Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Նոյեմբերի 4-11 կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրերը

Հայաստան-Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաև պետությունների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագրի և միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում երկու երկրներում փոխադարձաբար անցկացվում են մշակույթի օրեր: 2010 թ. սեպտեմբերի 17-23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր, իսկ ս. թ. նոյեմբերի 4-11-ը Եգիպտոսի մշակույթի օրեր են անցկացվում Հայաստանում: Այդ առթիվ Հայաստան է ժամանելու եգիպտական պատվիրակությունը /թվով 46 մասնակից/` ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ /արտաքին հարաբերությունների գծով/ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարի գլխավորությամբ: Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում կստորագրվի <<ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին>> գործնական ծրագիր:
Նախատեսվում է նաև.
 ցուցահանդեսային ծրագիր
Հայաստանի ազգային պատկերասրահում /նոյեմբերի 5-10/ կբացվեն եգիպտական արվեստի, եգիպտահայ մեծանուն երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսները /բացումը` նոյեմբերի 5-ին, ժամը 13:00/,
 Կահիրեի օպերայի և բալետի թատրոնի ներկայացումներ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում /նոյեմբերի 7-ին, ժամը` 19:00/ կներկայացվեն Կահիրեի օպերայի և բալետի ընկերության <<Անկախ ամեն ինչից>> և <<Եգիպտական գիշերներ>> մեկ գործողությամբ երկու բալետները,
 վարպետության դասեր` մանուկների համար
Խնկո – Ապոր անվան մանկական ազգային գրադարանում /նոյեմբերի 7-10/ մանուկների համար կներկայացվեն <<Կայան>> խամաճիկների թատրոնի, ստվերների թատրոնի և օրիգամիի արվեստները, նրանց հետ կանցկացվեն պարապմունքներ: Երեխաների մասնակցությամբ կբեմադրվի ներկայացում և կցուցադրվի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /նոյեմբերի 9-ին, ժամը` 14:00/,
 մնջախաղի ներկայացում
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /նոյեմբերի 8-ին, ժամը` 19:00/ ներկայացումով հանդես կգա աշխարհի 20 լավագույն մնջախաղի վարպետներից մեկը համարվող Ահմեդ Նաբիլը,
 ֆիլմերի ցուցադրություններ
<<Նաիրի>> կինոթատրոնում /նոյեմբերի 7-10-ը/ կցուցադրվեն <<Էլ մոուլեդ>> /բացման ֆիլմ` ժամը 15:30/, <<Ճակատագիր>>, <<Մեկնման ուրբաթ>>, <<Բարձրախոս>>, <<Մումիա>> եգիպտական հինգ ֆիլմերը: Եգիպտոսի հայտնի հայազգի դերասանուհի Լիզ Սարգսյանը հանդիպումներ կունենա Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: Կհանդիպի նաև <<Ոսկե Ծիրան>> միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների հետ:
Երկկողմ պայմանավորվածության համաձայն` Եգիպտոսի մշակույթի օրերի ընթացքում Հայաստանի գրողների միությունում /նոյեմբերի 5-ին, ժամը` 11:00/ տեղի կունենա նաև ԵԱՀ մշակույթի նախարարի խորհրդական, արտաքին հարաբերությունների գործակալության ղեկավար, բանաստեղծ Հուսամ Նասսարի բանաստեղծությունների <<Մոլորված` փնտրում եմ երկիր>> խորագրով ժամանակակից պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը /արաբերենից տողացի թարգմանությունը` Հովհաննես Ասատրյանի, բանաստեղծության վերածումը` Հովիկ Հովեյանի/:
Եգիպտական պաշտոնական պատվիրակությունը մշակույթի օրերի շրջանակներում կունենա նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ հանրապետության պետական պաշտոնյաների հետ:
2011 թ. նոյեմբերի 4-11-ը Հայաստանում կայանալիք Եգիպտոսի մշակույթի օրերը լուսաբանելու նպատակով եգիպտական պաշտոնական պատվիրակությանը կուղեկցեն նաև եգիպտական առաջատար օրաթերթերի լրագրողներ:

loading...

Կարդացեք նաև

«Արմավիր Art» մշակութային փառատոնը Արմավիրում

admin

“Ճանապարհորդություն երկրի կենտրոնում 2. Խորհրդավոր կղզի”: Շքեղ պրեմիերա Լոս-Անջելեսում

admin

Կյանքից հեռացել է «Սպաները» ֆիլմի աստղը

admin