Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

1897թ. Կարս քաղաքում է ծնվել Եղիշե Սողոմոնյանը` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Սովորել է Կարսի ռեալական դպրոցում: Կարսը փոքր քաղաք էր. բայց այդտեղ Չարենցը ընթերցանությամբ մեծ գիտելիքներ ձեռք բերեց համաշխարհային գրականությունից ` կարդալով քաղաքում եղած գրականաթյունը:

Չարենցը հենց պատանեկան հասակից շատ զգայուն էր ժամանակի խնդիրների հանդեպ, նա ապրում էր կարծես մերկ ջղերով, սրությամբ զգում էր մարդու մենակությունը, որը դեռ 19-րդ դարից եվրոպական և ռուսական բանաստեղծության կենտրոնական թեմաներից մեկն էր: Մարդիկ անտարբեր էին միմյանց հանդեպ, մինչդեռ մարդը միշտ ուշադրության և սիրո կարիք ունի: Այդ տարիներին է նա գրում իր լավագույն բանաստեղծությունները մարդու ճակատագրի, նրա լքվածության մասին («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Փողոցային պչրուհուն», «Տաղարան» շարքերը, «Հարդագողի ճամփորդները», «Տաղ անձնական» և այլ բանաստեղծությունները):

Չարենցի հասունությունը համընկավ Համաշխարհային առաջին պատերազմի և հայ ժողովրդի մեծագույն ողբերգության` Ցեղասպանության տարիներին: 1916թ. նա միանում է հայ կամավորական շարժմանը և մեկնում ռազմաճակատ: Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի զինվորների և հայ կամավորների հետ Չարենցը լինում է Արևմտյան Հայաստանում, տեսնում է ցեղասպանության սարսափելի հետքերը և դրանց մասին պատմում «Դանթեական առասպել» պոեմում: Այս տարիների տպավորությունները խոր հետք են թողել նրա հոգում և չեն մոռացվել ամբողջ կյանքի ընթացքում: Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի…» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:

1916-ին Չարենցը մեկնում է Ռուսաստան սովորելու: 1917թ. Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, հաստատվեցին խորհրդային կարգեր: Խորհրդային իշխանությունը իր նպատակն էր հռչակել նոր, արդար հասարակության ստեղծումը: Չարենցը, որն այնպես կրքոտ երազում էր իր ժողովրդի ապահովության, երջանկության մասին, չէր կարող չոգևորվել հեղափոխական գաղափարներով: Խորհրդային իշխանության կողմնակիցների և հակառակորդների միջև սկսված քաղաքացիական պատերազմին Չարենցը մասնակցում է խորհրդային ջոկատների կազմում, որի տպավորության տակ էլ գրում է իր «Սոմա» և «Ամբոխները խելագարված» հայտնի պոեմները: Ընդհանրապես հեղափոխությունը շատ մեծ ազդեցություն է գործել Չարենցի ստեղծագործության վրա:

1918-ին Չարենցը վերադառնում է Հայաստան, որտեղ նոր միայն ստեղծվել էր Հայաստանի Առաջին հանրապետությունը:

1920թ. Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն, ստեղծվում է Հայաստանի Խորհրդային կամ Երկրորդ Հանրապետությունը: Չարենցը նոր իշխանությունների համոզված կողմնակիցներից էր. նա հավատացած էր, որ խորհրդային իշխանությունը հայ ժողովրդին կհանի այն ծանրագույն վիճակից, որի մեջ գտնվում էր արդեն երկար ժամանակ: Չարենցը եռանդորեն մասնակցում է հանրապետության մշակութային կյանքին, ստեղծում և ղեկավարում է «Երեքը» գրական խմբակը, հայ պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը: 1921-25թթ. Չարենցը տպագրում է իր հայտնի «Երկիր Նաիրի» վեպը, որտեղ պատմում էր հայկական մի քաղաքի կյանքի ու կործանման մասին: Այդ քաղաքի նախատիպը իր հայրենի Կարս քաղաքն էր, որը հայկական զորքերի անհաջողությունների հետևանքով գրավում են թուրքերը:

Խորհրդային տարիներին Չարենցը գրում է բազմաթիվ նոր գործեր` պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից առավել հայտնիներից են «Խմբապետ Շավարշը» պոեմը, «Գանգրահեր տղան» չափածո նովելը և ուրիշ գործեր: Այս տարիների գործերում ավելի շատ լավատեսություն կա, նա հավատում է ժողովրդի ապագային, մարդու վերածնությանը: Այդ լավատեսությամբ է համակված նաև «Գիրք ճանապարհի» ժողովածուն` Չարենցի առավել հայտնի գրքերից մեկը, որը լույս տեսավ 1934-ին: Նոր բանաստեղծություններում ու պոեմներում, որ նվիրված էին հայոց պատմությանը, ներկայի ու ապագայի մարդկանց, Չարենցը նորից ու նորից խոսում էր իր ժողովրդի պատմության ողբերգական էջերի, նրա կորուստների ու ձեռքբերումների մասին:

Այս գիրքը դժվար ճակատագիր ունեցավ: Նրա մեջ եղած մի քանի գործեր պետական մարմինների կողմից համարվեցին վնասակար, գրքի սկզբնական տպաքանակը արգելվեց, հետո այդ գործերի փոխարեն ուրիշ գործեր դրվեցին, և նոր միայն գիրքը հանվեց վաճառքի: Այդ տարիները շատ դժվարին տարիներ էին մեր մտավորականության և ընդհանրապես ամբողջ ժողովրդի համար, հարյուրհազարավոր անմեղ մարդկանց անհիմն մեղադրանքներով ձերբակալեցին և կա՛մ գնդակահարեցին, կա՛մ աքսորեցին:

Չարենցի շուրջ ստեղծվում էր զրպարտության, հետապնդումների մթնոլորտ: 1937թ. նրան ևս ձերբակալեցին, և նա բանտում մահացավ:

Հետագայում Չարենցին, ինչպես և ուրիշ շատերի, արդարացրին: Չարենցը հայ գրականության պատմության մեջ մնաց իբրև մեկը հայ մեծագույն բանաստեղծներից, որի ստեղծագործության մեջ արտացոլվեց հայոց պատմության ամենաբարդ ու հակասական շրջաններից մեկը` լեցուն ողբերգություններով ու վերելքներով, հուսախաբություններով ու հույսերով:

loading...

Կարդացեք նաև

Փետրվարի 9-ին է ծնվել աստղագիտության դոկտոր-պրոֆեսոր Երվանդ Թերզյանը

admin

Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

admin

Այսօր լրանում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 112 ամյակը

admin