Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

Եկեղեցական բանադրանքի և նզովքի մասին

Յուրաքանչյուր հասարակություն իր անդամներին իրենից հեռացնելու իրավասություն ունի։ Դա գալիս է հին ժամանակներից։ Օրինակ՝ եգիպտացիների մոտ չէր թույլատրվում խոզապահներին տաճար մտնել։ Սկյութների մոտ չէր ընդունվում այն մարդկանց զոհաբերությունը, որոնք չէին սպանել իրենց թշնամիներից որևիցե մեկին։ Հույների մոտ այն դրսևորվում էր հեևյալ կերպ. ողջ ազգի համաձայնությամբ ծանր հանցագործություն կատարողի անունը գրում էին քարե սյան վրա  և  այս կերպ փոխանցում հաջորդ սերունդներին՝ իբրև ամենաահավոր և զզվելի արարք գործողի։ Գալլերի համար Հուլիոս Կեսարը սահմանում է, որ եթե որև իցե մեկը չէր ենթարկվի հոգև որ առաջնորդին (դրուիդին), նրան հեռացնում էին աստվածպաշտությունից։ Դա նրանց համար ամենաահավորն էր բոլոր պատիժներից։ Բոլորը խուսափում էին պատժվողից, չէին շփվում նրա հետ՝ վախենալով, որ դրանով կվնասեն իրենց։ Հին գերմանների մոտ պատերազմում վախը համարվում էր սաստիկ անարգանք և  հանցագործություն, և  եթե երկչոտը զենքը գցեր դաշտում և փախչեր, ապա նա կդիտվեր ամենաանարդարը և չէր կարող մասնակցել աստվածպաշտության կամ որևէ հասարակական հավաքի։ Եվ այդ մարդիկ հաճախ իրենց կյանքն   վերջացնում էին ինքնասպանությամբ։ Մենք Հին Կտակարանում առաջին անգամ բանադրության մասին հանդիպում ենք Ծննդ. (Գ։14-24; Դ։11-12), այնուհետև Թվ. (ԺԶ։1-40) և Ա Թագ (ԺԵ։10-33) գրքերում։
Հրեական բանադրանքը, համաձայն Թալմուդի, ուներ երեք աստիճան։ Ամենացածրը դրանցից կոչվում էր նիդույ (զրկել, հեռացնել)։ Բանադրվածը 30 օր չպետք է շփվեր ոչ ոքի հետ` բացի կնոջից և երեխաներից, որոնցից էլ պետք է պաշտպաներ մոտ 4 ֆուտ (1 ֆուտը=0,3048մ) հեռավորություն։

Բանադրվածին չէր թույլատրվում կտրել մազերը, սափրվել, լվացվել և այսքանից բացի պարտադրում էին կրել սգո հագուստ։ Եվ եթե մեկը բանադրության մեջ մահանար, դատավորը կարգադրում էր նրա գերեզմանի վրա լցնել ծանր քարեր՝ ի նշան այն բանի, որ նա արժանի էր քարկոծման։ Ոչ ոք չպիտի  լացեր նրա գերեզմանի վրա։
Թերևս բանադրվածներին թույլատրում էին տաճար մտնել, սակայն գոյություն ունեին հատուկ դռներ, որոնցով պետք է մտնեին ¨ դուրս գային։ Եթե պատժվողը սրտանց զղջում էր, ապա բանադրանքը տևում էր նշված ժամանակը, իսկ եթե ոչ, ապա պատիժը երկարացվում էր 60, նույնիսկ 90 օր, իսկ եթե կրկին համառում էր, ապա նրան ենթարկում էին մեծ բանադրանքի, որը կոչվում էր խեռեմ (շպրտել, դուրս շպրտել)։ Սրան կցվում էին նաև անեծքներ (նզովքներ)։

Բանադրվածն իրավունք չուներ ո՛չ սովորել, ո՛չ սովորեցնել և  ո՛չ էլ ծառայություն ընդունել։ Ոչ ոք իրավունք չուներ մոտենալ նրան, բացառությամբ այն հանգամանքների, որ անհրաժեշտ էր նրա տարրական գոյության ապահովումը կազմակերպել։ Ով կհամարձակվեր շփվել նրա՝ բանադրվածի հետ, նա նույնպես ենթարկվում էր նույն պատժին։ Զղջման դեպքում վերին ատյաններից նրան թողություն էր տրվում, ով էլ նրան բանադրել էր։ Իսկ եթե համառում էր, ապա դրան հետևում էր երրորդ և ամենածանր բանադրանքը՝ շամմաթա-ն, որն էլ իրականացվում էր հասարակաց և հանդիսավոր կերպով՝ ուղեկցությամբ նզովքների։ Վերջին աստիճանի բանադրանքն ուներ այսպիսի իմաստ. Աստծո անվամբ նզովվածին հավիտյան արգելվում էր վերադարձը հասարակություն, և նա թողնվում էր Աստծո դատաստանին։
Բողոքականներն ասում են, եթե նույնիսկ եղբայրդ լինի և հետ չդառնա, ապա նրան նայիր որպես մեղավորի։ Սակայն եկեղեցին մինչև վերջ ձգտում է հետ վերադարձնել մեղանչածին շեղված ուղուց և առաջնորդել ապաշխարության։ Եվ եթե մի քանի անգամ համառում է, ապա նոր կարող է դիտվել որպես հեթանոս (Մատթ. ԺԸ։15-17)։
Լյութերը բանադրության մասին ասում է. «Այդ և այդպիսի տեղերը Ս. Գրքում Մեծն Աստծո անփոփոխելի պատվիրաններն են, մենք ճիշտ չենք լինի, եթե փոխենք դրանք։ Թեև պապերը բանադրանքն ի չար են գործածում՝ ի վնաս եկեղեցու, բայց չպետք է չվերացնել, այլ ճիշտ կերպով և զգուշությամբ իրականացնել այն՝ համաձայն Հիսուս Քրիստոսի պատվիրանի»։
Կալվինն ասում է. «Մենք՝ Աստծուն ծառայողներս, հոգևոր զենքով կռվողներս, եկեղեցու ծոցից վտարեցինք N.N.-ին, բանադրեցինք և զրկեցինք հավատացյալների հետ շփումից, թող անիծված լինի, և թող ոչ ոք նրա հետ շփում չունենա։ Այդ բանադրանքի հրամանը կհաստատի Աստծո Որդին»։
Խոսելով բանադրանքի մասին, կարող ենք ասել, որ հենց դրախտում տեղի ունեցավ առաջին բանադրանքը՝ հեռացումը, վտարումը։ Աստված Ադամին և Եվային իրենց գործած մեղքի պատճառով արտաքսեց դրախտից։ Այսօր էլ եկեղեցին, Աստծո պատվիրանի համաձայն հեռացնում է նրանց, որոնք խախտում են պատվիրանները։
Եկեղեցին, առաքյալի խոսքերով ասած, ստացավ իրավունք բանադրելու՝ շինելու, և  ոչ քանդելու (Բ Կորնթ. ԺԳ։10; Ա Տիմ. Ա։20)։
Ինչպես որ հովիվը, որ ոչխար  կորցնելուց մեծ ցավ է ապրում, այնպես էլ եկեղեցու հայրերի համար է ցավ հեռացնել իրենց չզղջացող զավակին։ Այս բոլորը կատարվում է միայն մի բանի համար, որպեսզի մարդ զղջա, ապաշխարի և  վերադառնա իր նախկին դիրքին, քանի որ մեղքի պատճառով մարդ աղճատում է Աստծո պատկերը, որի կրողն հենց ինքն է։
Յուրաքանչյուր անպատժված արարք հանդիսանում է բազմաթիվ նմանատիպ արարքների պատճառ։ Ուստի պատահական չէ, որ հայրը երբ պատժում է որդուն,  տանջվում է, սակայն դա անում է այն բանի համար, որ տվյալ սխալը չշտկելու դեպքում այն կծնի բազում նմանատիպ սխալներ։  Պողոս առաքյալն այս մասին  Ա Կորնթացիս թղթում ասում. «Չգիտե՞ք, թե մի փոքր թթխմոր ամբողջ զանգվածը խմորում է» (Ե։6)։ Մեղավորին հեռացնել չի նշանակում պատվիրանին դեմ կանգնել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, նրա մեղքը չափազանց հեշտությամբ փոխանցվում է ուրիշին. այն նման է ուռուցքի, որը երբ չի հեռացվում, տարածվում է ողջ օրգանում։

Եթե մենք Աստծո եկեղեցուց անօրեն մարդուն չենք հեռացնում, ապա այն դարձնում ենք ավազակների որջ:

 

Ներսես Սարկավագ Ղազարյան

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Քրիստոնյաների վերաբերմունքը մահվանը

admin

Հիշատակություն Ղազարու Հարության

admin

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Սուսի Միսակյան