Աշխարհում կան միլիոնավոր հիվանդ երեխաներ և նրանցից քչերին է բախտ վիճակվում բուժվել և շարունակել կյանքը: Այս հարցն այն եզակիներից է, որ հետաքրքրում ու հուզում է բոլորին:
Բացառություն չէ նաև երիտասարդ ռեժիսոր Վարդգես Մանուկյանը, ով ազդված լինելով բազմաթիվ դեպքերից, երբ երեխաների կյանքը հնարավոր չի լինում փրկել զուտ ֆինանսների բացակայության պատճառով, որոշել է գործնական քայլ անել և ներկայացնել իրական դեպքերի վրա հիմնված գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ:
Ֆիլմի միակ նպատակը հանդիսատեսին հուզելը չէ, այլ բարեգործությունը` ֆիլմից ստացված հասույթը ֆիլմի անձնակազմը միանշանակ տրամադրելու է այն փոքրիկների բուժմանը, ովքեր կյանքի ու մահու պայքար են մղում:
«Մենք կարող ենք կանխել հիվանդ երեխաների մահացությունը,-համոզված է ֆիլմի նախաձեռնող Վարդգես Մանուկյանը-, հարկավոր է ճիշտ տեղեկացնել թե ինչով և ինչպես կարող են օգնել բոլորը»:
Այս հրաշալի ֆիլմին ընթացք տալու համար պակասում են միայն հովանավորներն ու աջակիցները: Չնայած, որ ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստը, օպերատորներն ու կոմպոզիտորը ֆիլմում աշխատում են անշահախնդիր, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք ֆինանսական լուծում են պահանջում, ինչն էլ մեծ գումար չի կազմում:
Թիմը պաշտոնական նամակով դիմել շատ կառույցների, որոնցից ստացել է քաջալերական խոսքեր, բայց ոչ ֆինանսավորում:
Հուսով ենք, որ շուտով կգտնվի հովանավոր այս կարևոր պրոեկտի համար և հնարավորություն կլինի ներկայացնել «Ծնունդ» ֆիլմը ոչ միայն Հայաստանում, այլ ինչպես ռեժիսորն է նախատեսում, աշխարհի տարբեր երկրներում ու կկատարի հիմնական առաքելությունը` վերադարձնել երեխաների առողջ մանկությունը:
Ի դեպ, երիտասարդ ռեժիսորն արդեն առաջին անգամ չէ, որ անդրադառնում երեխաների խնդիրներին. մի քանի վավերագրական ֆիլմեր ու ռեպորտաժներ է պատրաստել այս թեմայով: Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի Վարդգես Մանուկյանի «The End» կոչվող ֆիլմը «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի ժամանակ բարձր գնահատանքի արժանացավ հայ և արտասահմանյան կինոքննադատների կողմից: