Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

Աշխարհիկ և կրոնական հումանիզմ

Հումանիզմը շատ լայն հասկացություն է. առօրյայում հումանիստ բառը նշանակում է բարի, գթասիրտ, մարդասեր: Այս իմաստից զատ հումանիզմը փիլիսոփայական ուղղություն է, որի առարկան մարդն է: Մեր նյութում հումանիզմ եզրը կիրառելու ենք որպես աշխարհում գերագույն արժեք ըմբռնելու  իմաստով: Ներկայացնելով աշխարհիկ և քրիստոնեական հումանիզմի տարբերությունները` մենք դրանք կդիտարկենք հիմնականում մարդկային ազատության և բարոյականության խնդրի համատեքստում: Հումանիզմը` որպես աշխարհայացք, ձևավորվել է Ռենեսանսի (Վերածննդի) ժամանակաշրջանում, որն անցումն էր Միջնադարից դեպի Նոր ժամանակը: Վերածննդի ժամանակաշրջանի մշակույթում առաջադրվեցին նոր սկզբունքներ, որոնք հակադիր էին միջնադարի կրոնական մտածողությանը: Միջնադարյան մտածողության ելակետը հիմնականում աստվածակենտրոն էր, այսինքն` կյանքի չափանիշը միայն Աստված էր, և մարդն իր գոյությունըհասկանում էր այս տեսանկյունից: Աստված գտնվում էր մարդկային կյանքի կենտրոնում: Հումանիզմի բերած մարդաբանական շրջադարձը Աստծուն դուրս է մղում այս կենտրոնական դիրքից և Նրա տեղն է դնում մարդուն: Մարդը սկսում է որպես իրականության ըմբռնման ելակետ իրեն դիտարկել: Այսուհետև մարդն իր գոյությունը սկսում է հասկանալ ելնելով ոչ թե Աստծուց, այլ` ինքն իրենից: Հումանիստական մարդակենտրոնությունը ելնում է մարդու` որպես գործունյա, արարող, ստեղծագործող, ինքնուրույն վճիռներ ընդունող, ինքնավստահ էակի մասին պատկերացումից: Մարդը դիտվում է որպես Աստվածային արարչության պսակ, բարձրագույն արժեք:Ի տարբերություն աշխարհիկ հումանիզմի` քրիստոնեական մարդասիրությունը բխում է նրա աստվածակենտրոնությունից: Մարդը, լինելով Աստծո ստեղծագործության գլուխգործոցը, ամենաշատն է վայելում Աստծո սերը: Սակայն այս պատիվն ու արժեքը Աստծո կողմից մարդուն շնորհված մի ընծա է, որի համար նա անպայման պատասխանատու է: Պարգև ընդունել, միաժամանակ, պատասխանատվություն ստանձնել է նշանակում: Պատասխանատվություն` ստացված նվերը պահպանելու և այն արդյունավորելու իմաստով: Հումանիզմում հենց այս կարևոր հանգամանքն է անտեսվում: Աշխարհիկ հումանիզմը մարդկային ազատությունը հիմնավորում է Աստծուց անկախ (ոչ թեոնոմ). նրա հիմնական դրդապատճառն այն է, որ Աստված և մարդ միմյանց բացառում են: Եթե գոյություն ունի Աստված, ապա մարդն ստրուկ է: Աշխարհիկ հումանիզմը Աստծո և մարդու հարաբերությունը դիտարկում է տիրոջ և ծառայի տեսանկյունից: Ըստ Ֆոյերբախի, Մարքսի, Նիցշեի, Սարտրի, Քամյուի` Աստծո ընդունումը անհնար է դարձնում մարդկային ազատությունը: Սարտրի համար աթեիզմը ազատության իրական աքսիոմն է: Ի տարբերություն դրա` քրիստոնեական հումանիզմը (Ն. Ա. Բերդյայեվ, Ս. Ֆրանկ, Գ. Մարսել, Կարսավին և այլք) կարծում է, որ Աստված և մարդ իրար ոչ թե բացառում են, այլ, ընդհակառակը` փոխլրացնում: Մարդը կոչված է ազատության. Աստված, ստեղծելով մարդուն, նրա մեջ դրոշմում է Իր պատկերը, իսկ Աստված բացարձակ ազատություն է և Աստվածային ազատության այդ մասնիկը մենք Աստծո կամքով ձեռք ենք բերել: Մարդը կոչված է ազատ կեցության, դրա համար էլ նրա ազատության յուրաքանչյուր սահմանափակումը  Արարչի ծրագրի ոտնահարում է:  Հումանիզմը, մարդուն գերագույն արժեք հռչակելով, անխուսափելիորեն արտահայտեց նաև այն, որ մարդն է չարի և բարու չափանիշը: Իսկ ըստ քրիտոնեության` բարոյականությունը պետք է ունենա «իրավական» այնպիսի  հիմք, որը բացարձակ է: Իսկ այն չի կարող լինել մարդը, այլ միայն` Աստված: Չպետք է գողանաս, չպետք է սպանես, չպետք է շնանաս ոչ թե այն պատճառով, որ մարդն է այդ հրահանգում, այլ` որովհետև դա էապես հակառակ է մարդ արարածի մարդ լինելու արժեքին: Այս արժեքը մարդն ինքն իրենից չի ստեղծում, այլ դա նրան շնորհված է Աստծուց: Ըստ քրիստոնեության` բացարձակ արժեք է հանդիսանում միայն բացարձակ աստվածային բնությունը, իսկ այդ բացարձակ բնությունը արտացոլված է մարդկային էության մեջ, և որքան որ այն արտացոլված է, այդքան էլ մարդկային բնությունը արժևորվում է: Ահա այս է քրիստոնեության բարոյականության բացարձակության ընկալումը: Մարդուն բացարձակ արժեք հռչակելով` հումանիզմը չարի և բարու չափանիշը օբյեկտիվ (Աստվածային) ոլորտից տեղափոխեց սուբյեկտիվ (մարդկային) ոլորտ: Առանց չարի և բարու գնահատման օբյեկտիվ չափանիշի անհնար է պատկերացնել համամարդկային բարիքի գաղափարը: Բարոյականությունը կարող է հիմնվել կամ միայն բացարձակ աստվածային արժեքների վրա, կամ այն գոյություն չունի: Հենց այստեղ է այսպես կոչված աշխարհիկ հումանիզմի փակուղին: Քանի որ սեկուլյար հումանիզմի համակարգում ապրող մարդիկ չեն կարող պաշտպանել բացարձակ բարոյականության գաղափարները, և հետևաբար չեն կարող ապրել համաձայն այդ բացարձակ բարոյականության չափանիշների:  Այսպիսով, ամփոփելով ողջ վերոգրյալը, կարելի է ասել, որ աշխարհիկ և քրիստոնեական հումանիզմը մարդուն համատեղ հռչակում են այս աշխարհում գոյություն ունեցող գերագույն արժեք, սակայն սկզբունքորեն իրարից տարբերվում են այդ գաղափարի համապատասխան ըմբռնումներով:

Պատրաստեց Արման Շոխիկյանը

 

loading...

Կարդացեք նաև

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈւ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

admin

Մարդու դերը բնության մեջ

Սուսի Միսակյան