Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Թյուր կարծիքներ և փաստեր անվանափոխության մասին

Ծնողների անունով զավակին կոչելը հին ավանդույթ է, որը խորհուրդ ունի հավերժացնել տան մեծի հիշատակը, կենդանի պահելով նրա անունը:

Այս ավանդույթը աշխարհի շատ երկրներում շատ հարգի է մինչ օրս, սակայն այն Հայաստանում երբեմն պարտադրանքի պես մի բան է դառնում, անկախ նրանից թե որքանով է այդ անունը բարեհունչ կամ գեղեցիկ թվում երեխայի ծնողներին:

Եվ գիտակից դառնալով շատ երեխաներ բարդույթներ են ունենում իրենց հնաոճ ու անբարեհունչ անունների պատճառով:

Ի դեպ այդ բարդույթը միայն «հասարակ մահկանացուներին» չէ, որ տանջում է.  բազմաթիվ աշխարհահռչակ աստղեր են մինչև ճանաչման հասնելը հրաժարվել իրենց երկարաշունչ անվանումներից ու ընտրել հեշտ տպավորվող, գեղեցիկ անուններ` Ռեջինալդ Քեննեթ Դուայտ (Էլթն Ջոն),  Սթեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտա( Լեդի Գագա),   Գորդոն Մեթյու Թոմաս Սամներ (Ստինգ) Մարշալ Բրյուս Մետրես(Էմինեմ):

Ծնողների ընտրած անուններից հրաժարվել Հայաստանում այնքան էլ ընդունված չէ: Սակայն միայն նախնիների հանդեպ տածվող խոր ակնածանքը չէ խոչընդոտում դրան, այլև պակաս տեղեկացված լինելը:

Շատերի համոզմամբ անվանափոխութունը դա երկարատև ու տանջալի գործընթաց է:

Կան մի քանի սխալ կարծիքներ անվանափոխության մասին:

Սխալ կարծիք 1- Ավանափոխության գործընթացը շատ բարդ է և անվերջանալի քաշքուկներ են սպասվում այդ ընթացքում:

Իրականում նման բան գոյություն չունի: Անհրաժեշտ է միայն անվան փոխման մասին դիմումը գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`

ա. Դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը` դիմողի ցանկության դեպքում, բնակության վայրը, ընտանեկան դրությունը:

բ. Դիմողի անչափահաս երեխաներից  յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծնննդյան վայրը և ժամանակը:

գ. Դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները:

դ. Անուն փոխել ցանկացող անձի ընտրած անունը, հայրանունը, ազգանունը:

ե. Անունը փոխելու պատճառները:

զ. Անհրաժեշտ այլ տեղեկությունները:

Անունը փոխել ցանկացող անձը ստորագրում է անվան փոխման մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա. Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

բ. Ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ:

գ. Ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է:

դ. Ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը ցանկանում է վերականգնել իր մինչամուսնական ազգանունը:

ե. Դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը:

զ. Անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

 

Սխալ Կարծիք 2- Անվանափոխության գործընթացը կարող է տևել շատ երկար` ամիսներ կամ տարի:

Իրականում անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով:

Սխալ կարծիք 3- Անվանափոխության դիմում ներկայացնող յուրաքանչյուր քաղաքացու չէ, որ ընդառաջում են, միայն նրանց ում անունը իրոք շատ անբարեհունչ է կամ ուրիշ  շատ լուրջ պատճառներ կան դրա համար:

Իրականում անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է եթե.

Ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Քաղաքացիական կացության ակտերի մասին»  ՀՀ օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին:

Անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարցուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:

Սխալ կարծիք 4- Անվանափոխությունից հետո քաղաքացին անընդհատ դատական գործընթացների մեջ է լինելու ապացուցելու համար, որ իրենն է  դպրոցի վկայականը, դիպլոմը կամ որևէ այլ փաստաթուղթ, որն իր նախկին անունով է:

Իրականում տրվում է վկայական, որը հաստատում է անվանափոխությունը և հարկ եղած դեպքում դա է ներկայացվում :

Այն պարունակում է հետևյալ տեղեկությունները

ա. Անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը – անվան փոխումից առաջ և հետո, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը` անվան փոխման գրառման ակտի համաձայն

բ. Անվան փոխման ակտի գրառման ժամանակը և համարը:

գ. Անվան փոխման պետական գրանցման վայրը` ՔԿԱԳ մարմնի անվանումը:

դ. Անվան փոխման վկայական տալու ժամանակը:

 

Ինչպես տեսնում եք անվանափոխությունը պատկերացրածի չափ բարդ ու ձգձգվող գործընթաց չէ և եթե ձեր փաստաբանը ձեզ նման առասպելներ պատմի, քաջատեղյակ եղեք, որ  դա հոնորարը կրկնապատկելու համար է արվում:

Այս գործընթացը կարելի է իրականացնել նաև առանց միջնորդ մարդու օգնության:

Եթե իսկապես ձեր անունը այնքան էլ հաճելի չէ ձեզ, ապա կարիք չկա ողջ կյանքում պահպանել այն, թեկուզ միայն անձնագրում:

 

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Երբ մարդը սիրով է նայում բնությանը… Եղնիկների մասին

admin

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

Անտառ, թե՞ մանրահատակ. «Չենք լռելու»-ն ահազանգում է

Սուսի Միսակյան