Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ». 7-ԱՄՅԱ ՀՈԲԵԼԱՅԱՆ

Երեկ` սեպտեբերի 5-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր 7-ամյա հոբելյանը նշեց գնահատանքի մթնոլորտում ու շրջապատված ընկերների ու համախոհների հոծ բազմությամբ:

Միության տարեդարձը շնորհավորելու էին եկել սպասվածից ավել հյուրեր` արվեստի և մշակույթի բազմաթիվ գործիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ, ովքեր շնորհավորելով միության տարեդարձը` իրենց ելույթներում բարձր գնահատեցին «Նարեկացի»-ի դերն ու ավանդը հայ մշակույթի զարգացման գործում:

Իր և ՀՀ Մշակույթի նախարության անունից շնորհավորելով Միության տարեդարձը` ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն անակնկալ մատուցեց բոլոր ներկաներին` «Նարեկացի» արվեստի միության նախագահ և հիմնադիր Նարեկ Հարությունյանին շնորհելով ՀՀ Մշակույթ նախարարության բարձրագույն պարգևը` ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալը` հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար:

«Հարկ է մեկ անգամ այցելել այս կենտրոն, որպեսզի սիրահարվես կենտրոնին ու նրա գործունեությանը>>, – նշեց փոխնախարարը`հավելելով, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն ու «Նարեկացի»  արվեստի միությունը լավագույն բարեկամներ են և իրականացրել են համատեղ բազմաթիվ նախագծեր, և որ Մշակույթի նախարարությունն առհասարակ բարձր է գնահատում այսպիսի կենտրոնների ներդրումն ու կարևորությունը երկրի մշակութային կյանքում:

«3000 միջոցառում, 2000 շահառու արվեստագետներ», – գնահատանքով նշեց փոխնախարարը` հղում կատարելով Միության իրականացրած տպավորիչ գործունեությանը, որ ներառում է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ձայնասկավառակների, պոեզիայի ժողովածուների ու գեղարվեստական ալբոմների հրատարակում, համերգների, ցուցահանդեսների ու վարպետության դասերի շուրջ 30 մշտական շարքեր և մեկ տասնյակից ավել հատուկ նախագծեր, ինչպիսիք են` Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերության հիմնադրումը/2005/, «Նարեկացի»  երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխությունը /2006/, Բարոկ երաժշտության առաջին միջազգային փառատոնը Հայաստանում և տարածաշրջանում /2005, 2007/, Արամ Մանուկյան ամառային Ճամբարը` Միության Շուշիի կենտրոնին կից /2008/, Ազգային փոքրամասնությունների երաժշտության օրերը Հայաստանում/2007, 2008/, Համշենահայության մշակույթի շաբաթը /2008/, Թավջութակի երաժշտության հանրապետական անդրանիկ փառատոնը /2008/, Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Երևանում և Շուշիում /2009/, Շուշիի <<Հակոբ Գյուրջյան>> քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը /2011/ և այլն:

Հոբելյանական համերգին կատարումներով հանդես եկան Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Լևոն Կարապետյանը, «Սպեղանի» աղջիկների երգչախումբը, Գյուրջիևի անվան անսամբլը և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:

Կատարելով Կոմիտասի բանաստեղծության հիման վրա գրված իր «Բաղձանք ստեղծագործությունը սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի հետ` Վահան Արծրունին մասնակիացրեց, որ գործը զետեղված է «Նարեկացի» արվեստի միության հետ իր առաջին համագործակցության արդյունքում թողարկված «Կոմիտաս. Տասը հայտնություն» ձայնասկավառակում ու հավելեց, որ ընդամենը մի քանի օրից Հայաստան կժամանի իրենց համատեղ գործունեության նոր պտուղը` Մեսրոպ Մաշտոցի շարականների «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ»  նոր ալբոմը` Վահան Արծրունու մեկնությամբ և Համիկ Բաղդասարյանի կատարմամբ:

Համերգային ծրագիրն ավարտվեց բաց բեմով, որի ընթացքում շնորհավորական խոսքով ու կատարումներով հանդես եկան ներկա հյուրերից ու արվեստագետներից շատերը: Հատկապես տպավորիչ էին կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հայկական պարերգերի դաշնամուրային շարքի կատարումը, որին հաջորդեցին երգչուհիներ Կատերինա Հորստկայի ու Մարիա Ալավերդյանի վոկալ շնորհավորանքները:

Երևանյան հոբելյանից ընդամենը մի քանի օր առաջ` օգոստոսի 31-ին, նաև լրացել էր Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի 5-ամյակը, որը նույնպիսի հանդիսավորությամբ նշվեց Միության Շուշիի կենտրոնում` կենտրոնի խմբակների սաների աշխատանքների ցուցահանդեսներով ու ելույթներով`  Ստեփանակերտի «Վարարակն» կամերային երգչախմբի, Ստեփանակերտի պարարվեստի դպրոցի սաների, Լաչինի Արվեստի և սպորտի դպրոցի պարարվեստի խմբի, «Նարեկացի» ժող. նվագարանների համույթի, Շուշիի «Վարանդա»երգչախմբի և Շուշիի «Նարեկացի» կենտրոնի պարի խմբակի:

Կենտրոնի տարեդարձը շնորհավորելու էին եկել Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը, Շուշիի շրջվարչակազմի մշակույթի բաժնի պետ Անահիտ Եսայանը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու քահանա Տեր Անդրեասը, հյուրեր Արցախից և Հայաստանի Հանրապետությունից:

loading...

Կարդացեք նաև

1997թ. սեպտեմբերի 5-ին մահացավ Մայր Թերեզան

admin

Մեդիան` ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության

admin

Երիտասարդ համակարգչահենը ձերբակալվել է

admin