Ուսանողները բարձրաձայնում են

8

Փետրվարի 17-ին ժամը 13:30 Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերանսների դահլիճում (կանաչ դահլիճ) «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության Ձայն» ծրագիրը կհրապարակի հայաստանի խոշոր ուսումնական կենտրոնների ուսանողության շրջանում արված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Հետազոտության թեման է «Բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները. ուսանողների կարծիքի հարցում»:
Հետազոտությունը պարզել է, թե ուսանողները որքանով են տեղեկացված կրեդիտային համակարգի եւ ուսանողակենտրոն ուսուցման վերաբերյալ, որքանով է գնահատման համակարգը օբյեկտիվորեն արտահայտում ուսանողի գիտելիքներն ու կարողությունները, ուսանողների սովորելու մոտիվացիան, մասնակցությունը բուհի կրթության որակի ապահովմանը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ամիջականորեն ազդում են ուսանողակենտրոն ուսուցման կայացմանը Հայաստանում:
Առաջիկայում ուսանողներն հետազոտության արդյունքները կներկայացնեն նաեւ Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում:
Նշենք, որ փետրվարի 17-ին լրանում է ՈԱԱԿ «Ուսանողության Ձայն» ծրագրի գործունեության մեկ տարին: Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին դարձնել պահանջատեր իրենց կրթության նկատմամբ: Այն կյանքի կոչելու համար «Ուսանողության Ձայն» թիմի անդամները մեկամյա գործունեության ընթացքում հայաստանյան մի շարք բուհերում ձևավորվել են անընդհատ ընդլայնվող ուսանողական ցանց, իրականացրել են բազմաթիվ հանդիպումներ և խմբային քննարկումներ, ուսումնասիրել և բարձրաձայնել են ուսանողներին առավել հուզող խնդիրները: Ծրագիրը միտված է ակտիվացնելու ուսանողների և կրթության քաղաքականություն մշակողների միջև համագործակցությունը:
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հայաստանյան բուհերի, միջազգային կրթական ծրագրերի ներկայացուցիչներ և ուսանողներ: