Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից մեկի՝ Արշիլ Գորկու ծննդյան օրն է: Արշիլ Գորկին (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904թվականի ապրիլի 15-ին արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. ավարտում է Բոստոնի նկարչական դպրոցը։ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային Ակադեմիայում, ապա Արվեստի Կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։

1924 թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու՝վերցրելով ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1939 թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։
Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ:
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:
loading...

Կարդացեք նաև

Այս օրն է ծնվել նկարիչ Պոլ Գոգենը

admin

Այսօր Արմեն Ջիգարխանյանի 77 ամյակն է

admin

Այսօր հայ սահմանապահի օրն է

admin