Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

ԵԹԵ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՍ, ԱՊԱ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՍ…

Լինել քրիստոնյա` նշանակում է աղոթել, այսինքն` հոգևոր հաղորդակցության մեջ լինել Աստծու հետ:

Ցանկացած կրոնական համակարգ առանց աղոթքի գոյություն ունենալ չի կարող, քանի որ աղոթքը կրոնի հոգին է, մայրն ու կյանքը: Ուստի` աղոթքը ծնողն է կրոնի:

Աղոթքը աղաչանք է առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, և ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում. «Սրտի խորքերից խոսք Աստծու հետ»: Ըստ եկեղեցու Սուրբ Հայրերի ուսուցումների` աղոթքը մուտք է հոգևոր աշխարհ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի):

Ինչպես Գարեգին Ա. Երջանկահիշատակ կաթողիկոսն է ասում. «Աղոթել նշանակում է սեփական անձը տեսնել Աստծու աչքերի մեջ»: Ահա թե ինչու աղոթքն ավելի հարազատ և մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առավելություն, քանի որ բոլոր մյուսները, որպես հանդերձանք և պատրաստություն են Աստծու մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ հանդիման խոսակցություն է Աստծու հետ: Ինչպես հողագործի ողջ աշխատանքը պտուղները հավաքելու համար է և տնային տնտեսուհու ջանքերը` ընտանիքի անդամների քաղցն ու ծարավն հագեցնելու, այնպես էլ աղոթողն անզբաղ կերպով Աստծու հետ, ինչպես սիրելի բարեկամի, աղոթքով պիտի զրուցի և անձի ու աշխարհի մարմնավոր և հոգևոր կարիքները Նրա առաջ դնի, Նրանից հայցի բոլոր բարիքների հաջողում, կատարած մեղքերի ներում և փրկություն թշնամու որոգայթներից: Այս իսկ պատճառով Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ինչպես խունկը, հրին չհպվելով, անուշ հոտ չի բուրում, այնպես էլ աղոթքի խունկը, սրտի սիրո ջերմությանը չհպվելով, հաճելի չէ Աստծուն»: Ահա Սուրբ Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության»-ը, որպես սրտի պարունակություն, դնում է բուրվառի մեջ և խնկարկելով` իր աղոթքն է բարձրացնում առ Աստված` շեշտելով, որ աղոթքը սովորական կապ չէ, այլ մի այնպիսի հաղորդակցություն է, որ բխում է մարդու ողջ էությունից ու արտահայտում է մարդու իմացական, հոգևոր, զգացմունքային և կամային աշխարհը:

Պողոս առաքյալն ասում է. «Պիտի աղոթեմ հոգով, պիտի աղոթեմ նաև մտքով: Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ և մտքով» (Ա. Կորնթ. 14:15): Այս օրինակով տեսնում ենք, որ հոգուց (սրտից) մինչև միտք ձգվող մի պարան կա, որի կենտրոնում կախված է մի ղողանջյուն զանգակ, և երբ մարդը սկսում է միայն առանձին հոգով կամ միայն առանձին մտքով աղոթել, ապա զանգակը լռում է և չի ձայնում, ու Աստված չի լսում նրա աղոթքը: Բայց երբ աղոթում է հոգով և մտքով միաժամանակ, այնժամ զանգակը քաղցրաձայն երգում է, և Աստված, որ լսում է նրա աղոթքը, նրան է տալիս նրա ուզածը` ըստ նրա հավատքի: Ուրեմն` աղոթքը հոգու և մտքի ծնունդ է:

Քրիստոս, լինելով կատարյալ Աստված և կատարյալ մարդ, փոքրացավ, առավ մեր մարդկային բնությունը, իբրև մարդ աղոթեց` օրինակ դառնալով ողջ մարդկությանը: Ըստ այսմ` աղոթքի հիմնադիրը մեր Տերն է` Հիսուս Քրիստոսը: Այս ամենը կղզիացած է աղոթքների աղոթք հանդիսացող «Տերունական աղոթքի» («Հայր մեր»-ի) վրա:

Մարդն ունի երկու կյանք` անհատական և ընկերային: Այս իսկ նկատառումով գոյություն ունի աղոթելու երկու ձև` անհատական (առանձնական) աղոթք և հասարակական (ընդհանրական) աղոթք: Առանձնական աղոթքի ժամանակ մարդը ներքին կապ է ստեղծում Աստծո հետ, ինչպես մեր նախածնողները, այնպես էլ մարդը` վայելելով աստվածային ներկայությունը: Շատ հաճախ մարդիկ իրենց ներքին ուրախությունը մարդկանց հետ կիսելու համար գնում են եկեղեցի, հաղորդակից դառնալով հավատացյալների աղոթքին, միաժամանակ նորոգվելով Սուրբ Հոգու շնորհատու զորությամբ: Ընդհանրական աղոթքը ժամերգություններն են, պատարագները, սրբազան խորհուրդները, որոնք կատարվում են եկեղեցիներում, վանքերում, մատուռներում և այլն:

Հիսուս չի տարազանում առանձին կամ խմբովին աղոթքը, այլ պարզապես մերժում է կեղծավորությունը, ցուցամոլությունն ու շատախոսությունը` աղոթքի մեջ արժևորելով անկեղծ խոստովանությունը, ի սրտե զղջումը, ճշմարիտ հաղորդակցությունն ու անխզելի կապը:

Շատ անգամ Աստված մեր խնդրանքները չի կատարում, առավել ողորմելով մեզ, քան կատարելով: Այդ թվում` անգիտությամբ որևէ վնասակար բան ենք խնդրում, կարծելով, թե լավ բան է, Աստված չտալով` մեծ ողորմություն է մեզ անում: Ուստի պետք չէ տրտնջալ Աստծուց, այլ պետք է ամբողջովին հույսը դնել նրա վրա, սիրել Նրան և հավատքով աղոթել: Այսպիսով մենք կատարած կլինենք այն պատվիրանը, որ մեր Տերը տվեց մեզ. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մատթ. 22:37): Եթե սիրում ենք մեր Տեր Աստծուն ու աղոթում ենք, ապա քաջատեղյակ ենք, որ մեր կողքին ապրող ընչաքաղցը մեր ողորմության և գթության կարիքն ունի: Այս իսկ պատճառով է, որ մեր Տերը նորից է պատվիրան տալիս` լրացնելով առաջին պատվիրանը. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22:38):

Սուրբ Գրիգոր Տաթևացին տաս կետերով ներկայացնում է աղոթքի խորհուրդը.

ա) Աղոթքը խոսք է Աստծու հետ:

բ) Աղոթքով մենք մտքով Աստծու հետ ենք լինում և Աստված բնակվում է մեզանում, ըստ այնմ` «Ես և Հայրը նրա մոտ կգանք» (Հովհ. 14:23), նաև ասում է, թե Սուրբ Հոգին սկզբից բնակված էր աղոթողի հոգում և «բարեխոս էր լինում անմռունչ հեծություններով» (Հռոմ. 8:26):

գ) Աղոթքներով սատանան հալածական է լինում, ինչպես խավարը` լույսից, և այնժամ նրա բոլոր որոգայթներն ու փորձությունները կորչում են:

դ) Աստվածազգյաց և հրեշտակներին հավասար ենք լինում, երբ աղոթում ենք և մտքով առ Աստված ելնում:

ե) Մեր բոլոր գործերն աղոթքներով հաջողվում են և կատարվում, քանի որ ամեն գործում մարդ օգնականի կարիք է զգում, և երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում` լինի վաստակ, թե´ ձեռագործ, թե´ ճանապարհ և այլն:

զ) Աղոթքը հոգու և մարմնի զորությունն է, որպես նեցուկ հաստատում է տունը և վերացնում տկարությունը, ինչպես Հոբն աղոթքներով վերստին զորացավ և առողջացավ տկարությունից: Նաև տան շինությունն է, ինչպես որ Հոբի տունն աղոթքներով կրկին շինվեց ավելի լավ, քան նախկինն էր:

է) Մենք աղոթքով հաղթում ենք պատերազմը` լինի դա թե´ հոգևոր և թե´ մարմնավոր, ինչպես որ Մովսեսը հաղթեց Ամաղեկին, Դավիթը` Գողիաթին և Հոբը` սատանային:

ը) Աղոթքը սրտի մխիթարությունն է. տրտմությունը հեռացնում է, հոգին թեթևացնում, մեղքերը սրբում, միտքը պահում և լուսավորում, ինչպես որ Դավիթ մարգարեն է ասում. «Ինչու՞ ես տրտում անձ իմ, հուսա´ առ Աստված, խոստովանի´ր նրան, քանզի Փրկիչն Աստված է» (Սաղմ. 32:11):

թ) Աղոթքով խաղաղությամբ ենք ննջում և համարձակ արթնանում: Կյանքում հույսով ենք և մահվանից հետո Աստծու մոտ ենք մտնում:

ժ) Աղոթքը գոհություն և շնորհակալություն է Աստծու երախտիքներին, որ արեց մեզ համար թե´ անցյալում` ստեղծելով մեզ համար երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և այլն, թե´ ներկայում, որ ամեն բարություն մեզ է տվել` կյանք, խաղաղություն, առողջություն, հոգի, մարմին, շունչ, խոսք, միտք և այլն, նաև հանդերձյալում խոստացել է հարություն, արքայություն և անմահություն:

Այս ամենին իբրև եզրահանգում Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ոչ մի բան չկա հավասար աղոթքին, նա անհնարինն էլ դարձնում է հնարավոր, դժվարինը` հեշտ, անհարմարը` հարմար»: Իբրև վերջաբան, արժե մեջբերել Սուրբ Ներսես Շնորհալու հոգեթով խոսքը` ուղղված մեզ ամենքիս. «Աղոթքը հոգու սնունդն է, ձեր զավակներին աղոթք սովորեցրեք, որ վատ խոսքերին ու հայհոյանքներին չվարժվեն, որովհետև մանկության ժամանակ ծնողների խրատն ավելի է դրոշմվում մանուկների մտքում` անջնջելի կերպով, որի փոխարեն պիտի վարձատրվենք»:

 

Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան

Գևորգյան հոգևոր ճեմարան

Զ լսարան

 

loading...

Կարդացեք նաև

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Սուսի Միսակյան

Ախր ինչ ենք ցանել, որ ինչ էլ հնձենք

admin

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Սուսի Միսակյան