Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Ալ Պաչինոյի ծննդյան օրն է

Ալֆրեդո Ջեյմս Պաչինոն ծնվել է 1940 թվականին Նյու Յորքում: Սալվատորե Պաչինոն ու Ռոզա Ջերարդին (երկուսն էլ սիցիլիական ծագմամբ) ամուսնացել էին, երբ աղջիկը 17 տարեկան էր, իսկ տղան` 20:
Առաջնեկը ծնվեց նրանց ամուսնությունից մի տարի անց, սակայն դա չփրկեց հարաբերություններն, ու նրանք ամուսնալուծվեցին: Սկզբնական շրջանում Ալն ապրում էր հոր հետ: Սակայն հայրը շուտով բանակ է գնում, և Ալը տեղափոխվում է մոր մոտ, ով տեղափոխվում է Բրոնկս, որտեղ Ալը մեծանում է Ջերարդիների ընտանիքում: Հետագայում ծնողները միավորվելու մի քանի անհաջող փորձ են անում, և վերջնականապես ամուսնալուծվում, երբ լրանում է Ալի յոթ տարին:
Ալը հիշում է, որ ինքը երբեք սեփական սենյակ չի ունեցել, քանի որ իրենց տանն ապրում էին շատ այլ բարեկամներ: Կար ժամանակ, որ երեք սենյականոց նրան բնակարանում ինը հոգի էր ապրում: Աշխատանքից հետո մայրը որդուն իր հետ կինո էր տանում, իսկ տուն վերադառնալիս Ալը կրկնում էր այն դերերը, որոնք տեսել էր ֆիլմերում: Ռոզան շատ էր վախենում, որ Ալը չընկնի վատ շրջապատի ազդեցության տակ, և աշխատում էր նրան շատ փողոց չթողնել: Հետագայում Ալը մեկ անգամ չէ, որ երախտագիտությամբ հիշում էր մոր հոգատարության մասին: Նրա մանկության շատ ընկերներ կործանվեցին` կյանքը կապելով թմրանյութերի, ոգելից խմիչքի և հանցագործության հետ:
Դպրոցը Ալին չէր հետաքրքրում: Նրան հաճախ պատժում էին չարաճճիությունների համար. փոքրիկ տղան ընկերների հետ անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ էր ընկնում և մորն անհամար անհանգստություններ պարգևում: Ալի միակ կիրքը դպրոցական թատրոնն էր, որտեղ ներդնում էր իր ողջ հոգին: Տղայի թատերական տաղանդը ստիպում է խմբակի ղեկավարին խորհուրդ տալ Ռոզային տղային Կատարողական արվեստների դպրոց տալ: Ռոզան ասում է, որ դերասանությունը հարուսների համար է, և Ալն ավելի լավ է աշխատանք փնտրի, սակայն չի մոռանում խորհրդի մասին:
Որոշ ժամանակ անց Ալը հաջողացնում է ընդունվել Կատարողական արվեստների դպրոց, սակայն սովորում է այնտեղ ընդամենը երկու տարի: Ջերարդիների ընտանիքը միշտ ծայրահեղ աղքատ էր, ուստի Ալը ստիպված էր մանկուց աշխատել: Նա աշխատում էր գյուղմթերքների խանութում, ապա շատ այլ վայրերում: Նա եղել է էլ առաքիչ, էլ վաճառող, էլ բանվոր: Ալը հասկանում էր, որ նրա առաքելությունն այլ է: Նա ընդունվում է Հերբերտ Բերգհոֆի դերասանական ստուդիա: Այնտեղ նա հանդիպում է Չարլզ Լոուտոնին, ով դառնում է ոչ միայն նրա ուսուցիչը, այլև մոտ ընկերը:
Երբ Ալը 22 տարեկան էր, նրա մայրը մահանում է արյան քաղցկեղից: Մեկ տարի անց մահանում է նաև Ալի պապիկը, ում հետ նա շատ մտերիմ էր: Սգից ազատվելու համար նա իրեն լիովին նվիրում է աշխատանքին:
Իր կարիերան սկսելով սրճարաններից, որտեղ ընկերոջ հետ կատակերգական իրավիճակներ էին բեմադրում, Պաչինոն շուտով դերեր է ստանում ամենատարբեր փոքրիկ թատրոններում: 1966 թվականին նրան նկատում են քննադատները, երկու տարի անց նա արդեն Օբի մրցանակաբաշխության ժամանակ ստանում է մրցանակ լավագույն դերակատարման համար, իսկ 1969 թվականին նա արժանանում է Տոնի մրցանակի, որը համարվում է թատերական Օսկար: Այսպիսի վերելքը չէր կարող չնկատվել Հոլիվուդի կողմից: Պաչինոյին հրավիրում են կինո: Նրա առաջին իսկ ֆիլմը մեծ հաջողություն է ունենում:
Այն ժամանակ, երբ Ֆրենսիս Կոպպոլան Պարամաունտ ստուդիայի հետ պատրաստվում էր նկարահանել «Կնքահայրը» ֆիլմը և Մայքլ Կառլեոնեի դերում առաջադրեց Ալ Պաչինոյին, վերջինս բնավ անհայտ դերասան չէր, ինչպես այժմ փորձում են ներկայացնել: Պաչինոն, ամեն դեպքում, պատրաստ չէր փառքի այն ահռելի չափաբաժնին, որ թափվեց նրա գլխին ֆիլմի պրեմիերայից հետո: Այդ ժամանակաշրջանում նա բազմաթիվ դերեր է խաղում և ստանում է 4 Օսկար: Փառքն ավելանում էր, իսկ Ալը չէր դիմանում դրա ծանրությանը: Ի վերջո նա սկսեց խմել…
1980-ականները նրան անհաջողությունների շարան բերեցին: Քննադատները երես թեքեցին նրանից, իսկ ֆիլմերը, որտեղ նա նկարահանվում էր, կարծես անհաջող աստղի տակ ծնված լինեին: 1985-ին Պաչինոն սարսափելի ընկճախտի մեջ ընկավ: Նա լքեց կինոն չորս տարով, շատ էր խմում: Միաժամանակ երբեմն խաղում էր թատրոնում և իր միջոցներով ֆիլմ նկարահանում: Սակայն փողերն ավարտվեցին, և նա ստիպված վերադարձավ կինո:


Վերադարձը տեղի ունեցավ 1989 թվականին «Սիրո ծովը» ֆիլմով: Վերադարձը հաջող էր: Պաչինոյի տունը զարդարվեց ևս մեկ Օսկարով: Ապա եկավ «Կնոջ բույրը» ֆիլմի ժամանակը: Եվս մեկ Օսկար:
Այդ ժամանակվանից Պաչինոն շատ է աշխատում թե կինոյում, թե թատրոնում: Վերջերս նա DVD է թողարկել իր ռեժիսորական աշխատանքներով: 2007-ին նա մրցանակ է ստացել Կինոմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտի կողմից:
Անձնական կյանքի հարցերում Պաչինոն միշտ գաղտնապահ է եղել: Նա հաջողացրել է հաղթել ալհոկոլիզմին, իսկ 90-ականներին թողել է անգամ ծխելը: Նա երբեք չի ամուսնացել, սակայն բազմաթիվ սիրավեպեր է ունեցել: 1989 թվականին դերասանուհի Ջեն Տերանտը նրան դուստր է պարգևում, իսկ 2001-ին Պաչինոն դառնում է երկվորյակների հայր: Այժմ նա այնպես է անում, որ հնարավորինս շատ ժամանակ անցկացնի երեխաների հետ: «Երեխաներիս ծնունդն իմ կյանքում եղած ամենալավ բանն էր»,- ասում է Ալ Պաչինոն:

Աղբյուրը` blog.liberal.am

loading...

Կարդացեք նաև

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin

Լրանում է Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 85-րդ տարին

admin