Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Կարինե Խոդիկյան

«Ինչ էլ լինի, ինչ հարված էլ գա` ես կենսասեր մարդ եմ: Այդ կենսասիրությունն ու կյանքը հաստատող համառությունն ինձ օգնում են, որպեսզի իմ գրականությամբ սիրելու, ապրելու, դիմադրելու, ներելու, ինչու չէ` նաև վրեժխնդիր լինելու ուժ տամ ընթերցողին ու հատկապես կանանց»,-այսպես սկսվեց իմ ու արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի զրույցը:

Մենք հանդիպել էինք` խոսելու համար մեր իրականության մեջ կնոջ զբաղեցրած կամ նրան հատկացված հասարակական դիրքի մասին: Իմ զրուցակցի համոզմամբ` հասարակական կյանքում կնոջը շատ նպատակասլաց քաղաքականությամբ փորձում են չեզոքացնել. «Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Երևի մեր ազգային նկարագիրն է այդպես` մի տեղը փոխհատուցվում է մյուսով, այսինքն` կինը ինչքան ինքնիշխան է իր ընտանիքում, այնքան նրա իշխանության սահմանները նվազում են ընտանքից դուրս»:

Որպեսզի կինը ավելի ազատ լինի, Խոդիկյանի դիտարկմամբ, հարկավոր է այն քաղաքացիական հասարակությունը, որի նույնիսկ մատույցներում մենք չկանք: Իր դեպքում չի կարող ասել, որ գրող լինելը դժվար է հայ կնոջ համար, ինքն այդ դժվարությունը երբևէ չի զգացել: Բայց կատակով հավելեց, որ նախընտրում է պիեսներ գրել, քանի որ «դրամատուրգուհի» չեն ասի: «Եթե գրելու բան ունես ու կարողանում ես գրել, այդ առումով, իհարկե, հեշտ է: Դժվար է, երբ հարց է գալիս` իսկ կողմնակի աչքով դու ինչպե՞ս ես ընկալվում: Ես գիտեմ, որ չգրել չեմ կարող, բայց դա ինչպես կընդունի իմ ընթերցողը, ավելի շուտ` իմ հանդիսատեսը` սա է խնդիրը»:  Նաև չի ընդունում, երբ ասում են, որ իր պիեսներում  կանայք գերադիր են տղամարդու նկատմամբ: Չէ՞ որ այդ ուժեղ, երբեմն` շատ ինքնավստահ կանայք սիրում են անձնուրաց, ամեն ինչ տալու պատրաստ մեծ սրտով, ուրեմն` իրենց արժանի տղամարդուն: «Առաջինը ես չէ, որ պիտի ասեմ` Հայաստանը տղամարդկանց երկիր է,- կատակով ասում է Խոդիկյանը,- իսկ կինը Աստծո կողմից ստեղծվել է սիրո, ընտանիքի, մայրության և տղամարդկանց աշխարհը գոնե մի քիչ բարիացնելու համար»: Ինքը Ռոլան Բիկովի խոսքով է դիմակայում իրականության փորձություններին` «Ինձ մեկ անգամ էլ փորձեցին ոչնչացնել: Ես ամեն ինչ սկսում եմ սկզբից», իսկ մյուս կանանց օգնում է իր պիեսներով: Հիշում է, որ «Կինը անձրևից հետո» պիեսի ներկայացումներից հետո կանայք մոտենում էին իրեն և ասում` «Դուք օգնեցիք, որ հավատամ ինքս ինձ, որ շարունակեմ ապրել»: Իսկ «Սիրային քառանկյունի» ներկայացումից հետո մի կին մոտեցել  է ու մի քիչ էլ կռվաարար տոնով ասել` «Դուք որտեղի՞ց գիտեք իմ կյանքը, Ձեզ ո՞վ է պատմել իմ մասին»: Դրամատուրգն ինքնավստահ ժպիտով հավելում է. «Ես հասկանում եմ, որ կպնում եմ կանացի ցավոտ կետերին, և կարողանում  եմ երբեմն նրանց ոչ միայն ցավը, այլև այդ ցավից ազատվելու ճանապարհը ցույց տալ»: Իրեն ֆեմինիստ չի համարում, քանի որ, ինչպես «Վերադառնում եմ, մոռացեք…» պիեսի հերոսուհին էր ասում, իր ժառանգական կոդի մեջ ֆեմինիզմ չկա. «Բնությունն այնպես է ստեղծել տղամարդուն և կնոջը, այնպիսի մի հավասարակշեռքի վրա է դրել, որ կինը պիտի կին լինի, տղամարդը` տղամարդ: Երբ նժարների հավասարակշռությունը թեկուզ աննշան խախտվում է, խախտվում է և կնոջ, և տղամարդու նկարագիրը»:

 

Զրուցեց` Նարե Հովհաննիսյանը

loading...

Կարդացեք նաև

Կիթառներով երեկո սփյուռքահայ առաջնորդների հետ

Սուսի Միսակյան

Օնլայն պայքար աղանդների դեմ

admin

Հունիսի 1`Կայացած տոն Մեծամորում

admin