Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մեդիան` ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության

Մեդիան` ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնությանՀունիս ամսվա ընթացքում «Նոր մեդիա. շահերի պաշտպանություն (The New Media Advocacy Project)» (www.newmediaadvocacy.org) ծրագրի շրջանակներում Երեւանում իրականացվել է երկօրյա աշխատանքային հանդիպում, որի նպատակը «Սեռական բռնությունը Հայասատանում» թեմայով տեսաֆիլմ նկարահանելն էր:

Հայաստանում էին «The New Media Advocacy Project»-ի գործադիր տնօրեն Ադամ Ստոֆսկին եւ ծրագրերի ղեկավար Էբբի Գոլդբերգը: Առաջին օրվա ընթացքում քննարկվել են տեսաֆիլմերի միջոցով շահերի պաշտպանության տեխնիկական հնարները՝ ներառելով ծրագրի ռազմավարության կառուցում, խնդիրների, աշխատանքային ոճի հստակեցում եւ այլ հարցեր: Երկրորդ օրվա ընթացքում իրականացվել են անհրաժեշտ հարցազրույցները, վերջիններիս հետ կապված տեխնիկական աշխատանքները, ինչպես նաեւ անմիջականորեն տեսաֆիլմին առնչվող գործնական աշխատանքները: Ծրագրի ավարտին ակնկալվում է համագործակցություն ծավալել Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ՝ 10-15 րոպե տեւողությամբ մեկ այլ կարժամետրաժ տեսաֆիլմի նկարահանման շրջանակներում, որը կարող է կիրառվել ԿՌԿՀ-ի եւ այլ կազմակերպությունների գործունեության ընթացքում:

“The New Media Advocacy Project”-ը կազմակերպություն է, որն աջակցում է իրավաբաններին ու փաստաբաններին, որպեսզի վերջիններս կարողանան մեդիայի տեսակներն օգտագործել մարդու իրավունքների ու շահերի պաշտպանության համար: «Մեր աշխատանքի հիմնական սկզբունքն այն է, որ միայն իրավունք ունենալը կամ դրա մասին իմանալը բավարար չէ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար»,-մեզ հետ հարցազրույցում նշեց Էբբի Գոլդբերգը՝ առանձնացնելով միջազգային օրենքների ներքնայնացման, պալեատիվ խնամքի հիմնախնդրի, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի թեմաներով փաստագրական ֆիլմերը՝ որպես իրենց գործունեության հիմնական ուղղվածություններ: «Շատ հաճախ տեսագրությունը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու միակ զենք կամ վկա, հասարակության կարծիքը բարձրաձայնելու եւ միջազգային կառույցներին թելադրելու, այն հանրամատչելի դարձնելու եւ իշխանավորներին փոխանցելու միջոց»,-ավելացրեց Էբբին՝ վկայաբերելով Լիբիայի պատերազմական դրությունը, որտեղ վկաներ չկան, եւ տեսագրությունն է հանդես գալիս որպես հանրային իրազեկման միակ միջոց կամ էլ Հայիթիի դեպքը վերհանող “Fight the Outbreak: Cholera in Haiti & the United Nations” ֆիլմը, որն ուղղված է հենց ՄԱԿ-ի գործունեությանը, որպեսզի վերջինս հասկանա, թե որն է իր առաքելությունը եւ ըստ այդմ գործի, քանի որ մարդիկ հենց ՄԱԿ-ի բացթողումների պատճառով են շատ հաճախ տուժում:Մեդիան` ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության

Էբբի Գոլդբերգը տարիներ շարունակ աշխատել է գենդերային հիմքով բռնության դեմ ուղղված թեմայի շուրջ եւ լուսանկարների ու փաստագրական ֆիլմի (“Haitian Women Testify”) միջոցով բարձրաձայնել է այդ խնդիրների մասին: «Սեռական բռնությունը ամեն տեղ էլ գոյություն ունի: Ես այդ խնդրի շուրջ աշխատել եմ աշխարհի տարբեր ծայրերում: Չեմ ուզում ասել, թե Հայաստանում վիճակն ավելի վատ է, քան ուրիշ երկրներում, սակայն այն տպավորությունն եմ ստացել, որ Հայաստանում դա բավականին մեծ հիմնախնդիր է: Աշխատել եմ նաեւ «Բռնաբարությունը՝ որպես պատերազմի հետեւանք» թեմայի շուրջ: Հակասականն  այն է, որ Հայաստանը հիմա խաղաղության պայմաններում է, բայց այդ հիմնախնդիրը դեռեւս շարունակում է գոյություն ունենալ»,-նշեց Էբբին՝ ավելացնելով. «Ինձ համար փոքր-ինչ զարմանալի է, որ շատ կանայք ամաչում են այդ մասին խոսել եւ իրենց  են մեղավոր համարում իրենց իսկ իրավունքների ոտնահարման մեջ:

Ցավալի է, որ ոչ տղամարդիկ, ոչ կանայք էլ չեն հասկանում, թե ինչ է բռնությունը եւ առօրյա կյանքում մեկը մյուսի հանդեպ կիրառում են այն»: Նա վստահ է, որ բավականին արդյունավետ է մեդիայի միջոցով իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը մասնավորապես կանանց դեմ բռնությունների ոլորտում, քանի որ այն հնարավորություն է տալիս հիմնախնդրի մասին իրազեկել ավելի լայն շրջանակների, ինչու չէ, նաեւ կանխարգելել հետեւանքները: Մեդիայի այս տեսակը կարող է լինել հուսալի գործիք, որի միջոցով կանայք, ովքեր սեռական բռնության են ենթարկվել եւ իրենց թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես մեկուսացված են զգում, կարող են հանդիպել միեւնույն խնդրով անհանգստացած մարդկանց հետ, իրար հետ շփվել, նաեւ փորձի փոխանակման միջոցով նպաստել այդ խնդրի հաղթահարմանը. «Աշխարհի տարբեր ծայրերում ապրող կանանց հիմնախնդիրների միջոցով մենք մեր խնդիրներն ենք կարգավորում կամ փորձում խուսափել դրանցից»,-զրույցի ավարտին ավելացրեց Էբբի Գոլդբերգը` հույս ունենալով, որ Հայաստանում եւս մեդիան արդյունավետ միջոց կարող է լինել մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու գործում:

 

Նարե Հովհաննիսյան

loading...

Կարդացեք նաև

«Նրանց ժպտացող աչքերը փոխհատուցում են ամեն հոգնություն»

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

admin

Ժամանակն է երկրի կառավարումը հանձնել «Անկախության սերնդին». Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյան

Սուսի Միսակյան