Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ (Մաս 2)

Նժդեհի կրոնաբարոյական կարևորագույն խնդիրներից մեկն էլ կյանքի և մահվան խորհուրդն է, դրանց իմաստավորումը և մեկնաբանումը: Քրիստոնեությունը մահը չի դիտում որպես ոչնչացում, այլ ընդունում է հոգու փրկությունն առաքինության, սրբության ճանապարհով, ճշմարիտ հավատով առ Քրիստոս ու Նրա քարոզած վարդապետությունը, Փրկչի ինքնազոհ մահվան, հարության և համբարձման, Նրա երկրորդ գալստյան հրաշքներով:

Քրիստոնեությունն ուսուցանում է չդողալ կյանքի համար, այլ կյանքի իմաստը համարում է արդարակեցությունը, նախապատրաստությունը նոր վիճակի, նոր իրականության: Հույս փրկության, հավիտենականի հավատ, սիրահոժար և անձնվեր ծառայություն Աստծուն և  մարդկանց, կամք` սրբանալու. ահա քրիստոնյաներին բնորոշ հոգու ակտիվության մի քանի ձև: Քրիստոնյայի համար հանուն հավատքի նահատակությունը դիտվում է մարդուն տրված գերագույն շնորհներից մեկը, որ նրան բարձրացնում է անսահման, այսինքն` առ Աստված, և մարդը դադարում է «աշխարհի» խաղալիքը լինելուց: Քրիստոնյա սրբերի մեծ մասը նահատակներ են հավատի և  հավատարմության, որոնց կյանքն առհասարակ եղել է մեծ ու փոքր զոհաբերությունների շարունակական ընթացք, որը մեծամասամբ պսակվել է ինքնազոհ մարտիրորոսությամբ, հոգևոր խանդավառությամբ, անայլայլ հավատով ու երկնային արքայության տեսլականի փայլատակմամբ:

Նժդեհի ուսմունքի մեջ առանձին ուշադրության առարկա է մահվան խորհուրդը: Ցեղակրոնի համար կյանքը իմաստ ունի իբրև զոհողություն և զոհաբերում հանուն Ցեղի և  Հայրենիքի: Նժդեհի գաղափարածին միտքը նույնիսկ հայտնագործել է նոր եզր` մահարվեստ, որն առաջին հայացքից տարօրինակ մի բան է թվում, անհամատեղելի իրողությունների համադրություն: Իրականում մահարվեստը կենսաձև  է, հոգու ակտիվություն, ներգործական վերաբերմունք կյանքին և մահվանը: Հիշենք Եղիշեի նշանավոր ասույթը իմացյալ և ոչ իմացյալ մահվան մասին: Մահարվեստը գիտակցական ինքնազոհությունն է, անձնվիրություն է, մահվան աչքերին նայելով` ծիծաղելը, խանդավառությունը սահմանագծային իրավիճակներում: Այստեղ տեղին ենք համարում համեմատություն անցկացնել նժդեհյան այս գաղափարի և երկրորդ դարի նշանավոր եկեղեցական հայր Տերտուղիանոսի այն գաղափարի միջև, որտեղ ասում է. «Առաջին նահատակների արյունը դարձավ Եկեղեցու սերմը»: Այս միտքը ավելի պարզ լուսաբանում է ինքը` մեծն Նժդեհը. «Մահուան դէմ յաղթանակով է նուաճւում կեանքը, ապրեցւում հայրենիքը: Այդպիսին էին իրենց կեանքն ու մահը հայրենիքին ծառայեցնող Մամիկոնեանները` իմացեալ մահուան կեսարները, նրանք, որոնց համար ռազմարուեստը մահարուեստ էր, այսինքն` մահուան դէմ յաղթական կանգնելու, մահի՛ց էլ զօրաւոր հանդիսանալու արուեստ, նրա՛նք, որոնց ճակատներից աւելի արժանաւորը մեր աշխարհում դեռ չէ շօշափել դափնին» (Գարեգին Նժդեհ, Հատընտիր, էջ 299): Չմոռանա՛նք, որ Մամիկոնյանները քրիստոնյաներ էին:

Նժդեհը բարձր է գնահատում նահատակությունը, սակայն նա տարբերում է ներգործական և կրավորական նահատակությունը. «Մեր պատմութեան մէջ մի բան միշտ էլ ինձ ցաւով և ամօթով է լցրել: Դա մեր ժողովրդի մի մասի կրաւորական նահատակութիւնն է: Հարիւր հազարաւորներ հեզաբար առաջնորդուել են ձորերն ու ծովափերը: Արգահատելի է կրաւորաբար նահատակուող ժողովորդը» (Նույնը, էջ 46): Կրավորական նահատակությունից պետք է տարբերել մարտիրոսությունը, որը պայմանավորված չէ արտաքին առարկայական պատճառներով: Երբ այլևս մարդ չունի հնարավորություն ակտիվ պայքարելու` ինքնագիտակից մահը դառնում է մարտիրոսություն:

Սիմոն Վրացյանին ուղղված նամակում Նժդեհը գրում է. «Երբ կեանքիս մայրամուտին ինձ չյաջողուեց իբրեւ զօրական կռուել ու մեռնել հայ հողի համար, վճռեցի մեռնել բանտում` իբրև նահատակ: Այս ապրումներով 1948-ի ամռան փոխադրուեցի հեռաւոր հիւսիս: Ուժասպառ էի, բայց ոչ ոգեսպառ: Ապրում էի նահատակի կրքոտութեամբ եւ ուրախութեամբ: Ճիգ էի անում, ինչպէս այժմ, մնալ ոտքի վրայ և մեռնել գիրքը ձեռքիս» (Նույնը, էջ 362):

Կրոնը, հավատքը, հոգևոր զարգացումը Նժդեհը դիտում է իբրև ազատության ճանապարհ, ինչպես անհատի ներքին ազատության իմաստով, այնպես էլ ազգի և հայրենիքի: Այն անհատները, որոնք հասել են ներքին ազատության, որոնք այլևս հաղթահարել են էականության ստոր վիճակները, պատրաստ են իրենց զոհաբերության, նահատակության գնով պաշտպանել իրենց հավատի, ազգի ու հայրենիքի սրբությունը, պատիվն ու ամբողջականությունը: Եվ, վերջապես, մահվան մասին Նժդեհի ամենակուռ մտքերից մեկը ամբողջացնում է այս գաղափարը. «Խորապէս մեղանչում է մարդը` մահուան գաղափարը յաւիտենական կորստի հետ կապելով: Կորուստ չկայ տիեզերքում: Չլինէր ոգու անմահութիւնը` չէր լինի նրա կատարելութեան ձգտումը, նրա առաջընթացը, որու ճամբու վրայ ամէն մի խորհող էակի կեանքը մի առաջաքայլ է: Լինէր մահը` անցեալը կլինէր մեռեալ: Մահը տրուած է մարդուն այն յաղթահարելու համար: Միայն կամաւոր նահատակն է բացարձակ ազատութիւն վայելում» (Նույնը, էջ 271-272): Այստեղ Նժդեհը մարդու կատարելությունը տեսնում է Քրիստոսանմանության մեջ, հետևելով Քրիստաոսի այն խոսքին, որ գրված է Հովհաննու Ավետարանում. «Ես յաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ:33 ), իմանալով, որ այս աշխարհը ժառանգեց մեղք, իսկ մեղքի վարձը մահն է: Հետևաբար, ըստ Նժդեհի` մարդը ևս հաղթելով մահին` հաղթում է աշխարհին: Փաստերին հետևելով` տեսնում ենք, որ Նժդեհի մոտ կրոնական գիտակցությունը իմաստության, դաստիարակության և ինքնապաշտպանության հիմքն է: Կրոնական հակվածությունն աղբյուրն է ստեղծագործական ոգեշնչումի, իմացականության և  հոգու մաքրության, որ մարդուն նախապատրաստում է նաև ազգի զինվորը դառնալու: Հետևաբար, եթե մենք աներևակայելի դաժան պայմաններում կարողացել ենք գոյատևել, դա եղել է հենց այդ ուժի շնորհիվ: Նժդեհը լավագույնս է պատկերացրել կրոնական գիտակցության զորությունը և ստեղծելով իր ռազմաքաղաքական, ցեղակրոն համակարգը` նոր շունչ է տվել ազգային գիտակցությանը: Հանրագումարի բերելով այս բոլոր փաստերը` կարող ենք վստահորեն պնդել, որ`

ա. Ցեղակրոնությունը նոր կրոն չէ, այլ ուսմունք:

բ. Ցեղակրոնության ուսմունքը չի մերժում Քրիստոնեությունը:

գ. Քրիստոնեության և  Ցեղակրոնության գաղափարները ո՛չ միայն չեն հակասում իրար, այլ ընդհակառակը` Ցեղակրոնությունը հիմնված է Քրիստոնեական արժեքների վրա:

դ. Նժդեհի ուսմունքը բացարձակապես կապ չունի ֆաշիզմի և նացիզմի քարոզած այլատյացության հետ: Այդ ուսմունքն աշխարհասփյուռ հայության ինքնապահպանման և ինքնապաշտպանման համար ստեղծված մի համակարգ է:

 

ՍՄԲԱՏ սարկավագ ԽԱՆՎԵԼՅԱՆ

 

loading...

Կարդացեք նաև

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

admin

ՏՆՕՐՀՆԷՔ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈւ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

admin