Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն Վիդեոբաժին

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 88 տարին է լրանում

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 – Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային ԱկադեմիայիՄ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Կեղծանուններ

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանըառաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի(Հախվերդեան 1981, էջ 39)։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։

Գրքեր

  • Անմահները Հրամայում են 1948
  • Անհաշտ Մտերմություն 1953
  • Սիրո Ճանապարհ 1954
  • Անլռելի Զանգակատուն 1959
  • Մարդը ափի մեջ 1964
  • Սայաթ Նովա 1969
  • Եղիցի լույս 1969
  • Ձեր Ծանոթները 1971

Պոեմներ

  • Անլռելի Զանգակատուն
  • Եռաձայն ՊատարագԲանաստեղծություններ

     

    Դու
    Դու
    երկու տառ,
    Դու
    հասարակ մի դերանուն,
    Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով
    Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

    Դու`
    երկու տառ,
    Ու ես գարնան հողի նման
    Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

    Դու`
    երկու տառ,
    Եվ ահա ես
    Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
    Անջատումին ըմբերանում
    Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

    Դու`
    երկու տառ,
    Ու ես, անգին,
    Ինձանից ինքըս վերանում`
    Փոշիացած հերոսների
    Ու ծնվելիք հանճարների
    Դասակին եմ ընկերանում…

    Դու`
    երկու տառ,
    Ու երբ հանկարծ
    Թողնում ես ինձ ու հեռանում`
    Լքված տան պես ճեղք եմ տալիս,
    Ծեփըս թափում, անտերանում,
    Եվ կսկիծը, ցեցի նման,
    Բույն է դնում իմ սյունի մեջ,
    Ձեղունի մեջ ու գերանում…

    Դու`
    երկու տառ,

    Դու`
    հասարակ մի դերանուն…

     

    Ապրե՜լ, ապրե՜լ

    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
    ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
    թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես,
    քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛,
    համբերատար քեզ հետ խոսի՜,
    հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը… հզոր Հանրությունը…

    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ ուրիշի խինդով խնդաս,
    Որ ուրիշի ցնծությունով
    Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
    Լինես, մնաս ամենքի հետ,
    Նրանց կամքին հպատակվես,
    «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
    Նրանց ցավով լուռ տապակվես:
    Տրվես նրանց լույսի նման
    Եվ չխաբես՝ հույսի նման:
    Արշալույսի նման բացվես նրա՛նց համար,
    Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար:
    Թե լաց լինես՝ նրանց համար,
    Թե բաց լինես՝ նրանց համար:
    Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգևոր հա՛ց,
    Քեզ նրանցով կյանքում զինես
    Եվ նրանցով կյանքում լինես ոգևորվա՜ծ:
    Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ,
    Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ:
    Թշվառ՝ ինչպես անապաստան,
    Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…

    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
    Որ նրանց հետ մթնես-ամպես,
    Եվ նրանց հետ շանթարձակվես.
    Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
    Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
    Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
    Ինչպես նամակ և կամ բացիկ…

    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
    Կյանքդ խառնել նրանց կյանքին,
    Տառապանքդ՝ տառապանքին,
    Ջանքդ՝ ջանքին,
    Ցանքդ՝ ցանքին,
    Եվ ենթարկվել նրանց կամքին,
    Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
    Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել…

     

    Գժվել

    Եվ ինձ լսելով`
    Կարող են ասել.
    “Գժվե՞լ է, ի՜նչ է”:
    Իսկ ես էլ կասեմ.
    “Այո’, գժվե՜լ եմ,
    Ինչո՞ւ չգժվել”:
    Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
    Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
    Առանց գժվելու` չկա շահած մարտ:
    Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
    Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
    Կեղև չի պատռի հատիկը նռան:
    Ծառե՞րն են փթթում`
    Գժվա՜ծ են անշուշտ:
    Երկիրն է պտտում`
    Գժված է անշուշտ…
    Սերմերը մինչև կարգին չգժվեն`
    Բերք չե’ն դառնալու:
    Թաթերը մինչև կարգին չգժվեն`
    Ձեռք չեն դառնալու:
    Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
    Ե’րգ չեն դառնալու…
    Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի’ժ լինեի…


     

loading...

Կարդացեք նաև

Serj Tankian – “Figure It Out” + lyrics

admin

Շառլ Ազնավուրը տաքսի սերվիսի գովազդում

admin

Դուք տեսե՞լ եք այսպիսի մայր

Սուսի Միսակյան