Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Աշխարհահռչակ դրամատուրգՎիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է

Վիլյամ Շեքսպիրը սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը:
Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:
Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593 թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594 թ.), «Սիրահարի տրտունջը» (1609 թ.) և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի:
Առաջին շրջանում (1590–1600 թթ.) գրել է «Հենրի VI» (1590–92 թթ), «Ռիչարդ III» (1593 թ.), «Ռիչարդ II» (1595 թ.), «Ջոն արքա» (1596 թ.), «Հենրի IV» (1597–98 թթ.), «Հենրի V» (1598 թ.) պատմական պիեսները՝ քրոնիկները, «Սխալների կատակերգություն» (1592 թ.), «Անսանձ կնոջ սանձահարումը» (1593 թ.), «Երկու վերոնացի ազնվականներ» (1594 թ.), «Միջամառնային գիշերվա երազ» (1596 թ.), «Վենետիկի վաճառականը» (1596 թ.), «Ոչնչից մեծ աղմուկ» (1598 թ.), «Վինձորի զվարճասեր կանայք» (1598 թ.) կատակերգությունները, «Ռոմեո և Ջուլիետ» (1595 թ.), «Հուլիոս Կեսար» (1599–1600 թթ.) ողբերգությունները և այլ գործեր:
Քրոնիկներում առավել ակնհայտ է Շեքսպիրի ինքնուրույնությունը. հեռացել է իր նախորդների՝ պատմության ռոմանտիկական մեկնաբանումից: Ըստ նրա՝ պատմությունը կերտում են ոչ միայն արքաներն ու երևելիները, այլև հասարակ ժողովուրդը, որը պիեսներում ներկայացված է որպես անձնական և ազգային արժանապատվությամբ օժտված, անօրինականությանը հակահարված տալու պատրաստ գիտակից խավ:
Շեքսպիրի կատակերգությունների հիմնական թեման սերն է, որ հաղթահարում է ծնողների բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները: Կատակերգությունների հերոսներն օժտված են վարակիչ կենսուրախությամբ:
Շեքսպիրի այս շրջանի ողբերգություններում արտացոլված է կյանքի դաժանությունների իրական պատկերը. ողբերգականը ներկայացված է որպես մարդկանց քստմնելի չարագործությունների արգասիք («Տիտուս Անդրոնիկուս», 1594 թ.), պատանի սիրահարների գեղեցիկ և կենսախինդ սերը դառնում է տոհմերի անմիտ ու դաժան թշնամանքի, ինչ-որ տեղ նաև չար պատահականությունների զոհը («Ռոմեո և Ջուլիետ») և այլն:
Երկրորդ շրջանում (1601–08 թթ.) գրել է իր գլուխգործոցները՝ «Համլետ» (1601 թ.), «Օթելլո» (1604 թ.), «Լիր արքա» (1605 թ.), «Մակբեթ» (1606 թ.), «Անտոնիուս և Կլեոպատրա» (1607 թ.), «Կորիոլան» (1607 թ.) ողբերգությունները, որոնց հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով. անարդար հասարակարգն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա զրկվում է ամեն ինչից, նաև կյանքից:
Երրորդ շրջանի (1609–12 թթ.) գործերում («Սիմբելին», 1610 թ., «Ձմեռային հեքիաթ», 1611 թ., «Փոթորիկ», 1612 թ., և այլն) գերիշխում են հեքիաթային, գերբնական տարրերը:
Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության:

loading...

Կարդացեք նաև

Բոբ Մարլին այսօր կդառնար 67 տարեկան

admin

Այս օրն է ծվել հայ անվանի գրող Կոստան Զարյանը

admin

Հուլիոս Կեսարը դարձավ 2111 տարեկան