Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Անկախության 21 տարիներ: 1991թ. այս օրը Արցախը անկախացավ

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,

արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը,

արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,

հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի եւ խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման,

հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության եւ օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին եւ հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական¬իրավական կարգավիճակի հարցը,

նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից եւ հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,

ձգտելով հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը` միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա,

ուշադրության առնելով երկրում տիրող իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, ապագա Միության, իշխանության եւ կառավարման միութենական կառույցների ճակատագրի անորոշությունը,

հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ: ՀԱԿԻՐՃ` ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օգտվում է այն լիազորություններից, որոնք հանրապետություններին տրամադրվում են ԽՍՀՄ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ եւ իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու իր պետական¬իրավական կարգավիճակը` երկրի եւ հանրապետությունների ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունների եւ բանակցությունների հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում` մինչեւ ԼՂՀ Սահմանադրության եւ օրենքների ընդունումը, գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը, ինչպես նաեւ ներկայումս գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին եւ Հանրապետության առանձնահատկություններին:

ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի
մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների`
բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջան

2 սեպտեմբերի, 1991թ.

ք.Ստեփանակերտ

loading...

Կարդացեք նաև

Այսօր ԱՄՆ-ում ԱՂՈԹՔԻ ՕՐ է

admin

Հայր Կորյունը դատական հայց կներկայացնի Կաթողիկոսի դեմ (տեսանյութ)

admin

Արփայի կիրճում ՀԵԿ են կառուցում

admin