Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

ԶԱՆԳ

Զանգի գիւտն արուել է տակաւին Դ. դարում Իտալիայի Նոլա քաղաքում։

Բուն Հայաստանում առաջին անգամ սուրբ Յովհան Մանդակունի (Է. դ.) իմաստասէր հայրապետն է յիշատակում զանգի մասին, որը, սակայն, ձեռքի զանգակ էր, աւելի ճիշտ՝ բօժօժ։ Այն սովորական զանգակից տարբերւում է նրանով, որ ներքեւի շրթունքներն իրար են հպուած՝ միայն երկու անցք թողնելով, ուր երկաթէ փոքրիկ կտոր է լինում։ Բօժօժները սովորաբար կաղնու մեծութիւն ունեն, որոնք գործածւում են բուրվառի շղթաների վրայ ու քշոցի շուրջբոլորը՝ իւրաքանչիւրի վրայ տասներկու հատ, որոնք ըստ սուրբ Գրիգոր Տաթեւացու՝ խորհրդանշում են տասներկու առաքեալների քարոզչութեան աշխարհասփիւռ ձայնի տարածումը։ Երկար ժամանակ զանգի դեր է կատարել կոչնակը, որը տաշած ու հարթեցուած քառակուսի փայտ էր։ Սուրբ Գրիգոր Նարեկացին դրան անուանում էր շերտ՝ փայտի կտոր։ Ձայն դուրս գալու նպատակով կոչնակին հարուածում էին յատուկ մուրճով, որը կոչւում էր թակաղակ։ Մինչեւ Վանական Վարդապետը (ԺԳ. դ.) կոչնակը յայտնի էր ժամահար անուամբ։ Կոչնակին երկար դարեր հարեւանել է զանգը։ Այն սնամէջ տանձաձեւ գործիք է, որի ներսում կախուած է լեզուակը, իսկ վերեւի մասում ունի կախելու տեղ։ Զանգերի մասին հայոց մատենագիրները բաւական աղօտ տեղեկութիւններ են հաղորդում։ Դրանց մասին արժանահաւատ ու արժէքաւոր յիշատակումներ կան սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետի եւ սուրբ Գրիգոր Տաթեւացի եռամեծ վարդապետի երկերում։ Թէեւ զանգը Հայաստանում կիրառուել է Ժ. դարի երկրորդ կէսից, սակայն ԺԲ. դարից սկսած եւ այսօր էլ այն անբաժան է Հայոց Եկեղեցու ծիսակատարութիւններից։ Պահպանուած հայկական ամենահին զանգերը ձուլուել են ԺԴ. դարում։ Դրանք պատրաստել են հնչուն մետաղներ պղնձից, բրոնզից, իսկ սուրբ Գրիգոր Տաթեւացին վկայում է, որ զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ՝ ձայնն առաւել հնչեղ դարձնելու համար։ Հարկ եղած դէպքում զանգը, ինչպէս եւ կոչնակը, ազդարարել է գոյժեր (յիշենք 1907 թ. Խրիմեան Հայրիկի մահը եւն)։ Զանգի ձայնը զարմանալի ազդեցութիւն ունի մարդու վրայ. տխրութեան պահին այն թախծալից է, իսկ ուրախութեան պահին՝ սրտապարար։ Եկեղեցական ծիսակարգում զանգ օգտագործելու բուն նպատակն ընդհանուր աստուածապաշտական արարողութիւնների ժամանակ հաւատացեալ ժողովրդին եկեղեցի հրաւիրելն է։ Եկեղեցու զանգը միաժամանակ խորհրդանշում է նաեւ հրեշտակների փողը, որը բոլորին հրաւիրելու է Աստուծոյ ահեղ ու արդար դատաստանին։ Զանգ հնչեցնում են նաեւ ննջեցեալ բերելու, իսկ աւելի յաճախ՝ հայրապետական թափօրի, առաջնորդի կամ բարձրաստիճան եկեղեցականների գալու ժամանակ։

Զանգահարումը ժամկոչի պարտականութիւնն է։ Վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը ողջ Հայկական լեռնաշխարհում ամենատեւական զանգահարումը կատարուել է 1918 թ.՝ Սարդարապատի մայիսեան հերոսամարտի ժամանակ, երբ եօթ ցերեկ ու եօթ գիշեր անընդմէջ ղօղանջում էին Արարատեան դաշտի եւ մերձակայ շրջանների հայկական եկեղեցիների զանգերը՝ ազդարարելով մահու եւ կենաց կռիւը։ Հնում զանգերն ունէին իրենց անունները (Հացի զանգն Անիում, Խաչքարի զանգը Ջուղայում եւն)։ Զանգի ձայնն աւելի հզօր ու զրնգուն դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն կախուի բարձր ու բաց տեղում։ Հէնց այս նպատակին էլ ծառայում են զանգակատները, որոնք սովորաբար կառուցւում են եկեղեցու հարեւանութեամբ կամ էլ եկեղեցու արեւմտեան ճակատին կից (Էջմիածնի Մայր տաճարը, Տաթեւի, Հռիփսիմէի վանքերը եւն), իսկ հազուադէպ նաեւ՝ հարաւային ճակատին կից (Աղթամարի Ս. Խաչ հռչակաւոր եկեղեցին)։ Հայաստանում առաջին զանգակատները կառուցուել են սկսած Ժ. դարից։ Նշանաւոր են յատկապէս Գոշավանքի, Հաղպատի, Սանահնի զանգակատները։ Էջմիածնի Մայրավանքի զանգակատունը կառուցուել է ԺԷ. դարում, որտեղ երկար ժամանակ հնչել է Տիբեթեան զանգը։ Մայր տաճարի զանգակատան կէսում օծուած Ս. Սեղան է կանգնեցուած, ուր ամէն տարի՝ Հրեշտակապետաց տօնին, Ս. Պատարագ է մատուցւում։ Զանգը ոգեշնչման աղբիւր է հանդիսացել շատ գրողների, արուեստագէտների համար։ Զանգերը յատուկ օծման եւ օրհնութեան կարգ ունեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մաշտոց» ծիսամատեանում։

 

Եղիա աբեղայ  ԽԱՉԱՏՐԵԱՆ

Սուրբ Էջմիածնի միաբան

 

loading...

Կարդացեք նաև

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

admin

Քառասուն մանուկների վկայաբանությունը

Սուսի Միսակյան

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈւ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

admin