Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Պետրոս Դուրյանի մասունքը կամփոփվի մեր մեծերի կողքին

Ս. թ. փետրվարի 2-ին` ժամը 13:00-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում`  հուշապատի մեջ կամփոփվի արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը /գանգի բեկորները/: Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերվել է հող: Դուրյանի մասունքը հողի հետ խառնված, սափորով կամփոփվի հուշապատում`  հոգեհանգստի արարողությամբ:

1957 թ. Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ Սկյուտար թաղամասի Ս. Խաչ եկեղեցու «Պաղլարպաշը» հայոց գերեզմանատան մի հատվածը հատկացվում է նոր ճանապարհի կառուցմանը: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը հոգացել է, որպեսզի անցկացվելիք ճանապարհի վրա ընկնող շիրիմները տեղափոխվեն գերեզմանատան խորքը: Նշյալ շիրիմների թվում է եղել նաև Պետրոս Դուրյանի շիրիմը` իր մահարձանով: Պատրիարք Գարեգին Խաչատուրյանի /ով ներկա էր նախկին շիրիմի քանդմանը/ կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան և ավելի քան 10 տարի պահվել այնտեղ: 1960-ական թթ. վերջերին հաջորդ պատրիարքը` Շնորհք Գալուստյանը մասունքը գաղտնի բերում և հանձնում է Վազգեն Ա կաթողիկոսին, ով էլ իր հերթին 1969 թ. այն ի պահ է հանձնում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: 1970 թ. թանգարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում դիմել մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին` գանգի ոսկրերի միջոցով Պ. Դուրյանի դիմապատկերը վերականգնելու առաջարկով: Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բանաստեղծը լուսանկար չի ունեցել: Ճաղարյանը վերականգնել է Դուրյանի դիմապատկերը, ստեղծել կրկնակ դիմաքանդակ /նույնպես պահպանվում է թանգարանում/, այնուհետև գանգի ոսկրերը վերադարձրել է թանգարան:  Այս տարիներին պարբերաբար քննարկման առարկա է դարձել Դուրյանի մասունքը ամփոփելու հարցը:  2011 թ. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը առաջարկությամբ դիմում է ՀՀ մշակույթի նախարարությանը` մասունքը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու համար:

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվում Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի  Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ:

 

loading...

Կարդացեք նաև

Մելին Մոնրոյի պոռնոֆիլմը չի վաճառվել

Սուսի Միսակյան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգները Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

admin

Շիրվանզադեն Բրիտանական Թատրոնում

Սուսի Միսակյան