Արշակ Սեմիրջյան . «Եկել եմ…»
Եկել եմ` կյանքիս չոր ճյուղը բռնած,
Բերել եմ ինձ հետ օրերի փոշին,
Բերել մի գարուն թաց ու ամպամած,
Ու անցած ժամեր մշուշոտ ու սին:
Բերել եմ հուշեր թափված ճամփեքին,
Ինձ բաժին ընկած հնչուն կարոտի,
Մի նոտա, որը փնտրում է երգին,
Բերել եմ գիրքը փոշոտված խղճի:
Մահացող արցունք ու ջուր եմ բերել,
Որ փորձեմ մաքրել փոշին օրերի,
Բերել եմ հուշեր, որ չեն նվիրել,
Բերել երազներ, որ չեն այցելի:
Բերել եմ մի ճիչ տառապած ու խուլ,
Թոշնած մի ծաղիկ թերթերով խոնավ,
Ինձ բաժին ընկած հնչյուն կարոտի,
Մի ոսկե դղյակ` լքված ու խարխուլ,
Որի փայլն անցած օրերում կորավ:
Եկել եմ` ձեռքիս մի ճյուղ չծաղկած,
Բերել եմ տողեր հուշերի գրկից,
Բերել եմ կյանքիս գիրքը փոշոտված,
Որ բառեր շաղ տամ մի մեռած գրքից: