Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Էջմիածնի ակտիվ երիտասարդները

Վերջերս Ֆեյսբուք սոց. Ցանցում բավական ակտիվ է «Ս. Էջմիածնի Երիտասարդներ»համախմբումը: Թե ովքե՞ր են նրանք և թե ի՞նչ գործունեությունն են ծավալում բարեպաշտ երիտասարդները,  պարզաբանեց «Ս. Էջմիածնի Երիտասարդներ»համախմբման  «Մամլո Դիվանի» պատասխանատու Վարուժան սրկ. Հակոբյանը:

-Անվանվելով Սուրբ Էջմիածնի երիտասարդներ արդյո՞ք միայն էջմիածնաբնակ երիտասարդներին եք ներառում ձեր խմբում:

– «Ս. Էջմիածնի Երիտասարդներ» համախմբումը միայն էջմիածնաբնակ երիտասարդների համար չէ, այն կազմված է հիմնականում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին նվիրված նախանձախնդիր երիտասարդներից, ովքեր սիրում են Մայր Աթոռը և պատրաստ են ամեն բան անել Նրա համար: Ավելացնեմ նաև, որ մեր համախմբման անդամները Հայաստանի տարբեր մարզերից են` Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից, Շիրակից, Կոտայքից և այլն:

Ու՞մ գաղափարն էր ստեղծել նման համախմբում և ո՞րն էր նախնական նպատակը:

-Համախմբման ստեղծման գաղափարը պատկանում է «Ս. Էջմիածնի Երիտասարդներ» համախմբման հիմնադիր Տ. Թովմա աբեղա Խաչատրյանին: Հայր Սուրբի նպատակներից մեկն էր Մայր Աթոռի շուրջը հավաքել բանիմաց, կրթված, եկեղեցասեր երիտասարդների, ովքեր պատրաստ են պահպանել մեր սրբությունները, և գործել ի փառս Ս. Էջմիածնի:

Ովքե՞ր են հատկապես հետաքրքված «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբման գործունեությամբ և ովքե՞ր են աջակիցները:

-Մեր համախմբման գործունեությամբ հետաքրքրված են հասարակության գրեթե բոլոր խավերը, մեր գործունեությունը ողջյունել և օրհնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համախմբման մեջ տարիքային սահմանափակություն չկա, սակայն մեծ մասը բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներ են, իսկ մի մասն էլ շարունակում են սովորել բարձրագույն հաստատություններում:

Գո՞հ եք երիտասարդների ակտիվությունից:

-Չափազանց գոհ ենք մեր երիտասարդների մասնակցությունից, համախմբման մեջ ավելի քան 30 ակտիվիստ անդամներ ունենք, որոնց ակտիվության շնորհիվ կարողանում ենք լայն գործունեություն ծավալել:

Պատմեք թե ինչ գործունեություն է հասցրել ծավալել ձեր թիմը և խոսեք ապագայում իրականացվելիք միջոցառումների մասին:

-«Ս. Էջմիածնի Երիտասարդներ» համախմբումն իր հիմնադրման օրվանից ցայսօր կատարել է շուրջ 12 ուխտագնացություններ Հայաստանի տարբեր թեմեր: Հիմնականում այցելում ենք այնպիսի վանքեր ու եկեղեցիներ, որոնց շրջակա տարածքը մաքրման ու բարեկարգման կարիքներ ունեն: Բացի ուխտագնացություններից այցելում ենք մանկատներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, միայնակ ծերերի, կարիքավոր մարդկանց: Համագործակցում ենք Երևանի Ֆինանսաբանկային Քոլեջի հետ և ապագայում ծրագիր ունենք այդ նույն քոլեջում կազմակերպել քրիստոնեական դասեր, որոնց կարող են մասնակցել բոլոր քոլեջների ուսանողները:
Առաջիկայում նպատակ ունենք ուխտագնացություն կազմակերպել դեպի Արևմտյան Հայաստան:

 

Մենք տեղյակ ենք, որ դուք այցելում եք նաև մանկատներ և այլ հատուկ տիպի հաստատություններ: Ի՞նչ եք առաքելությամբ եք լինում այնտեղ:

-Ամեն շաբաթ մեր համախմբման անդամները այցելում են «Զատիկ» մանկատուն: Մենք ունենք հատուկ «Մանկատան հարցերի կարգավորման» բաժին, որի պատասխանատուն Արմեն սրկ. Սահակյանն է, ով կազմակերպում է մեր այցելությունները մանկատուն: Նա է կազմել ծրագիր, որով առաջնորդվում են համախմբման անդամները մանկատուն այցելելիս: Ամեն անգամ մանկատուն գնացողների հետ անպայման լինում է նաև համախմբման հոգևորական անդամ, վերջինս այնտեղ անցկացնում է քրիստոնեական դասեր` փորձելով բավարարել երեխաների հոգևոր պահանջմունքները: Մեր առաքելությունն է այնտեղ փորձել երեխաներին որքան հնարավոր է քրիստոնեավայել դաստիարակել:

Դուք ակտիվ եք նաև սոց ցանցերում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

Այո մենք գործում ենք համացանցում ևս, ունենք մեր վեբ սայթը, ակտիվորեն աշխատում ենք հատկապես Facebook սոցալիական կայքում, որտեղ ունենք մեր «Ս. Էջմիածնի Երիտասարդներ» կայքէջը, ուր կան մոտ. 20 տարբեր բնույթի խմբեր, որոնց ադմինիստատորները մեր համախմբման անդամներն են, ովքեր լուրջ գործունեություն են ծավալում:

Ի՞նչ քաղաքական ուժ է հովանավորում:

-Մենք որևէ կուսակցությունների հետ չենք համագործակցում, մեր համագործակցությունը միայն եկեղեցական միությունների հետ է:

 

-Ե՞րբ կհամարեք որ կատարեք եք ձեր առջև դրված խնդիրը:

Մեր առջև միշտ էլ որևէ խնդիր կա դրված, որ մենք պարտավոր ենք լուծել: Մեր աշխատանքը ավարտված կհամարենք միայն այն ժամանակ, երբ որ ամեն ինչ լինի իդեալական, չունենանք մանկատներ, չլինեն կեղտոտ բակերով եկեղեցիներ, բոլորս լինենք միմյանց նկատմամբ սիրով ու քաղցրությամբ և այլն և այլն:

Հարցերին պատասխանեց «Ս. Էջմիածնի Երիտասարդներ» համախմբման «Մամլո Դիվանի» պատասխանատու Վարուժան սրկ. Հակոբյանը:

Հարցազրույցը վարեց Սուսի Միսակյանը

 

loading...

Կարդացեք նաև

Տոնդ շնորհավոր, Փոքրիկ. «Քեզ մաղթում եմ…..»

admin

« Կյանքը կրակոցից առաջ և հետո»: Բացառիկ հարցազրույց վիրավոր զինվորի հետ

admin

“Forgive me for not forgetting me” (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար)

Սուսի Միսակյան