Ամսագիր.am
Image default
Շաբաթվա դեմքերը

Շաբաթվա դեմքեր: Նաիրա Համբարձումյան

Իմ ափերի մեջ ճշմարտությունն է
մոմի պես վառվում
ու դառնում է երգ…
Ն. Համբարձումյան

Երկար սպասված հանդիպումը բանաստեղծուհի, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ վերջապես կայացավ:
Նաիրա Համբարձումյանը երեք բանաստեղծական ժողովածուների
(«Մտորումներ աշնան կեսին», «Կանաչ կառեթներ», «Ես բառ եմ դարձել») , «Մարո Մարգարյանի քնարեգությունը» մենագրության, մանակապատանեկան գրքերի ու շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է:
Բանաստեղծուհին, ֆեյսբուքյան «Ով է ձեր սիրելի ժամանակակից գրողը» հարցման ժամանակ ամենաշատ քվեարկված մասնակիցներից մեկն էր:
Երբ քեզ չեն դիմավորում,
Դեռ չի նշանակում, որ դու չես եկել….

Ն. Համբարձումյան

_Կարծիք կա, թե գրականության աշխարհին պատկանող մարդիկ ավելի ինքնամփոփ են ու լռակյաց: Լինելով հենց այդ աշխարհի ներկայացուցիչ, համաձա՞յն եք սույն կարծիքի հետ:

Ն. Համբարձումյան- Շփումն, իհարկե, կարևոր երևույթ է, քանի որ փոխանցման պրոցեսի միջոցով պարտադիր ինչ-որ մի բան հաղորդում ես ու ինչ-որ բան էլ ստանում, բայց չպետք է մոռանալ` սահմանի խախտումը գրեթե միշտ հասցնում է անցանկալի հետևանքների:
Շփումների մեջ հաճախ կորցնում ես ներքին էներգիադ, խճճում մտքերդ, ցրում կենսական լիցքերդ: Գոյություն ունի հոգու, այսպես կոչված, «փակ տարածք», որի տիրույթում ստեղծագորոծում ես ու երբ այնտեղ լռակյաց ու ինքնամփոփ չես, ակամա զգում ես տիեզերական «բաց» խոռոչը, որում կորցնում ես մասնիկները այն նույն էներգիայի, որի մասին հենց խոսում եմ:

Ինքս խուսափում եմ շատ հանդիպումներից, հրավերներից, գնում եմ միայն այնտեղ, որտեղ հոգևոր դրական լիցքեր եմ ստանում: Թեպետ հակառակն էլ է պատահում: Այդ ժամանակ արդեն սովորում ես մաքրել քեզ ամենատարբեր «մանրէներից», քո ներքին կատարսիսը անպայման հասնում է օգնության: Կարծում եմ շատերը գիտեն այդ մասին, բայց քչերն են խոստովանում, ամեն ինչ էլ ժամանակի ընթացքում ես սովորում , սովորում ես… ուղղակի ապրել…

_ Շատ գրողներ ստեղծագործում են ոգեշնչվելով այլ գրողների վեպերից , բանաստեղծություններից, կա ձեզ համար մեկը, հայ կամ համաշխարհային գրականությունից, ում գրվածքները Ձեզ ստեղծագործելու միտք են տալիս:

Ն. Համբարձումյան- Չեմ ասի, թե կա մի գրող, ում ընթերցելուց հետո, պարտադիր ստեղծագործում եմ, բայց եթե գիրք կարդում ես, ուրեմն առնչվում ես նաև տվյալ երևույթին: Դա նաև քո մեջ ձևավորած ընթերցման ներքին մշակույթի արդյունք է, ինձ թվում է, այն առկա է բոլոր գրողների կյանքում:
Կարևոր է հատկապես ընթերցանության պրոցեսի ձևավորման խնդիրը: Բոլորն ստեղծագործողներն էլ լիցքեր ստանում են որևէ հեղինակից, ավելի ճիշտ ունեն իրենց սիրելի գրողը, ում ԶԳՈՒՄ են: Ոգեշնչման խմորման ազդակները շատ հաճախ տիեզերական որևէ միջ – ոլորտի ու այդ գրքի միջև են ձևավորվում:

– Ուրեմն պիտի խնդրենք բացահայտել ձեր գաղտնիքը, այն անուները , ովքեր ոգեշնչել ու ոգեշնչում են ձեզ:

Ն. Համբարձումյան- Իհարկե, կասեմ անուներ. շատ սիրում եմ ժամանակակից արձակագիր Վարուժան Այվազյանի արձակը, հատկապես վերջին` «Պատմություն Մեծն Կովկասի» վեպը, որ 2010-ին տպագրվեց «Գարուն» գրական – մշակութային հանդեսի 9-10, 11-12 –րդ համարներում, նրա էսսեները, Հենրիկ Էդոյանի պոեզիան, ի դեպ բոլորովին վերջերս լույս է տեսել է նրա բանաստեղծությունների երկհատորյակը, Հակոբ Մովսեսի չափազանց ինքնատիպ պոեզիան,
համաշխարհային գրականությունից` Էմիլի Դիկենսոն, Խորխե Լուիս Բորխես, Պաբլո Ներուդա, Խուլիո Կորտասար, Ալբեր Քամյու, Դոստոևսկի, Ումբերտո Էկո, Ջեյմս Ջոյս, ում «Ուլիսես» վեպը Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ` արդեն երեք ամիս է, ինչ կարող եք վայելել հայերեն, այն մեծ իրադարձություն է թարգմանական մշակույթ ու դպրոց չունեցող մեր ժողովրդի համար…

_Պատահե՞լ է, որ երկար ժամանակ ապրեք ձեր նշած հեղինակների ստեղծագործությունների հերոսների կյանքով:

Ն. Համբարձումյան- Ձեր տված հարցում ավելի շուտ ընթերցման խնդրի, ընթերցման պրոբլեմի շեշտադրում եմ զգում: Գոյություն չունի որևէ միջոց, որը մեզ կօգնի կողմնորոշվել` ինչպես ընթերցել, ուստի շատ դեպքերում գրողը տեքստն օգտագործում է որպես սեփական զգացմունքներն արտահայտելու միջոց միայն, որի օգնությամբ «էմպիրիկ հեղինակ» – «էմպիրիկ ընթերցող» եզրերը դառնում են հավասարարժեք:
Մասսայական գրականության պահանջարկն էլ` միլիոնավոր տպաքանակով ու բազմաթիվ լեզուներով, ստեղծում է «հեղինակի մահը» (Բարտ) իրողության ունիվերսալացումը, ուստի երևան է գալիս միամիտ ընթերցող (Հեսսե), ընթերցող – արտույտ (Կորտասար) ըմբռնումը:
Ընթերցողն ուղեկցում է երկի հերոսին մինչև վերջ բոլոր դրվագներում և շարունակում ապրել` նույնացնելով իր հետ, տեսնելով սեփական արտացոլանքը: Ես չունեմ այդ խնդիրը, մյուս կողմից` ապահովագրված չէ ոչ ոք, բոլորն էլ ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել այդ պտույտի շրջանակում:
Դատելով այսօրվա գրականության հատկանիշներից, ասեմ, որ պոստմոդեռնը դեռևս ժխտում է ամեն ինչ, նույնիսկ ես-ը, քնարական հերոսին և այլն… ստացվում է` մարդն անդեմ է, մյուս կողմից էլ ` քնարական ես-ի գոյությունը ժխտելն անհնար է. քանի որ բանաստեղծությանդ հերոսը ինքդ ես, և դու միևնույն է` շարունակում ես ապրել քո կյանքով:

_ Որոշ քննադատներ պնդում են թե 21-րդ դարի գրականությունը «ասֆալտային» գրականութնուն է: Ի՞նչ եք կարծում այս մասին:

Ն. Համբարձումյան- 21-րդ դարի մարդը ամեն բան անում է, որպեսզի չկորցնի հոգու տիրույթը: Իհարկե, գիտակից մարդը: Համաձայն եմ, զգացմունքայնությունը կարծես դուրս է մղվել բանաստեղծությունից, կա չորություն, ու ենթագիտակցությունը կարծես «սնվում» է առավել «բանականություն – զգայականություն – գիտակցություն» տիրույթից, հետո ինչ կլինի` չգիտեմ:
Որքան էլ չընդունենք հանգավոր տողը, վանկը, կամ չափը (դրանք պոետիկական հարցեր են) ու որքան էլ ասենք, թե գրականությունը գնում է դեպի հոմոսեքսուալություն, հետերոսեքսուալություն և այդ կարգի այլ «բաց» գրականություն, կամ միտում է դեպի ավելի պարզ, էսսեի ժանրը, դեպի վարդագույն վեպերը, որքան էլ մարդիկ վազեն ամեն տեսակ շոուների հետևից, միևնույնն է, իսկական գրականությունը մշտապես կրելու է ավանդույթը, ու իսկական տողի ընթերցողն էլ մշտապես մնալու է հավատարիմ իր տողին, իր էջին:

_Ինչո՞վ կբացատրեք, որ հայ գրականության մեջ այդքան քիչ են կին գրողները:

Ն. Համբարձումյան- Իրականում նրանք քիչ չեն, եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ շատերն են ստեղծագործում, սակայն դա ապահովում է միայն գրականության զարգացման հարակից փուլերը, և իրականում քիչ անուններ կան, որ մնում են հայ պոեզիայի կամ արձակի պատմության մեջ:
Շատ են ժամանակակից բանաստեղծուհիները կամ արձակագիրները, սակայն վանում է նրանց` պոեզիա բերած «լվացքի պարաններն ու տաշտերը», ծեծված սիրո արտացոլումը բանաստեղծական տողում և այդ կարգի մի շարք երևույթներ:
Նույն պատկերը արձակի տիրույթում է, գրում են քիչ միֆականացված սովորական պատմություններ, ընթերցումից հետո տարօրինակ զգացում ես ապրում. երբ տրոհում ես այն բարակ ուղին, որ միավորել էր միտքը, զգում ես, որ մնաց միայն բամբասանքների հատույթավոր շղթան, որն իրականում տվյալ գրողի կենցաղի մի մասն է կազմում:
Իսկ ընդհանրապես, 21-րդ դարի կինը ֆենոմենալ հնարավորություններ ունի, շատ ունիվերսալ է, ունի մեծ ներուժ, և այդ ներուժը ի վիճակի է իրականացնել բոլոր բնագավառներում` քաղաքականությունից մինչև գրականություն` տղամարդուն հավասար, պարզապես համապատասխան գիտակցություն ու զարգացվածություն է պետք:

_ Իսկ վերջու՞մ:

Ն. Համբարձումյան- Ես վերջակետ չեմ սիրում,
Ավարտը միշտ Աստծո գործն է…

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Արմեն Մկրտչյան: Ոչ միայն բլոգեր

Սուսի Միսակյան

Մարտին Յորգանցը համերգներով կլինի Հայաստանում: Հարցազրույց ֆրանսահայ անվանի արտիստի հետ

admin

«Մաշկս Սպիտակ է ու ՄԱՔՍիմում արագություն եմ սիրում». Բելի Մաքս

Սուսի Միսակյան