Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

ՏՆՕՐՀՆԷՔ

«Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները,

եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում նրա պահապանները»

(Սաղմ. ՃԻԶ. 1)

 

Տնօրհնէքի արարողութիւնը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւոր–բա­րե­պաշ­տական սովորութիւններից մէկն է: Այն յատուկ է քրիստոնէական մի շարք եկեղեցի­նե­րին` յայտնի լինելով տակաւին առաքելական շրջանից: Քրիս­տոսի աշակերտները, հետեւելով իրենց մեծ Վարդապետի օրինակին, Փրկչի Սուրբ Ծննդեան եւ Սուրբ Յարութեան տօներին շրջում էին քրիստոնեաների տները` ա­ւե­տելով Աստուածայայտնութիւնն ու Տիրոջ հրաշափառ Յա­րու­թիւ­նը: Այդ­պէս էլ նրանց հետնորդները` քահանայ հայրերը, ե­կե­ղե­ցական մե­ծա­գոյն այս տօներին` Սուրբ Ծննդեան ութօրէքին եւ Սուրբ Զատկի յինանց` յիսունօրէքի շրջանին, այ­ցե­լում են իրենց ծուխերի բարեպաշտ զաւակների տներն ու նրանց փոխանցում ու­րա­­խարար աւետիսը` միաժամանակ օրհնելով վերջիններիս տները, որպէսզի Աս­տուած մշտապէս օգնական եւ պահապան լինի տան բնակիչներին: Տնօրհ­նէ­քի կարգի աւարտին հոգեւորականն իր հայրախնամ խօսքով քաջալերում, խրա­­տում ու հոգեւոր բերկրանք է պարգեւում Եկեղեցու սիրասուն զա­ւակ­նե­րին:

Հայոց աստուածահաստատ Ս. Եկեղեցում ցարդ գոյութիւն ունի տնօրհնեաց ա­­րարողութեան երեք կարգ` Սուրբ Ծննդեան, Սուրբ Յարութեան ու նորակերտ բնա­կա­րա­նի օրհնութեան:

Սուրբ Ծննդեան տնօրհնէքի ժամանակ հոգեւորականը, մտնելով տուն, տալիս է Սուրբ Ծննդեան աւետիսը, երգում սուրբ Մովսէս Խորենացու «Խորհուրդ մեծ եւ սքան­­չելի» շարականը, ապա Ղուկասի Աւետարանից ընթերցում Քրիստոսի Ծննդեան հատուածը (տե՛ս Ղուկ. Բ. 8–20): Սուրբ Ծննդեան բարի լուրը բերելով` քա­­հանան Ս. Խաչով ու Աւետարանով օրհնում է տան բարիքները` հացը` իբրեւ Յիսուս Քրիստոսի մարմնի խորհրդանիշ, ջուրը` իբրեւ մկրտութեան խորհրդա­­նիշ, եւ աղը` իբրեւ խաղաղութեան, մաքրութեան ու բարեպաշտ կեան­քի խորհրդանիշ:

Երկիրն իր չորս տարրերով Ադամի մեղսագործութեան պատճառով ա­նիծ­ուած էր, եւ Քրիստոս, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրն ու նրա պտուղ­նե­րը: Վերջում օծեալ եկեղեցականը, ի հարկի պարագային, օրհնուած ջուրը խաչաձեւ ցօղում է բնա­կա­րա­նի շքամուտքին եւ պատերին (այս սովորութիւնը, հաւանաբար, յետ­սա­մուտ է, քանի որ այս մասին որեւէ հրահանգի չենք հանդիպում «Մաշտոց» ծի­սա­մա­տեան­ներում),  խնկարկում ու տան անդամների համար Բարձրեալից պահ­­­պա­նու­թիւն հայցում: Տնօրհնէքի այս գեղեցիկ արարողութեամբ իւ­րա­քան­չիւրիս օ­­ջախը կարծես վերածւում է բեթղեհէմեան այրի, որը սրբւում եւ մաք­­րա­գործ­ւում է Քրիստոսի Սուրբ Ծննդեամբ:

Իսկ Սուրբ Յարութեան տօնին քահանայ հայրը տնօրհնէքի արարողութեան ըն­թաց­քում երգում է երանելի Ներսէս Լամբրոնացու հեղինակած «Այսօր յարեաւ ի մեռելոց» յարութեան շարականը, ապա ընթերցում Մատթէոսի Աւետարանի վեր­ջին հատուածը (տե՛ս Մատթ. ԻԸ. 16–20): Դրանից յետոյ քահանան կրկին օրհ­նում է աղը, հացը, ջուրը, ու այն խաչաձեւ ցօղում տան պատերին:

Նորակերտ բնակարանի (բնակարանամուտ) տնօրհնէքի արարողութեան ժա­մանակ երգւում է սուրբ Սահակ հայրապետի գրած «Այսօր երկնայինքն ու­րա­խա­նան» հոգեգալստեան շարականը, Ղուկասի Աւետարանից ընթերցում «Յիսուս եւ Զակքէոս մաքսապետը» հատուածը (տե՛ս Ղուկ. ԺԹ. 1–10), ար­տա­սա­նում «Տէ՛ր Աստուած ամենակալ» աղօթքը եւ ինչպէս նախորդ տնօրհ­նէք­նե­րի ժամանակ` կատարւում է աղի, հացի, ջրի օրհնութիւն, նորակերտ բնա­կա­րա­նի խնկարկութիւն ու տան չորս կողմերին` օրհնուած ջրի խաչաձեւ ցօղում: Բո­լոր տնօրնէքների աւարտին Եկեղեցու սպասաւորը` որպէս Տիրոջ մշտա­կայ օրհնութեան եւ տան բարիքի առատութեան մնայուն նշան, տան ան­դամ­նե­րին մի նշխար է տա­լիս, որը պէտք է սրբօրէն պահուի ալիւրի կամ էլ աղի մէջ (նաեւ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հետեւել, որպէսզի նշխարը չբորբոսնի. հակառակ դէպքում` այն տանել Եկեղեցի եւ տալ քահանային): Տնօրհնէքի արարողութիւնները փակւում են «Պահ­պա­նիչ» ու «Հայր մեր» աղօթքներով:

Տնօրհնէք կատարւում է նաեւ այն դէպքերում, երբ ընտանիքի անդամներից մէկն անխոհեմ եւ քրիստոնեային ոչ յարիր վարք է դրսեւորել, որի հետեւանքով խախտուել է տան օրհնաբեր խաղաղութիւնը, ինչպէս նաեւ այն ժամանակ, երբ տանը նկատւում է դիւային կամ կախարդական զօրութիւն (թուղթ ու գիր, ուրուականներ եւն): Այսպիսով, տնօրհնէքի կա­տար­ման բուն նպատակն է քրիստոնեայ ընտանիքին հաղորդ դարձնել հոգեւոր ու­րա­խութեանն ու օրհնութեանը: Ուստի շատ կարեւոր է, որ մեզնից ամէն մէկիս բնա­կարանը գոնէ տարին երկու անգամ օրհնուի, որպէսզի այն պարսպուի աստ­վա­ծա­յին զօրեղ պաշտպանութեամբ: Եւ քանի որ «Բարձրեալին քեզ ապաւէն դարձ­րիր, չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մերձենայ քո տան հար­կին» (Սաղմ. Ղ. 9–10). ամէն:

 

Եղիա աբեղայ  ԽԱՉԱՏՐԵԱՆ

Սուրբ Էջմիածնի միաբան

 

 


 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ով չգիտի համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել

Սուսի Միսակյան

Քրիստոնյաների վերաբերմունքը մահվանը

admin

Մարդու դերը բնության մեջ

Սուսի Միսակյան