Նարեկ Կազազյանը <<Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ -2012>> մրցույթում գրավել է երրորդ տեղը

11

Մայիսի 4-12-ը Վիենայում կայացավ դասական երաժշտության <<Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012>> 16-րդ մրցույթը: Այն անցկացվեց 2 փուլով՝ կիսաեզրափակիչ /մայիսի 5-6-ը/ և եզրափակիչ /մայիսի 11-ին/:
Հայաստանը երաժշտության ասպարեզում հեղինակավոր <<Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012>> մրցույթին մասնակցեց առաջին անգամ և ՀՀ մշակույթի նախարարության ու Հայաստանի հանրային հեռուստատեսության աջակցությամբ մեր երկիրն այնտեղ ներկայացրեց տաղանդաշատ պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը /նա իր բարձր վարպետությամբ բազմիցս է աչքի ընկել տարբեր բեմերում/:
Նարեկ Կազազյանը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը։ Երկրորդ տեղը նույնպես հայ է գրավել՝ Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Առաջին մրցանակը շնորհվել է նորվեգացի ալտահար Էյվինդ Հոլթսմարկին:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ կայացել է 1982 թ. Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Հաղթողը որոշվում է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Մրցույթին կարող են մասնակցել դասական ժանրում հանդես եկող 15-19 տարեկան երաժիշտներ:
<<Պատանի երաժիշտների Եվրատեսիլ -2012>> մրցույթին մասնակցում էին 14 երկիր /Սլովենիա, Վրաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Հայաստան, Ավստրիա, Հունաստան, Խորվաթիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ուկրաինա, Գերմանիա, Բելառուս, Նորվեգիա/, որոնցից միայն 7-ը կարող է անցնել եզրափակիչ փուլ: