Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը «Տերունական աղոթքը» սովորեցնելուց առաջ հետևյալը պատգամեց. «…դուք այսպե´ս աղոթեցեք» (Մատթ. 6:9): Մի պահ, երբ ամբողջ միտքդ սևեռում ես այս տողերի վրա, ապա ակամայից ստանում ես այն տպավորությունը, որ Քրիստոսի կողմից պարտադրանք կա միայն «Հայր մեր»-ն ասել: Սակայն, բնավ, դա այդպես չէ, քանի որ մեր Տերը այդպես չի մերժում մնացյալ բոլոր աղոթքները, որ  թե´ մարդու սրտից են բխած առ Աստված, թե´ մեր Սուրբ Հայրերի կողմից են գրված մեզ համար: Քրիստոս չի մերժում աղոթքի այլ ձևերը, որովհետև Ավետարանը ցույց է տալիս մեզ, թե ինչպես Աստծու Որդին մատնությունից առաջ այլ բառերով աղոթեց` ասելով. «Հա´յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձանից հեռացրո´ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո´նը թող լինի» (Ղուկ. 22:42): Ասյտեղ առկա է «Հայր մեր»-ից երկու կետեր. նախ` «մի´ տար մեզ փորձության», երկրորդ` «թող քո կամքը լինի»:

«Տերունական աղոթք»-ով Քրիստոս մեզ ցույց է տալիս աղոթքով աղերսվող ու պահանջվող խնդրանքների հերթականությունը: Այս առումով է, որ «Հայր մեր»-ը աղոթքների աղոթքն է:

ՀԱՅՐ ՄԵՐ – Քրիստոս Իր ողջ քարոզչության ընթացքում այստեղ մեկ և միակ անգամ է օգտագործում «Հայր մեր» արտահայտությունը: Ինչո՞ւ է այդպես: Քանզի երբ կարդում ենք Սուրբ Գիրքը ընթերցելիս, տեսնում ենք, որ Քրիստոս միշտ Իր Հոր մասին խոսելիս, անհատականացնում է` դիմելով Նրան «Իմ Հայրը», «Ձեր Հայրը» արտահայտչաձևերով: Եկեղեցական հայրերը, մեկնելով այս տողերը, հանգել են մի եզրակացության, որ այս աղոթքը մարդկանց համար է: Քրիստոնյան, «Հայր մեր»-ն ասելով, աղոթում է ոչ միայն իր, այլ բոլոր մարդկանց համար: Սուրբ Գրիգոր Տաթևացին մի քանի կետերով բացատրում է այս  արտահայտությունը: Նախ` ըստ էության, իբրև Հայր նա ծնողն է ծնվող Որդու և բխող Սուրբ Հոգու: Երկրորդ` ըստ արարչության, Սա ինքը քո Հայրը չէ՞, որ քեզ արարեց: Եվ երրորդ` ըստ նորոգության, որ ստեղծեց ոչնչից և նորոգում է ապականությունից:

ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ – Գիտենք, որ Աստված հոգի է և ամենուրեք է, սակայն Քրիստոս օգտագործում է «երկնքում ես» ձևը, քանի որ այն օգտագործում է մարդկանց պատկերացումների համաձայն` Աստծու գտվելու վայրի մասին: «Երկնքում ես» արտահայտությամբ` ոչ թե Աստծուն այնտեղ է փակում, որովհետև մեր Աստվածը երկնքում և երկրում է, այլ ցույց է տալիս Աստծու փառքի բարձր վայելչությունը, ամենազոր կարողությունը, և ամենակարևորը, աղոթքի միտքը երկինք է բարձրացնում: Ի վերջո երկինքը բարձրագույնն ու պատվագույնն է խորհրդանշում հակառակ երկնայինի և ժամանակավորի:

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ – Մի՞թե Աստծու անունը սուրբ չէ, որ խնդրում ենք` սուրբ լինի: Աստծու անունը միշտ սուրբ է, բայց այն երբեմն հայհոյվում կամ պղծվում է հեթանոսների կամ անհավատների կողմից, ինչպես նաև քրիստոնյայի չար ու վատ գործերի պատճառով: Այդ պատճառով էլ սա կոչ է մարդկանց` Աստծու պատվիրանների համաձայն ապրելու, և աղոթողը շնորհ է խնդրում, որ այդպես ապրի:

ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈ, ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ… – Թագավորությունն այն տարածքն է, որտեղ կատարվում են թագավորի բոլոր հրամաններն ու կամքը: Եվ այտեղ, որտեղ իրագործվում են Աստծու պատվիրանները, այտեղ էլ Աստծու արքայությունն է: Սա խնդրանք է մարդկանց, որպեսզի մարդիկ կարողանան կատարելագործվել, համաձայն Տիրոջ պատվիրանի. «Արդ, կատարյա´լ եղեք դուք, ինչպես որ ձեր  երկնավոր հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48):

ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ  – Դեռ քրիստոնեական վաղ շրջանից լատին հեղինակներն այս հատվածի վերաբերյալ ասել են, որ խոսքը վերաբերում է վաղվա հացին, քանի որ հանապազորդ բառն իր մեջ ժամանակ չունի, իսկ ազգությամբ հույն հայրերը, օրինակ` Սուրբ Հովհան Ոսկեբերանը , հասկանում է իբրև այսօրվա հացը: Ավելի շատ ընդունելի է այս տեսակետը: «Մեր» դերանունը ցույց է տալիս սեփական աշխատանքով ձեռք բերվածը, սակայն մեկը կարող է իր օրվա աշխատանքով հազարապատիկ շատ վաստակել, քան մյուսները: Եվ այս իմաստով «Տերունական աղոթք»-ի այս տողը մխիթարություն է աղքատներին և չափավորություն հարուստներին ու զեխությունից զերծ մնալու պատվեր, քանի որ նշում է այսօր բառը: Սա համապատասխանում է Առակաց գրքի 30:8-ի բառերին. «Հարստություն և աղքատություն մի´ տուր ինձ, այլ ինձ համար կշռի´ր արժանին, որ բավական է»: Ստեփանոս Սյունեցին այս հատվածն այլաբանորեն է հասկանում` նշելով, որ խոսքը հոգևոր հացի մասին է: Իր խոսքը Սյունեցին հաստատում է Ավետարանում ասված Քրիստոսի այն խոսքով, ըստ որի` «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4, Ղուկ. 4:4):

ԵՒ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ… – Ինչպես Մաղաքիա արքեպս. Օրմանյան պատմիչն է մեկնում, այստեղ Աստծու կողմից կարծես թե սպառնալիք կա: Աստծու ներողամտությունը կախված է մեր հանդեպ մեր դիմացինի մեղքերի ներման հետ: Առանց դիմացինին ներելու Աստծու հետ հաշտություն չկա, քանի որ Քրիստոս ինքն էլ է ասում, որ երբ ցանկանում ես զոհ մատուցել Աստծուն հաշտության համար, նախ` պետք է հաշտվել եղբոր հետ, որպեսզի Աստված էլ, ընդունելով մեր զոհը, ների մեր մեղքերը և մեզ հետ հաշտություն կնքի: Պետք է ասել, որ «Հայր մեր»-ի կիզակետը այս տողերն են, որոնք մեր կողմից, ընդհանրապես, աչքաթող են արվում, քանի որ մեր մեջ բուն դրած սատանայական հպարտությունը և եսամոլությունը արգելք են հանդիսանում մեզ մեր դեմ մեղանչածներին ներելու: Բայց ինչևէ Տիրոջ պատվիրանն այս է` եթե ներես, ապա կներվես:

ԵԻ ՄԻ´ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ  – Հակոբոս առաքյալն իր թղթում փորձության մասին ասում է. «Ոչ ոք, երբ փորձության մեջ կլինի, թող չասի` Աստծուց եմ փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի» (Հակ. 1:13): Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ենք Աստծուց խնդրում մեզ փորձության չտանել: Սրա պատասխանը որոշ չափով տալիս է դարձյալ Հակոբոս առաքյալն իր թղթի հենց սկզբում` ասելով. «Ուրախացե´ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակ. 1:2): Աստված, քանի որ Իր բնությամբ բարի է, երբեք ոչ ոքի չարով չի փորձում, բայց թույլ է տալիս, որ մարդն ընկնի փորձությունների, վշտի, դժվարությունների մեջ: Ամեն չարիք Աստված թույլ է տալիս մարդու օգտի և բարի նպատակների համար, և այդ փորձությունները լինում են երկու տեսակ` մեկը մեղավորների, մյուսը արդարների համար: Մեղավորներին Աստված թույլ է տալիս փորձության մեջ ընկնել նախ դաստիարակչական նպատակներով և հետո, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, ծանր մեղքը քավելու համար: Եթե փորձությունների մեջ ընկած մարդը հասկանում է մեղավորությունը և իր դժբախտության մեջ անգամ փառք տալիս Աստծուն, Աստծուց թողություն կստանա և բարի կյանքի կարժանանա, իսկ եթե մարդն իր բոլոր դժբախտությունների պատճառը համարում է Աստծուն և դեռ ավելին` հայհոյում Նրան, ապա ավելի կվատանա նրա վիճակը: Այդպես է նաև հեթանոսների պարագան, որոնց մասին նշում է Պողոս առաքյալը` ասելով, որ Աստված նրանց մատնեց պղծության (Հռոմ. 1:24): Երկրոդ տեսակի փորձությունն արդարի համար է, ինչպես Հոբի պարագան, որով Աստված ցանկանում է բոլորին հայտնի դարձնել իր ընտրյալների ու սիրելիների սրբությունը, արդարությունը և անսահման սերը Աստծու հանդեպ:

ԱՅԼ ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ – Նախորդ հատվածի մեկնությունից պարզ դարձավ, որ խնդրվում էր փրկել փորձությունից, և կարծիք կա, որ այստեղ չարը չպետք է հասկանալ սատանա, քանի որ անիմաստ կրկնություն կլինի: Այստեղ իբրև չար պետք է հասկանալ նաև չար մարդկանց, որոնք իրենց ազատ կամքով գործակցում են չարի հետ:

ԶԻ ՔՈ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՒ … – Մինչև Ե դար այս հատվածը չի եղել, այլ հետագայում նոր ավելացել է: Քո, այսինքն` երբ Նրանն է արքայությունը, ապա մենք մեղքից չենք վախենում: Եվ երբ Նրանն է զորությունը, ոչ ոք չի կարող հակառակվել մեզ: Իսկ եթե որևէ մեկը հակառակվի, ապա իմացիր, որ Աստված է որոշ ժամանակով թույլ տվել: Եվ երբ Նրանն է փառքը, ամեն քրիստոնյա ոչ միայն շրջապատի բոլոր չարերից է ազատվում, այլ հավիտենպես փառավորում է:

ԱՄԷՆ – Քրիստոնեական եկեղեցիներում յուրաքանչյուր աղոթք ավարտվում է ԱՄԵՆ բառով, որով ցույց է տրվում նախ` հավատացյալի խնդրանքը` թող լինի կամ թող այդպես լինի, երկրորդ` աղոթքի ստույգ և ճշմարիտ լինելը:

 

Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան

Գևորգյան հոգևոր ճեմարան

Զ լսարան

 

loading...

Կարդացեք նաև

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Սուսի Միսակյան

Եկեղեցական բանադրանքի և նզովքի մասին

Սուսի Միսակյան

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Սուսի Միսակյան