Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Պետք է սիրես թատրոնը»

Նառա Սարգսյանը հինգ տարի է, ինչ աշխատում է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Երիտասարդ դերասանուհին հիմնականում մանկական ներկայացումներում է խաղացել: Այն հարցին, թե արդյո՞ք ունի այն հանդիսատեսը, որին ակնկալում էր տեսնել թատրոնում, պատասխանեց. «Այստեղ իմ հանդիսատեսը պատանիներն են, որ ամենաքննադատն ու ամենաուշադիրն են: Նրանց շատ դժվար է համոզելը: Պետք է երկխոսության մեջ մտնես, այնպես խաղաս, որ նրանց հավաքես բռիդ մեջ ու … բաց չթողնես»: Վստահ է, որ ժամանակակից թատրոնն իր տեսակներով հանդիսատեսին ավելի շատ մտածելու տեղիք է տալիս. «Ներկայացման վերջում բազմակետեր են դրվում, եւ հանդիսատեսը յուրովի է մեկնաբանում իր տեսածը: Եթե նրա սրտում մի թրթիռ անգամ զգացվում է, ուրեմն բեմադրության ասելիքը տեղ է հասել»: «Հրեշտակ ցպահանջ» ներկայացման մեջ գլխավոր դերակատարում է ունեցել. «Հրեշտակի կերպարով փորձել եմ ամեն մեկի սրտի նուրբ լարերի վրա խաղալ ու հասկացնել, որ պետք չէ անտարբեր լինել իրար նկատմամբ կամ թողնել-գնալ այս հող ու ջրից, պետք է այստեղ մնալ, այստեղ պայքարել, արարել… Այդ կերպարներից յուրաքանչյուրը նստած է դահլիճում, ուստի պետք է հասկացնես, որ դու մենակ չես, ավելին, պատասխանատու ես նաեւ մյուսների համար»,-պատմում է Նառան` համոզված լինելով, որ ժամանակակից դրամատուրգիան եւս ի զորու է դերասան բացահայտել, պարզապես շատ քիչ են բեմադրում: Դերասանների վարձատրությանն անդրադառնալով` ցավով փաստեց. «Մենք համարյա ոչինչ չենք ստանում կամ էլ հումորով ասում ենք` «աղքատավարձ» ենք ստանում: Ստացածդ գումարն այսօր կա, վաղը չկա: Բոլոր թատրոններում է նույն վիճակը: Պարզապես պետք է սիրես թատրոնը: Սիրելով հանդերձ էլ մնում ես թատրոնում»: Ճանաչված լինելու կամ ավելի շատ վարձատրվելու համար շատ դերասաններ տարբեր հեռուստանախագծերի են մասնակցում: Այս առումով իմ զրուցակիցը նշեց. «Ես ստացել եմ առաջարկներ այն սերիալներից «Yere1», «TaxiՆեմա», որոնց սկզբունքորեն դեմ եմ: Երբ մտնում ես այդ միջավայր եւ տեսնում ես` քեզ այնպիսի մեկն է խնդիր տալիս, որ… Դրա համար էլ հրաժարվում եմ»: Մեր հասարակությունն առավելապես կնոջ համար է խոչընդոտներ ստեղծում, գուցե եւ արհեստական: «Ես չեմ ընդունում բարի նախանձը, պարզապես կարող ես նախանձախնդիր լինել: Իսկ արվեստի բնագավառում շատ է նախանձը, որն իր հետ չարություն է բերում: Այդ առումով կնոջ, աղջկա համար շատ բարդ է դժվարություններ հաղթահարել ու էս արեւի տակ իր տեղը գտնել»,-անկեղծացավ Նառան` վստահեցնելով, որ երիտասարդ դերասանը պետք է միշտ պատրաստ լինի քննադատության, առանց որի չի կարող ուղղորդվել. «Առողջ քննադատություն կա, պարզապես պետք է դու քննադատությանն առողջ վերաբերվես»:

 Նարե Հովհաննիսյան

loading...

Կարդացեք նաև

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Դիսնեյը չինական «Սպիտակաձյունիկ» է նկարում

Սուսի Միսակյան

“Օսկար” 2012 . ֆոտոշարք

admin