4 գաղտնիք՝ սիրելիի հետ հարաբերություններն ամուր պահելու համար

17

Բոլոր սիրային հարաբերություններում էլ լինում են վերելքներ և վայէջքներ, և ձեզնից մշտապես ուշադրություն, նվիրվածություն, ժամանակ և էներգիա է պահանջվում ձեր զուգընկերոջ հետ ներանձնային շփումը կարգավորելու ու առողջ հարաբերություններ կառուցելու համար։ Անգամ եթե անցյալում ձախողումներ եք ունեցել, միևնույն է, պետք է առաջ նայել և փորձել վայելել ընձեռնված հնարավորությունը։

Հավատացեք՝ հարաբերություններում առաջացող խնդիրները ժամանակին հայտնաբերելու ու լուծուլու միջոցով հնարավոր է խուսափել շատ ավելի մեծ խնդիրներից։ Ստորև ներկայացվող խորհուրդները կօգնեն ձեզ պահպանել ռոմանտիկ և ամուր հարաբերություններ ձեր զուգընկերոջ հետ։

Տետատետ ժամանակ անցկացրեք միասին

Բազմաթիվ զույգերի մոտ տետատետ շփումն աստիճանաբար փոխարինվում է հաղորդագրություններով և էլեկտրոնային նամակներով: Եվ թեև թվային հաղորդակցությունը լավ տարբերակ է առանձին դեպքերի համար, բայց, ի տարբերություն տետատետ շփման, այն նույնքան բարերար ազդեցություն չի ունենում նյարդային համակարգի վրա, որքան կենդանի շփումը:

Շատ կարևոր է կանոնավոր կերպով միասին որակյալ ժամանակ անցկացնել։ Անկախ այն հանգամանքից, թե որքան զբաղված եք, օրական մի քանի րոպե կտրվեք ձեր մյուս գործերից և կենտրոնացեք միմյանց հետ շփվելու վրա։ Դա կարող է լինել կարճատև զբոսանք կամ մեկ գավաթ սուրճ միասին։

Պահպանեք հաղորդակցությունը

Լավ հաղորդակցությունն առողջ հարաբերությունների հիմնական գրավականն է։ Երբ ձեր զուգընկերոջ հետ դրական զգացմունքային կապ ունեք, ձեզ ապահով և երջանիկ եք զգում: Երբ մարդիկ դադարում են շփվել, դա բացասաբար է ազդում նրանց հարաբերությունների վրա, իսկ փոփոխություններն ու սթրեսները կարող են վերջնական բաժանության հանգեցնել: Սա կարող է շատ պարզունակ հնչել, բայց քանի դեռ դուք հաղորդակցվում եք, դուք կարող եք միասին հաղթահարել ցանկացած դժվարություն։

Ակտիվ պահեք ֆիզիկական մտերմությունը

Հպումը մարդկային գոյության անբաժանելի մասն է: Ապացուցված է, որ մանկական տարիքում ջերմ հպումներն ու գրկախառնությունները չափազանց կարևոր են ուղեղի զարգացման համար: Սա վերաբերում է նաև հասուն տարիքին: Ֆիզիկական շփման արդյունքում օրգանիզմում աճում է օքսիտոցին հորմոնի մակարդակը: Հենց այս հորմոնն է պատասխանատու կապվածության զգացողության համար: Այսպիսով, հաճախակի ֆիզիկական շփումը՝ համբույրներն ու գրկախառնությունները, առանձնահատուկ կարևորություն ունեն:

Պատրաստ եղեք վերելքների և վայէջքների

Կարևոր է ընդունել, որ յուրաքանչյուր հարաբերություններում էլ կարող են լինել վերելքներ և վայրէջքներ։ Տարատեսակ իրադարձությունները, ինչպիսիք են աշխատանքի կորուստը կամ առողջական խնդիրները, կարող են ազդել հարաբերությունների վրա: Պետք է հասկանալ, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, և թույլ չտալ, որ թյուրըմբռնումները վրդովմունքի և զայրույթի առաջացման պատճառ հանդիսանան: