Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մեկնարկեց ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը

Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն և հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ ս. թ. հոկտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը` «Նոր իրողություններին ընդառաջ» խորագրով:
Այսօր, հոկտեմբերի 25 -ին, ժամը 18.00-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մաշտոցի պողոտա, 53, II հարկ) տեղի ունեցավ ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Գոնչարովան:
Պաշտոնական բացմանը հաջորդեց ուկրաինացի գրող, թարգմանիչ Միրոն Նեստերչուկի «Поезiя Вiрменii»` «Հայաստանի պոեզիա» գրքի, ինչպես նաև «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» Հ/Կ նախագահ Սերգեյ Մուրադյանի ներկայացմամբ` ռուսական պոեզիայի տողացի թարգմանությունների շտեմարանի շնորհանդեսները:
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ-ի, Եվրոպայի և Ասիայի 17 երկրների շուրջ 70 թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ և ոլորտի այլ մասնագետներ:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն 3 կլոր սեղաններ` «Ժամանակակից ազգային գրականությունների թարգմանության և հրատարկման հիմնախնդիրները», «Էլեկտրոնային գիրք. իրականություն և հեռանկարներ», «Գրական գործակալների դերն ու նշանակությունը թարգմանական ու հրատարակչական գործում» խորագրերով: Տեղի կունենան վերջին շրջանում հրատարակված գրքերի շնորհանդեսներ: Ոլորտի բարձրակարգ մասնագետների կողմից նախատեսվում են նաև անցկացնել «Հնագույն լեզուներից կատարվող թարգմանությունների մերօրյա հիմնախնդիրները», «Մարկետինգ և սպառում», «Իրավունք և արտոնագիր» թեմաներով սեմինարներ: Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանում 2012 թ. անցկացվելիք կարևորագույն միջոցառումներին: Տեղի կունենա «Երևանը գրքի 2012 թ. մայրաքաղաք» նախագծի շնորհանդեսը: Համաժողովի օրերին Մատենադարանում կբացվի «ԱՊՀ երկրների մշակութային ժառանգություն» ցուցահանդեսը, որը կներկայացնի Ռուսաստանի գրքի միությունը` ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Մատենադարանում կցուցադրվեն գրքեր և տպագիր նյութեր` նվիրված ԱՊՀ երկրների մշակույթին, պատմությանը, ազգային արհեստներին և գրականության գլուխգործոցներին:
Ս. թ. հոկտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվող ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովն իրականացվում է «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» հասարակական կազմակերպության կողմից:

loading...

Կարդացեք նաև

Մահացել է համաշխարհային փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

admin

Հարևանները բարձր երաժշտություն են լսում: Ի՞նչ անել

Սուսի Միսակյան

Հիրոսիմա ու Նագասակի. 72 տարի

admin