս ունենք  ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել  հուշարձանի մաս: Կարծում եմ սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ  մենք բացում ենք,  իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է  հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,-հավելեց Միքայել Բադալյանը: