Ամսագիր.am
Image default
Հասարակություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

g_imageԱպրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  ֆրանսահայ գործարար Սարգիս Բեդոյանի հովանավորությամբ Հայաստան ժամանած Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին, ուսուցիչներին՝ վարժարանի տնօրեն  Հայկ Սարգսյանի գլխավորությամբ:

 7 տարի շարունակ ֆրանսահայ գործարար Ս.Բեդոյանը հովանավորում է «Դպրոցասեր» վարժարանի սաների այցը Հայրենիք՝ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ դնելու և Հայաստանը ճանաչելու նպատակով:

 Ողջունելով վարժարանի սաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց դպրոցի ուսուցչական կազմի ջանքերը՝ աշակերտներին հայեցի փայլուն դաստիարակության  և Հայրենիքի հետ կապը մշտապես պահպանելու ջանքերի համար:

 Ավելի քան 240 սաներ ունեցող «Դպրոցասեր» վարժարանում աշակերտները սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմությանը, գրականությանը, տեղեկանում 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունների մասին:

 «Ձեզանից շատերն իրենց ծնողներից լսել են պատմություններ Հայաստանի տեսարժան վայրերի մասին, կարդացել գրքեր, սակայն բոլորովին այլ բան է սեփական աչքերով Հայրենիքը տեսնելը: Շնորհակալություն պարոն Բեդոյանին, որ տարիներ շարունակ հովանավորում է ձեր դպրոցի աշակերտների այցը Հայաստան», – խոսքն աշակերտներին ուղղեց նախարարը՝ հավելելով, – համոզված եմ, որ Հայրենիքից ստացած ձեր տպավորությունների մասին դուք պատմելու եք Ֆրանսիայում բնակվող ձեր ընկերներին: Իսկ ամենակարևորը՝ դուք պետք է ձեր ֆրանսիացի ընկերներին պատմեք Հայոց Ցեղասպանության մասին և հետագայում պահանջեք ձեր բնակության երկրի իշխանություններից հետևողական լինել միջազգային ատյաններում Ցեղասպանության ճանաչման գործում»:

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատանիներին հորդորեց լավ սովորել մայրենի լեզուն, ճանաչել հայ մշակույթը և ամուր կառչած մնալ հայ հավատքին՝ հաճախ այցելելով Հայ Առաքելական եկեղեցի:

 Վարժարանի սաները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսանյութ, ծանոթացան «Արի տուն» ծրագրին մասնակից իրենց հասակակիցների տպավորություններին:

 Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին հանձնվեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով լույս տեսած արևմտահայերեն «Մեծերէն սորվի՛ր » ժողովածուն, ինչպես նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին պատմող խտասալիկ:

Սփյուռքի նախարարություն 

loading...

Կարդացեք նաև

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում

admin

Ամփոփում ենք սոց.հարցման արդյուքները

admin

Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը

admin