Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Շիրվանզադեն Բրիտանական Թատրոնում


Երեկ  «Նարեկացի»-ում թատերական մեծ պրեմիերա էր: Բրիտանացի բեմադրող ռեժիսոր Վերոնիկա Ուիգգի ժամանակակից ընթերցմամբ ու նորովի մեկնաբանությամբ կներկայացվեց  «Նամուս. սպիտակ, կարմիր և սև»  թատերական նոր ներկայացումը:  Ներկայացումը հիմնված է Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» պիեսի վրա, որը հեղինակը գրել է 1911 թվականին` գրողին հռչակ բերած համանուն վեպի հրատարակումից շուրջ 15 տարի անց: Աճեմյանական բեմադրություններից հետո սա թերևս «Նամուս»-ի առաջին նորօրյա վերընթերցումն է, որն իրականացնելու համար ներգրավվել են հայ, բրիտանացի և մեկ իրանցի դերասաններ, ովքեր իրենց դերերը կատարում են հայերենով:

Բեմադրության հիմքում ընկած էր ժամանակակից թատրոնում մեծ տարածում ստացած «միատեղ արարման» /collaborative creation/ կամ «կերտվածքային» թատրոնի /devised theatre/ սկզբունքը, որտեղ, ինչպես Կոմեդիա դել արտե (իտլ.`commedia dell’arte) ներկայացումներում, սցենարի հեղինակը ոչ թե մեկ հեղինակ է կամ հեղինակների խումբ, այլ` ողջ թատերախումբն ու հիմնականում` դերակատարները, ովքեր սցենարը կերտում են ներկայացման փորձերի ընթացքում հանկարծաստեղծման /իմպրովիզացիայի/ սկզբունքով: Հետևելով համաշխարհային թատրոնի լեգենդներ Փիթեր Բրուքի (անգլ.` Peter Brook), Եժի Գրոտովսկու (լեհ.` Jerzy Grotowski) և հատկապես Էթիեն Դեկռուի (ֆր.` Etienne Decroux) տեսական ու փորձարարական հայեցակարգին` թատերական այս մեթոդը խարսխված է ստեղծագործ դերասանի գաղափարի վրա, որը դերասանին օժտում է ստեղծագործական շատ ավելի մեծ ազատություններով ու ներուժով` ի հակադրություն դերասանին ավանդաբար վերապահված գործառութային մոտեցման, որտեղ նա ավելի շատ ընկալվում է որպես սցենարի հեղինակի ու ռեժիսորի մտայնությունների միջնորդ ու փոխանցող:

Այս մեթոդով ներկայացումներ Վիկտորիա Ուիգգը բազմիցս է բեմադրել Անգլիայում, Իսպանիայում և Ավստրալիայում, սակայն սա նրա առաջին հայկական ու հայերեն աշխատանքն է, որին ռեժիսորը ձեռնամուխ է եղել, ինչպես ինքն է բնորոշում, պիեսի պարզ, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ ու դրամատիկ լիցքի պատճառով: Առհասարակ բրիտանացի ռեժիսորը կառուցվածքային ուժեղ աղերսներ ու առնչություններ է տեսնում «Նամուս»-ի և Վ. Շեքսպիրի «Օթելլո» և «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունների միջև, որը նրան նաև հնարավորություն է տվել ներկայացումը տեղայնացնել շեքսպիրյան թատրոնի ժամանակակից վերանայումների և ապակերտումների /deconstruction/ ավելի լայն համատեքստում` օգտագործելով դասական դրամատուրգիայի քարացած կարծրատիպերը կոտրելու համաշխարհային փորձը: Այսպես, ներկայացման մեջ ներմուծելով Թենեսի Ուիլյամսի հիմնած Պլաստիկ թատրոնին բնորոշ տարրեր` բռնության և ուժի կիրառման տեսարանները ներկայացվում են պատկերային մետաֆորների լեզվով` տեսարանները օժտելով իրականի ու խորհրդանշականի պատկերավոր լիրիկայով:

loading...

Կարդացեք նաև

Հայկական առաջին ֆիլմը

admin

Շերլին Սթոունը կդառնա հունական աստվածուհի

Կանադահայ քանդակագործի գրքի շնորհանդեսը