Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

1861 թ-ի այս օրն է ծնվել Գրիգոր Զոհրապը

Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861 թ. Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով: Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ:

Զոհրապը հմուտ իրավաբան էր. ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և ուրիշ այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների: Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ: Բայց դա չի ընկճում մեծ մարդասերին, նա չթուլացող եռանդով շարունակում է իր պայքարր ազատության, արդարության ու ճշմարտության համար:

Հասարակական գործունեությանը զուգընթաց Զոհրապը նվիրյալի եռանդով մասնակցում էր նաև գրական կյանքին: Սուլթան Համիդի բռնապետության օրերին, երբ մտավորականներից շատերը հեռանում են երկրից, նա մնում է Կ.Պոլսում՝ շարունակելով հանդես գալ մամուլում հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածներով՝ նվիրված հասարակական ու գրական կյանքի հրատապ խնդիրներին: Նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները մեծապես նպաստել են հայ ստեղծագործող մտավորականությանը համախմբելու, գրականության մարմրող ջահը վառ պահելու գործին:

1908 թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գափս կեղծ ժողովրդավարության դիմակով: Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ (մեբուս) էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա շարունակում էր իր կրքոտ ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը:

Սակայն նոր իշխանությունների դիմակավոր խաղը երկար չի տևում: Շուտով նրանք ցույց են տափս իրենց իսկական դեմքը՝ 1909 թ. կազմակերպելով Կիլիկիայի հայության կոտորածը: Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հետագայում և հանգեցնում 1915 թ. Մեծ եղեռնին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ:

Այդ աղետալի օրերին Զոհրապը ոչ մի վայրկյան չի զիջում անձնուրաց մարդասերի և ազգասերի իր դիրքերը: Հայ գրողների ու գործիչների զանգվածային ձերբակալությունների ժամանակ նրան առաջարկում են հեռանալ Թուրքիայից: Սակայն նա չի կամենում բաժանվել իր ժողովրդից: «Որո՞ւ թողում սա անտեր ու անգլուխ ժողովուրդը. չէ՛, փախչիլ չեմ կրնար, պետք է, պարտքս է մինչև վերջ պատնեշին վրա մնալ»,- ասում է նա: Օգտվելով մեջլիսի պատգամավորի իր իրավունքից՝ նա համարձակորեն հաշիվ է պահանջում ներքին գործերի նախարար Թալեաթից՝ հայության հանդեպ այդ մեծ ոճիրը կազմակերպելու համար:

Պահպանվել է այդ մասին ժամանակակիցների վկայությունը. «Օր մը,- կ՚ ըսե,- ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, և դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքներր: Թալեաթ պեյ հեգնանքով կը հարցնե.
– Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը:
– Ե՛ս,- կը պատասխանե Զոհրապ,- Խորհրդարանի մեջ իբր հայ մե-բուս ձենե հաշիվ պիտի պահանջեմ:
Այդ վայրկյանեն իսկ վճռված էր իր մահը»:

Հարյուրավոր հայ մտավորականների հետ Զոհրապը ևս ձերբակալվում է և աքսորի ճանապարհին սպանվում 1915 թ. հուլիսին:

loading...

Կարդացեք նաև

Այսօր է ծնվել Ալքեսանդր Շիրվանզադեն

admin

1941 թ-ի այս օրն է ծնվել անվանի երգիչ եւ երգահան Բոբ Դիլանը

admin

Ծնունդդ Շնորհավոր Կոկո Շանել