Ամսագիր.am
Image default
Շաբաթվա դեմքերը

«Անկեղծ լինելուց տուժում եմ, բայց մաքսիմալ անկեղծ եմ…» Հարցազրույց ճանաչված բլոգեր Շուշան Շատիկյանի հետ

«Սաղ էս  Շուշանն էր էլի, մի թողեք էս աղջկան ինտերնետ մտնի  : ) Թե չէ էս  համատարած էշամոլության, էշականացման ֆոնին  մի տեսակ սիրուն չեն հնչում իր  «խոհափիլիսոփայական»  մտքերն ու գուցե երիտասարդներին մղում են հանցավոր քայլերի, մասնավորապես՝ գիրք կարդալու..այն էլ ում գրքերը…»:

Սա հատված էր Շուշան Շատիկյանի վերջին գրառումից: Թերևս ինքն էլ խոստովանում է, որ ճանաչված ու սիրված բլոգեր է դարձել ու մարդիկ կարդում, հավանում  ու մեկնաբանում են իր գործերը:

-Դու այն բլոգերներից ես, որոնց հաջողվել է գտնել իր հավատարիմ ընթերցողներին: Մասնագիտությունն է դեր խաղացել, թե խարիզման: Ինչի ետևից է գնում ընթերցողն այսօր:

 

Անկեղծ ասած, երբ սկսեցի գրառումներ անել բլոգում, պատկերացնել անգամ չէի կարող, որ այն նման հաջողություններ կունենա: Չեմ կարծում, թե լրագրող լինելս ինչ-որ կերպ օգնել է, բայց չի էլ խանգարել :Ճ Զարմանալի է, որ այս համատարած սկանդալային գրառումների ու քաղաքականացված բլոգների ֆոնին եղան մարդիկ, ովքեր կարդացին ու սիրեցին իմ բլոգը, որը անձնական է, ստեղծագործական ոճի մեջ ու չի պարունակում որևէ սենսացիոն նորություններ, որի հետևից էլ գնում են շատերը :
– Ոչ միայն անկեղծ զրույց ընթերցողի հետ, նաև «նամակներ» կարող ենք կարդալ քո բլոգում: Չես խուսափում անձնական կյանքդ մասսայականացնելուց, չէ՞ որ բոլոր ճանաչում ունեցող մարդիկ թաքցնում են իրենց անձնական կյանքը:


Ես երբեք չեմ խուսափում անկեղծ լինելուց: Ճիշտ է, շատ հաճախ տուժում եմ դրանից, բայց, ամեն դեպքում, մաքսիմալ անկեղծ եմ իմ ընթերցողների հետ: Այլ կերպ չեմ կարող: Հետո բլոգը միակ վայրն է, որտեղ կարող եմ գրել այն, ինչի մասին գուցե օֆֆլայն վիճակում չարտահայտվեմ:

 

-Բլոգեր լինելը համոզվել ենք , որ քեզ մոտ հաջողվել է. Էլ որ բնագավառում կլսենք Շուշան Շատիկյանի անունը:

Շնորհակալ եմ, թեև մինչ օրս ինձ բլոգեր չեմ համարում, բայց, որ հասարակությունը կնքել է, ուրեմն՝ վերջ Ինչպես գիտեք, մասնագիտությամբ լրագրող եմ, թեև այժմ չեմ աշխատում այդ ոլորտում: Այնուամենայնիվ, գուցե վերադառնամ ժուռնալիստիկա, երբ հասկանամ, որ դրա կարիքը զգում եմ:

 

-Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը կապում են քո անվան հետ: Դա անձնական երազա՞նք էր:

Նախաձեռնության միտքը ծագել է իմ և բանաստեղծ Երեմեյ Գրիգորյանի մոտ, երբ քննարկում էինք Մարկեսի ստեղծագործություններից մեկը: Դա անձնական երազանք էր, որը պարզվեց միայն մեր «սեփականությունը» չէ Նախաձեռնությունը կազմակերպելիս պատկերացնել անգամ չէինք կարող, որ նման դրական արձագանք կստանա ու որ մեր պես էլի մարդիկ կգտնվեն, ովքեր կցանկանան Մարկեսին տեսնել Հայաստանում: Մյուսը բանը, ինչին այդքան էլ չէինք հավատում, դա նախարարի դրական պատասխանն էր: Անկեղծ ասած, չէինք սպասում, որ նախարարությունում հավանություն կտան մեր նախաձեռնությանը, կարծում էինք՝ լուրջ չեն վերաբերվի, այլընտրանքներ էինք փնտրում…Բայց շատ ուրախ ենք և շնորհակալ, որ ամեն ինչ այսպես ստացվեց:

 

-Արդեն կասկածներ կան, որ Մարկեսի առողջությունը թույլ չի տա հասնել Հայաստան: Ինչ կտար այդ այցը կամ ինչ ենք կորցնում այդ այցի խափանումից:

Այո, Մարկեսն առողջական խնդիրներ ունի, և հնարավոր է, նրան արգելեն ինքնաթիռ նստել: Բայց միայն այն փաստը, որ հեռավոր, փոքրիկ Հայաստանում իրեն սիրող ու սպասող հազարավոր մարդիկ կան, գուցե դրական լիցքեր հաղորդի նրան ու ստիպի հաղթահարել առողջական խնդիրները: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կստանանք կամ կկորցնենք, կարծում եմ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է փորձի այս հարցի պատասխանը գտնել: Ինչպես նշել էր մեր անդամներից մեկը, հեղինակի հետ կենդանի շփումը կարող է տալ այն, ինչը երբեք չի արտահայտվի նրա ստեղծագործություններում: Եթե Մարկեսը չկարողանա գալ մեր երկիր, անձամբ ես կկորցնեմ իսկական գրողի հետ հաղորդակցվելու հնարավորությունը ու ինձ պես շատ-շատերը: Բայց մենք հավատում ենք, որ, այնուամենայնիվ, «գրքի տարին» կդիմավորենք Մարկեսի հետ: Մյուս կողմից, նմանատիպ նախաձեռնության առկայությունն ու գրանցած հաջողությունները լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այլ նախաձեռնությունների համար: Մարդիկ չեն հավատում, որ մեր երկրում հնարավոր է անել ինչ-որ լավ, դրական բան՝ առանց շահի, հետին մտքերի ու կարևորը՝ առանց թիկունքում ինչ-որ մեկին ունենալու: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, դրա հակառակն է ապացուցում, ինչը ես ևս ձեռքբերում եմ համարում:
Մեր մյուս ու թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ նրանք, ովքեր չգիտեին, թե Մարկեսն ով է, իմացան ու սկսեցին կարդալ, իսկ նրանք, ովքեր կարծում էին, թե Մարկեսը ողջ չէ, պարզեցին, որ նա ոչ միայն ողջ է, այլև շարունակում է ստեղծագործել:

 

 

Մեզ մնում է միայն հաջողություններ մաղթել երիտասարդ բլոգերին, ով իրեն այդպես էլ բլոգեր չի համարում:

 

loading...

Կարդացեք նաև

«Մենք կգանք ու կգնանք, բայց հայ երգը միշտ կապրի»-, Արսեն Գրիգորյան(Մրո)

Սուսի Միսակյան

Ավելին կարող եմ ավելին քան «պոպկորնային» նախագծերի համար սցենար գրելը.

admin

«Բանակում և բաղդասարյաններ կան և մելիքսեթյաններ». Վահագն Սիմոնյան

Սուսի Միսակյան