Ամսագիր.am
Image default
Հասարակություն

“Forgive me for not forgetting me” (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար)

Վերջերս Գրողների միության հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ գրող Աստղիկ Օհանյանի “Forgive me for not forgetting me” (Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար) գիրքը:

Գրքում նկարագրված է երիտասարդ երաժշտագետ Էլիզաբեթի և տաղանդավոր երիտասարդ նկարիչ Ալեքսի սիրո գողտրիկ պատմությունը: Երիտասարդները հանդիպում են, գտնում իրար, ճանաչում և սիրում: Թվում է, որ ողջ աշխարհն է ծաղկել նրանց սիրո առաջ, և զույգին սպասվում է անամպ ու երջանիկ կյանք և սեր` “մինչև լուսին և հետ”: Բայց դաժան իրականությունն իր անողորմ հարվածն է հասցնում երիտասարդներին. նրանց վիճակված չէ երկար ժամանակ վայելել իրենց սիրո քաղցր վայրկյաններն անգամ: Սերը, որ թվում էր ամենակարող, անզոր է մահվան անգութ սրի առջև: Կտրվում է մի երիտասարդ ու տաղանդաշատ երիտասարդի կյանքի թելը, և սև մշուշով է պատվում նրա սիրած էակի կյանքը: Հինգ երկար տարիներ աղջիկը փորձում է վերագտնել իրեն, փորձում է համակերպվել կատարվածի հետ. բայց ամենազոր սերը նրան չի լքում, նա շարունակում է սիրել և անմար պահել իր սիրած տղայի հիշատակը:

Գիրքը գրված է պատանեկան անմիջականությամբ, տոգորված է անանց սիրո և հավատարմության վեհ զգացմունքներով: Հեղինակը ինքն էլ բաժանում է իր հերոսների ցավն ու ուրախությունը, հոգսն ու տխրությունը, հավատարմության ոգին: Հերոսների ապրումները, տվայտանքներն ու սպասումները ներկայացված են խոր հուզականությամբ, ինչը գրավում է ընթերցողին, տանում իր  հետևից:

Սիրո գողտրիկ մի պատմություն, որ բախվում է անգութ իրականության գրանիտե պատին ու փշրվում… Փշրվում: Ոչ, չի փշրվում: Ծանր հոգեկան ցնցում տարած երիտասարդ աղջիկն ուժ է գտնում իր մեջ` ապրելու, անցնելու դաժան իրականության միջով ու պայծառ հայացքով նայելու կյանքին ու մարդկանց. նա ուժ է գտնում ապրելու, որ շարունակի պատմել մարդկանց իր սիրած տղայի մասին, որ անմար պահի նրա մասին հիշողությունը նախ` իր, ապա նաև` մյուսների հոգում:

Կարծում ենք, որ գիրքը կհետաքրքրի հատկապես երիտասարդ սերնդին, պատանիներին, որոնք նոր են ոտք դնում կյանք: Չէ± որ այն իրենց նման պատանի և երազանքներով լի մարդկանց մասին է: Գիրքը սովորեցնում է վստահել մարդկանց, բաց պահել սիրտը շրջապատի համար, պատրաստ լինել օգնության ձեռք մեկնելու նրանց, ով ունի դրա կարիքը: Եվ իհարկե, գիրքն առաջին հերթին սովորեցնում է անկեղծ ու հավատարիմ լինել սիրո հարցում. կամ անմնացորդ նվիրում սիրած էակին, կամ` ոչինչ. սա է գրքի հիմնական գաղափարը, որը հեղինակին հաջողվել է մատուցել անպաճույճ լեզվով, պարզ և հասկանալի մեկնաբանությամբ: Քանի որ գիրքը գրված է անգլերեն լեզվով, ապա համոզված ենք, որ այն օգտակար կլինի նաև անգլերեն լեզուն սովորողների համար:

Գիրքը կարդալուց հետո մարդու հոգում երկար ժամանակ մնում է մի լուսավոր թախիծ, տխրություն չկայացած երջանկության համար, ափսոսանք չստեղծված ընտանիքի համար, որը հավատարմության ու նվիրումի վառ օրինակ կլիներ հասարակությանը: Լուսավոր մի թախիծ, որ տխրության հետ մեկտեղ բերում է նաև ուրախություն այն բանի համար, որ աշխարհում կան սրտեր, որ կարող են իրոք սիրել, հիշել և հիշեցնել…Ուրեմն հեղինակին հաջողվել է թակել ընթերցողների հոգու դռները, բացել դրանք և տեղ հասցնել իր ասելիքը: Ուրեմն հեղինակին հաջողվել է ընթերցողների մտքին հասցնել իր քարոզած մարդկային բարձր արժանիքները:

Աստղիկ Օհանյանը ընդամենը 21 տարեկան է: Ավարտել է Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը: Ներկայումս սովորում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում: Երիտասարդ և խոստումնալից գրողն իր առաջին գիրքն է հանձնել ընթերցողի դատին, գիրք, որը խորհելու և մարդկային արժեքները վերագնահատելու առիթ է տալիս:

Շնորհավորում ենք սիրելի Աստղիկին` հրաշալի ստեղծագործության լույս տեսնելու կապակցությամբ: Հուսով ենք, որ տաղանդավոր աղջիկը դեռ բազմաթիվ նոր և հետաքրքիր գրքերով կուրախացնի մեզ:

Սեդա Մարության

loading...

Կարդացեք նաև

Ինչպես ճիշտ շփվել համացանցում

Սուսի Միսակյան

Նախընտրական ներկայացումներ Հայաստանի մարզերում

admin

Այսօր շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է

Սուսի Միսակյան