Ամսագիր.am
Image default
Գրական Անկյուն

ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում: Որ ասես լավ թագավոր է լինում՝ չի լինի, որ ասես վատ թագավոր է լինում՝ կլինի:
Սա մի կին է ունենում ու մի աղջիկ: Որ ասես սրանք էլ մի բարի պտուղ են լինում` չի լինի: Ամեն իրիկուն սրանք նստում են ու մտածում: Բայց դե էնքան խելք չեն ունենում, որ մտածեն, զոռ են տալիս գլխներին, զոռ են տալիս ու մի վատ բան որոշում: Սրանց խորհրդատուն իրենց հայելին է լինում: Նստում են ու նայում: Հայելին ասում է՝ հարկերը շատացրեք, ջուրը կտրեք, լույսը կտրեք: Սրանք էլ անում են:
Ժողովուրդը կրակն է ընկնում էս երեքի ձեռը: Ի՞նչ անեն: Mirror
Մի տղա ասում է.
– Ես կգնամ, հայելին կկոտրեմ:
– Բայց փորձել ենք,– ասում են թագավորության մեծերը:– Գիշերը կոտրում ես, ցերեկն է լավանում, ցերեկն ես կոտրում, գիշերն է լավանում: Մի ճար կա միայն: Եթե թագավորն ասի, որ ինքն է կոտրել, կինն ու աղջիկն էլ հաստատեն: Եթե դատարանի առաջ այդպես ասվի, հայելին էլ չի լավանա:
– Ես կգնամ, կկոտրեմ,– նորից է ասում տղան:
Բերում են, պատրաստություն են տեսնում, գաթայից-բանից թխում են, նոր շորեր են հագցնում, ճամփու դնում: Սա գալիս, ներկայանում է թագավորին:
– Եկել եմ քեզ ծառայեմ,– ասում է:
– Անունդ ի՞նչ է,– հարցնում է թագավորը:
– Եսեմ:
– Լավ, գնա թագուհու մոտ, տես ինչ կասի:
Սա ներկայանում է թագուհուն:
– Եկել եմ ծառայեմ թագուհուն,– ասում է:
– Անունդ ի՞նչ է,– հարցնում է թագուհին:
– Ամուսինս,– պատասխանում է տղան:
– Լա՜վ, գնա աղջկաս մոտ, տես ինչ է ասում:
Գալիս է աղջկա մոտ:
– Անունդ ի՞նչ է,– հարցնում է աղջիկը:
– Հայրիկս,– պատասխանում է տղան:
Աղջիկը սրան գործ-մործ է տալիս: Մի երկու շաբաթ ապրում է պալատում: Ծակուծուկերն է ուսումնասիրում: Տեսնում է, թե սրանք հայելին որտեղ են պահում: Մի գիշեր մոտենում է հայելուն, որ կոտրի: Հայելին ձենը գլուխն է գցում.
– Թագավո՛ր, ինձ կոտրում են:
Չի հաջողվում:
Մյուս գիշերն է գալիս, հայելին գոռում է.
– Թագուհի՛, հասի, ինձ կոտրում են:
Չի հաջողվում:
Երրորդ անգամ մի սավան է վերցնում հետը: Հայելին հենց ուզում է գոռա՝ աղջի՛կ, հասի, տղան սավանը գցում է հայելու վրա, ու՝ տուր թե կտաս: Հայելին դրել ես, արի տար, սխկում է, դնում մի կողմ:
Առավոտյան թագավորը, թագուհին ու աղջիկը տեսնում են, որ հայելին կոտրել են: Գլխի են ընկնում, որ տղան է կոտրել: Կանչում են սահմանադրական դատավորին, ժողովրդին, որ դատ անեն, տղու գլուխը կտրեն:
Դատավորը հարցնում է թագավորին.
– Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը:
– Եսեմ,– պատասխանում է թագավորը:
Դատավորը հարցնում է թագուհուն.
– Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը:
Թագուհին, նայելով տղային, ասում է.
– Ամուսինս:
Աղջկան է հարցնում.
– Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը:
– Հայրիկս,– ցույց տալով տղային՝ ասում է աղջիկը:
Դատավորն ասում է.
– Ձեր հայելին դո՜ւք եք կոտրել, թագավոր: Դու խոստովանեցիր, կինդ ու աղջիկդ էլ հաստատեցին: Դե որ դու թագավորական հայելին կոտրել ես, ուրեմն դու թագավոր չես:
Ասում են, սրանց հեռացնում թագավորությունից, էս տղին ընտրում թագավոր:
Երկնքից երեք հայելի ընկավ: Մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ ժողովրդին: Ամեն մեկը թող նայի ու տեսնի իրեն:
<9-րդ հրաշալիք>, 406, 2007 թ.,ՎԱՍ

loading...

Կարդացեք նաև

Էլիզա Պետրոսյան «Արժեքներ»

ԵՍ ՀԱՅ ԵՄ

Սուսի Միսակյան

«Metempsixoz» ` մի նոր տոն ընթերցասերների համար

admin