Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Իր մահկանացուն կնքեց Արմեն Հովհաննիսյանը

Կյանքի 76-րդ տարում մահկանացուն կնքեց հրապարակախոս, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանը, մեկը այն երախտավորներից, ում ներկայությունը վերջին ավելի քան 5 տասնամյակներում մեր կյանքի, մեր մշակույթի ընթացքի մեջ անգնահատելի է:
Նրա կազմակերպչական եռանդն ու գործունեությունը մամուլում և հեռուստատեսությունում, գրական ու երաժշտական հաղորդումների ինքնատիպ նախագծերը, հրապարակախոսական կրքոտ հոդվածները, թարգմանական գործունեությունն անջնջելի հետք են թողել մեր հասարակական կյանքում և մշակույթում:
Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1936 թ. մարտի 10-ին Թավրիզում (Իրան): 1946 թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է <<Ավանգարդ>> թերթում, Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, հիմնել է <<Ծիածան>> ռադիոկայանը, ղեկավարել է ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության երաժշտական բաժինը: Աշխատել է գրահրատարակչության ոլորտում: Վարպետության դասեր է վարել Ռուս-հայկական, <<Գլաձոր>> և Հայկական պետական մանկավարժական համալսարաններում:
Նրա հրապարակախոսական հոդվածները առանձնացել են նյութի և հարցադրումների լայն ընդգրկումով ու հրատապությամբ, քաղաքացիական ակտիվ կեցվածքով, խիզախ դիրքորոշումով, մեր երկրի ու մշակույթի նկատմամբ անսահման սիրով ու նվիրվածությամբ: Տարբեր տարիներին այդ նյութերը ամփոփվել են <<Աղետ>> (1990), <<Հայաստան, երկիր դրախտավայր>> (1993), <<Խորհրդատվություններ 2-րդ էջի համար>> (1993), <<Ուրբաթախոսություն>> (2001) և այլ ժողովածուներում: Առավել ամբողջական դրանք ընդգրկվել են <<Զանգակատուն բերող ճանապարհին>> եռահատորյակում, որի երրորդ հատորը տպագրության ընթացքի մեջ է:
Ծանրակշիռ է նրա վաստակը գեղարվեստական թարգմանության ասպարեզում: 1960-ականներից հայ ընթերցողը, շնորհիվ Արմեն Հովհաննիսյանի, ծանոթացել է ռուս գեղարվեստական արձակի ընտիր նմուշներին` ընդհանուր հաշվով մոտ 8000 էջ թարգմանական գրականություն. Ալեքսանդր Պուշկին, Ֆեոդոր Դոստոևսկի, Անտոն Չեխով, Ալեքսեյ Կուպրին, Միխայիլ Բուլգակով, Ալեքսանդր Սոլժենիցին, Վասիլի Շուկշին և այլն, երկու տասնյակից ավել հեղինակներ: Թարգմանություններում Հովհաննիսյանն ապրել է իր հերոսների կյանքով, կարողացել է նրանց հոգևոր գանձերը անկորուստ փոխանցել հայ ընթերցողին:
Բարձր է գնահատվել նրա հրապարակախոսական և թարգմանական գործունեությունը: 1989թ. արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության <<Ոսկե գրիչ>> մրցանակին: 1989-ին` ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան, ապա 2001թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ <<Կանթեղ>> թարգմանական մրցանակներին: 2004-ին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշանով:
Մահը բազմաթիվ գործեր կիսատ թողեց, բազմաթիվ ծրագրեր չիրականացան: Նրա գրամեքենայի վրա անավարտ մնաց Վլ. Նաբոկովի <<Լոլիտա>> վեպի թարգմանությունը: Սակայն տաղանդավոր հրապարակախոսի ու թարգմանչի, անվանի հասարակական գործչի ստեղծած ժառանգությունը նրա անունը վառ կպահի հետագա սերունդների հիշողության մեջ:

Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին ժմը 18.00` Նոր Նորքի 5-րդ զանգվածի <<Սուրբ Սարգիս>> եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 26-ին, ժամը 12-14-ը` Հայաստանի գրողների միությունում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

 

 

loading...

Կարդացեք նաև

“Ճանապարհորդություն երկրի կենտրոնում 2. Խորհրդավոր կղզի”: Շքեղ պրեմիերա Լոս-Անջելեսում

admin

Սահմաններից դուրս. Ցուցահանդես ՆՓԱԿ-ում

Սուսի Միսակյան

«Շատ սարսափելի ֆիլմ»-ի շարունակությունը

admin