Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

1810 թվականի այս օրն է ծնվել Ֆրեդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը

Լեհ մեծ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը ծնվել է 1810 թ. փետրվարի 22-ին, Վարշավայի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում: Նա մեծացել է երաժշտական միջավայրում: Հինգ տարեկանում արդեն հիանալի նվագում էր երաժշտական երկեր: Երաժշտության նրա ուսուցիչը հայտնի երաժիշտ Վ. Ժիվնին էր, ով փորձառու և նրբանկատ մանկավարժ լինելով, իր աշակերտի մոտ մեծ սեր է արթնացնում դասական երաժշտության հանդեպ:Ֆրիդերիկ Շոպենը դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝ Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝ ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել համերգներով: 1816–22 թթ-ին աշակերտել է չեխ կոմպոզիտոր Վոյցեխ Ժիվնիին, 1822–27 թթ-ին՝ Յուզեֆ Էլսներին:

Շոպենը 1823–26 թթ-ին սովորել է Վարշավայի լիցեյում, 1826–29 թթ-ին՝ Բարձրագույն երաժշտական դպրոցում: 1825–29 թթ-ին շրջագայել է Լեհաստանում, ծանոթացել ժողովրդական ստեղծագործությանը: Կյանքի վարշավյան շրջանը վճռորոշ էր Շոպենի արվեստի ձևավորման համար: Այդ շրջանում գրել է 2 կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիո, «Մեծ ֆանտազիան»՝ լեհական ժողովրդական երաժշտության թեմաներով, նաև պոլոնեզներ, մազուրկաներ և այլ գործեր:
1829 թ-ին Շոպենը մեկնել է Վիեննա, որպես դաշնակահար հանդես եկել համերգներով: 1831 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է արվեստի և գրականության ականավոր գործիչներ Ֆերենց Լիստի, Հեկտոր Բեռլիոզի, Էժեն Դելակրուայի, Հայնրիխ Հայնեի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ, արժանացել մեծ փառքի: Շոպենի ստեղծագործության համար շրջադարձային էր 1830–31 թթ-ի լեհական ապստամբությունը, որով ոգեշնչված՝ գրել է հերոսական-դրամատիկական կերպարներով հարուստ «Հեղափոխական էտյուդը», «Առաջին սկերցոն» և «Առաջին բալլադը»: Ապստամբության պարտության դառը խորհրդածությունների ազդեցությամբ 1837 թ-ին ստեղծել է հանրահայտ «Սգո քայլերգը»: Հայրենասիրական գաղափարներն արտացոլվել են նաև դաշնամուրի Սի մինոր սոնատում, պոլոնեզներում, մազուրկաներում, որտեղ կոմպոզիտորն ընդգծել է լեհական ժողովրդական պարային երաժշտության առանձնահատկությունները:
1834–35 թթ-ին նա ճանապարհորդել է Հռենոսով, 1835 թ-ին Լայպցիգում ծանոթացել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ: 1837–47 թթ-ին Շոպենը մտերիմ է եղել ճանաչված ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդի հետ. այդ շրջանում ստեղծել է իր ամենահասուն և կատարյալ գործերը: 1848 թ-ին կոմպոզիտորը վերջին համերգներով շրջագայել է Անգլիայում և Շոտլանդիայում: Առողջության վատթարացման պատճառով նա վերադարձել է Փարիզ, որտեղ էլ մահացել է թոքախտից՝ գրեթե չքավորության մեջ:

loading...

Կարդացեք նաև

1941 թ-ի այս օրն է ծնվել անվանի երգիչ եւ երգահան Բոբ Դիլանը

admin

Աշխարհահռչակ դրամատուրգՎիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է

admin

Այսօր Այվազովսկու ծննդյան օրն է