Ո՞վ է կրակի վրայով թռչելու և ով ի՞նչ խորհուրդ է գտնում այդ ավանդույթի մեջ: Պատասխանում են Ֆեյսբուքահայերը

8

 Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:
Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:
Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:

Իսկ ինչպե՞ս ենք  տոնին վերաբերվում այսօր, պահպանում ենք պապերից ժառանգած ավանդույթները, թե՞ այն դարձել է զվարճանքի առիթ`թռիչք կրակի վրայով, որի խորհուրդը չի հետաքրքրում կամ փոխարինվել է սիրահարների բարեխոս օտար սրբի մոդայիկ տոնով:

Այս հարցին, ամենայն անկեղծությամբ, պատասխանում են Ֆեյսբուքի հայերը: Հետևեք նրանց մտքերին: Նրանց կարծիքները ձեր կարծիքները չեն փոխի, սակայն ակներև կլինի  հայի երիտասարդի վերաբերմուքը ազգային արժեքներին:

Հակոբ Պապիկյան — Ցավոք զբաղվածության պատճառով չեմ հասցնի հաղորդակից լինել տոնին ամբողջությամբ: Կփորձեմ վաղը ընտանիքիս հետ, որևէ ժամի այցելել եկեղեցի: Տոնի խորհուրդը շատ կարևոր եմ համարում, քանզի այն Աստծո լույսն ու օրհնանքն է բերում մեր ընտանիքներին:

Ժողովրդական սովորություններից մինչև մեր Առաքելական եկեղեցու ծիսակատարությունները այդ ամենն իր մեջ մեծ ուժ է պարունակում, որ ևս մեկ անգամ հասնելով մեզ օգնում է ամուր պահել մեր ընտանիքը, լցվել սիրով, ջերմությամբ, հավատարմությամբ և գնահատել այն ամենն ինչ ունենք:

Արա Ասլանյան- Ես ահագին անգրագետ եմ ու չգիտեմ թե ինչ արմատներ ունի, հավանաբար հեթանոսությունից է գալիս, բայց ենթադրում եմ, որ դա բնական լիցքաթափության պահանջ է, որը տարբեր ժամանակներում ադապտացվել է, համապատասխան համըդհանուր ընդունված մտածելակերպին, օրինակ դարձել է կրոնական ավանդույթ: Նույնը կարող եմ ասել Վարդավառի տոնի մասին, պասի և այլն:

Արթուր Բաղդասարյան-Ճիշտն ասած, ես չեմ պատրաստվում թռչել կրակի վրայով, քանի որ մենակ եմ և իմաստ չեմ գտնում մենակ թռչելու մեջ: Ավանդույթին լավ ծանոթ չեմ: Սակայն վաղը Վալենտինի տոնն էլ չեմ պատրաստվում նշել:

Լիլիթ Նաիրուհի Ղազարյան- Կրակի վրայով միշտ էլ հաճույքով եմ թռել ու երբեք դրանից չեմ հրաժարվի: Խորհուրդը՝ կրակն ինձ համար միշտ էլ մաքրագործող խորհուրդ է ունեցել:

Անահիտ Ոսկանյան— Ես պարտավոր չեմ կրակի վրայով թռչել: Իհարկե տարբեր կերպ են մեկնաբանում եկեղեցին և ժողովուրդը, սակայն իմ աչքերում այն ուղղակի հնուց եկած ավանդույթ է, ինչպես ջրոցին:

Անահիտ Ջոհաններսեն- Ես Հայաստանում չեմ ապրում և Տյառնընդառաջ չեմ նշելու, միայն Սուրբ Վալենտին:

Հայկ Հարությունյան-Ճիշտն ասած դեռևս չեմ պատրաստվում թռչել կրակի վրայով, քանզի ամուսնացած չեմ և հստակ ընկերուհի էլ չունեմ, հետո էլ այդ իրողությանն ավելի շատ վերաբերվում եմ որպես ավանդույթի, որն իհարկե գեղեցիկ է և դրա պահպանումն էլ հետաքրքիր աշխույժ է բերում մեր ժողովրդի մոտ, բայց այնուամենայնիվ կցանկանայի, որպեսզի պահպանեինք Տեառնընդառաջի մաս կազմող կրակի հոգևոր խորհուրդն այնպես, ինչպես մեկնաբանում եմ մեր եկեղեցու հայրերը, որն է Քրիստոսի լույսի տարածման խորհուրդը, այսինքն կարևորը հոգևոր բովանդակությունն է, ոչ թե արտաքին ձևը, չնայած վերջինս էլ իր սովորույթային կողմն ունի…

Մարգար Քոլյան- Սուրբ պատարագից հետո, ավելին` Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո, ես չեմ պատրաստվում թռչել կրակի վրայով, քանի որ դա ընդհամենը ժողովրդական սովորություն է: Սակայն Վալենտինի տոնն էլ չեմ պատրաստվում նշել, քանի որ արդեն տոնել ենք մեր Սուրբ Սարգսի տոնը:

Աննա Կոստանյան- Տոնը իր մեջ  շատ մեծ խորհուրդ ունի, որի ժամանակ մարդիկ օծվում են կրակով, նրանց մեջ նորոգվում է Աստվածային արարչագործության զգացողությունը, զորանում ենք, մաքրագործվում: Նորահարսերը թռչում են կրակի վրայով, որպեսզի Վահագնի նման որդիներ ծնեն: Այս տարի մեր տանը ձևավորված ավանդույթը շարունակելով, որը մայրիկս է կազմակերպում, մենք վառեցինք կրակ, հրավիրեցինք մեր հարազատ մարդկանց, մտերիմներին, հարևաններին և տոնի կարգը պահպանելով, երգելով, բարեմաղթանքներ հնչեցնելով, ի դեպ մտերիմներիցս մեկը ամուսնացել է, ում հենց ուղղելով և բոլոր նորաստեղծ զույգերին սեր ու ջերմություն ցանկանալով, մեր ուրախությունը շարունակեցինք սեղանի շուրջ համտեսելով մեր տոնական գաթան, աղանձը, հալվան փոխինձը և մեծ հրճվանք ապրեցին քրոջս փոքրիկները: Նշանակում է, մենք կառչած ենք մեր արմատներին, մեր զավակներն էլ եթե նուն կերպ շարունակեն պահպանել ավանդական տոները, ուրեմն հայը հար կապրի:

ՍԵՐԸ ՆՈՐ ԾՆՎԱԾ ՄԱՃԱՌ Է ԹԹՎԱԾ,
ԻՍԿ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԻՆԻ,
ՈՐՔԱՆ ՀՆԱՆՈՒՄ ,ԱՅՆՔԱՆ ԱՄՐԱՆՈՒՄ
ԿՈՆՅԱԿԻ ԹԱՆՁՐ ՀԱՄ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ :

 Ալբերտ Հարությունյան- Անկեղծ ասած ես չեմ հետաքրքրվում նման բաներով, ավելի ճիշտ չեմ խորանում: Վաղը աշխատավայրում ավելի կարևոր գործեր ունեմ և չեմ էլ հասցնում մտածել դրանց շուրջ: Այդ միջոցառումները ինձ համար անկարևոր են:

Նուռ Յան- Խորհուրդն ինձ համար մեծ է, ես մեծ հավատքով եմ վերաբերվում մեր նախնիների թողած ժառանգությանը։ Այդ օրը համարվում էր, որ ձմեռը կես է եղել, այսինքն` դարմանը կես, իսկ կրակ վառում էին, որ արևին ուժ տային…